ՍԴ նախագահը, իմ կարծիքով, վաղուց պետք է հրաժարական տար: Նա պիտի ասեր՝ «Սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, ես այս աթոռին եմ նստել որպես որոշակի քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինչն ինքնին, իհարկե, սխալ է, բայց այդպես է ստացվել: Այդ թիմը հեռացել է, ես էլ նրանց հետ եմ հեռանում»: (Ի դեպ, նույն տրամաբանությամբ Վահե Գրիգորյանը չպիտի դառնար ՍԴ անդամ): Հրայր Թովմասյանը, սակայն, չգնաց, եւ նրանից ազատվելը դարձավ ներկայիս իշխանության առաջնահերթ խնդիրներից մեկը:
Նախ՝ ՍԴ անդամներին առաջարկվեց գնալ թոշակի, եւ եթե դա անեին մինչեւ սեպտեմբեր, խոստացվել էր, որ նրանց աշխատավարձը կպահպանվի: ՍԴ անդամները չգայթակղվեցին այդ հնարավորությամբ: Սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն ընդունեց իսկապես վիճահարույց մի որոշում Քոչարյանի հայցի հիման վրա, եւ դա խիստ վրդովեցրեց իշխանությանն ու նրա երկրպագուներին:
Այժմ Հրայր Թովմասյանին ուզում են «հանել», ըստ էության, ԱԺ որոշմամբ, որը դարձյալ վիճելի է իրավական տեսանկյունից: Իշխանության տրամադրությունը լավագույնս արտահայտել է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը՝ հենց որ իշխող կուսակցությունը սկսի որեւէ պաշտոնյայի պաշտոնանկության գործընթաց կամ նույնիսկ ակնարկի դրա մասին, այդ պաշտոնյան անհապաղ պետք է հրաժարական տա: Այսինքն՝ առաջ պաշտոն ստանալու համար պետք էր անցնել Մելիք-Ադամյան փողոցով, հիմա պաշտոն ստանալու կամ պաշտոնից զրկվելու հարցը պիտի որոշվի Սայաթ-Նովա փողոցո՞ւմ՝ այնտեղ է գտնվում հերթական իշխող կուսակցության «կենտկոմը»:
…Տարիներ առաջ հարցազրույց էի վերցնում Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Բաբկեն Արարքցյանից (վերջերս լրացել է նրա 75-ամյակը՝ միանում եմ շնորհավորանքներին): Խոսք գնաց 1991 թվականի անկախության հանրաքվեի մասին՝ ինչո՞ւ էր Հայաստանը, ի տարբերություն, ասենք, Վրաստանի, Խորհրդային Միությունից դուրս գալիս այնքան մանրակրկիտ հետեւում ԽՍՀՄ սահմանադրության տառին: Իմ զրուցակիցը նախ բերեց մարտավարական պատճառներ՝ կապված Արցախյան խնդրի հետ, իսկ այնուհետեւ ավելացրեց, որ կա եւս մի շատ կարեւոր հանգամանք՝ գործընթացը պետք է իրավական առումով իդեալական լինի, որպեսզի 10, 20, 50 տարի հետո ոչ ոքի մտքով չանցնի այն վիճարկել: Արարքցյանը որպես օրինակ բերեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը, որը Խորհրդային միության եւ Ֆաշիստական Գերմանիայի միջեւ կնքվել էր 1939 թվականին, իսկ ուղիղ 50 տարի անց՝ 1989 թվականին, նույն Խորհրդային միության ժողովրդական պատգամավորների համագումարը դատապարտեց պայմանագրի գաղտնի արձանագրությունները, որոնցով Բալթյան երկրները եւ Բեսարաբիան մտել էին ԽՍՀՄ կազմի մեջ: ԱԺ նախագահի եզրակացությունն այն էր, որ պետական կյանքում չի կարելի ապրել միայն այս պահով կամ տեսանելի ապագայով: Այս առումով Հայաստանի անկախությունը հուսալիորեն պաշտպանված է:
Կարդացեք նաև
ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայինով» փոխարինելու խնդիրն իր մասշտաբով չես համեմատի Հայաստանի անկախության հետ (ինչպես նաեւ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի): Բայց երբ որոշում է ընդունվում զուտ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, դատարանի ինչ-որ վիճահարույց որոշման պատճառով, որը իշխող կուսակցության սրտով չէր, պետք է հաշվի առնել, որ այս իշխող կուսակցությունը, ինչպես եւ նախորդները, ամենեւին էլ հավերժ չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Нам солнца не надо-нам партия светит.
Нам хлеба не надо-работу давай».
«Ешь ананасы, рябчиков жуй,
день твой последний приходит, буржуй».