Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծը, իսկ ավելի ճիշտ՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կառավարության նիստում հավանություն ստանալուց հետո բավականին քննադատվեց: Շատերը կարծիք հայտնեցին, որ դա հիմք է տալու իրավապահ մարմիններին, այսպես ասած, տեղի-անտեղի, կամայական գործողություններով ցանկացած անձի բանկային գաղտնիքը բացահայտել:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն «Առավոտի» հետ զրույցում նկատում է՝ նման անհիմն եւ միակողմանի կարծիքները կարող են լուրջ հետեւանք թողնել ո՛չ միայն բանկային համակարգի, այլեւ ամբողջ տնտեսության վրա:
«Ես կարդում եմ կարծիքներ, որոնք չեն բխում օրենքի նախագծի իմաստից, ակնհայտ է, ոմանք չեն էլ կարդացել նախագիծը, ուղղակի կարծիք են հայտնում: Բանը հասել է նրան, որ ոչ տնտեսագետներն են մեկնաբանում: Կարծես դրական կարծիքի, այս նախագծի վերաբերյալ, չեմ հանդիպել»,-ասում է տնտեսագետը: Ինքն, ընդհանուր առմամբ, նախագիծը դրական է գնահատում:
Երեկ վարչապետ Փաշինյանն ասուլիսին այս նախագծի մասին ասել է. «Աղմուկ էլ թող չբարձրացնեն, այդ օրենքն ընդունվելու է: Կոռումպացված փողերը հետ են բերվելու պետական բյուջե»:
Կարդացեք նաև
Մանասերյանի կարծիքով՝ այս նախագծի վերաբերյալ պետք է ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեն, եւ այն անձինք, որոնք հետագայում, օրենքն ընդունվելուց հետո կրելու են դրա անմիջական փոփոխությունն ու ազդեցությունը. «Հենց նրանց կարծիքն է կարեւոր: Իսկ իմ կարծիքով՝ նախագիծը պահպանում է բանկային գաղտնիքը, որովհետեւ ազգային օրենսդրությունն այդպես հեշտությամբ չի կարող արմատապես փոխվել: Կան միջազգային նորմեր, ՀՀ-ն անդամակցում է միջազգային մի շարք կառույցներին եւ բավականին հստակ շրջանակ է ուրվագծված, այդ թվում՝ բանկային գաղտնիքի վերաբերյալ: Որեւէ երկիր միակողմանի չի կարող դրանք ոտնահարել: Թեեւ ազգային օրենսդրությունը շատ կարեւոր է, գերակա նշանակություն ունի, բայց եթե մենք ստանձնել ենք միջազգային պարտավորություններ, ապա չենք կարող (բաց տնտեսություն է, բաց համակարգ, խաղի կանոններ կան հատկապես ֆինանսական համակարգում) հաշվի չառնենք դրանք»:
Տնտեսագետը փարատում է մտահոգությունները՝ նախագծով սահմանվում է՝ բանկային գաղտնիքի գաղտնազերծումը պետք է լինի միմիայն դատարանի որոշմամբ, որն էլ իր հերթին պետք է լինի ծանրակշիռ փաստարկներով, հիմնավորումներով, ոչ թե կամայական. «Եվ դատարանի որոշումը կամ քննարկումը, ընդհանրապես, առանց ՀՀ գլխավոր դատախազի կամ առանձին դեպքերում նրա տեղակալի միջնորդության, բացառվում է, եւ ես չեմ կարծում, որ գլխավոր դատախազը կամ տեղակալը կարող են կամայական սանկցիաներ իջեցնել, միջնորդություն անել դատարաններում այս կամ այն բանկային գաղտնիքի գաղտնազերծման համար: Անգամ եթե դատարանը որոշում կայացնի, անձն իրավունք ունի բողոքարկելու մինչեւ ՄԻԵԴ: Ստալինյան ժամանակի եռյակի որոշումները չեն՝ այստեղ ասացին՝ այնտեղ կատարվեց»:
Տնտեսագետն առաջարկում է՝ եթե մտահոգություններ կան, ապա շահագրգիռ կողմերի, փորձագետների, տնտեսագետների մասնագիտական լայն խավերի հետ մեկտեղ լուրջ քննարկումներ արվեն, որի արդյունքում, ծանրակշիռ փաստարկներ բերելով, նախագիծը կշահի. «Մանավանդ, ինքնին խոսակցություններն արդեն կարող են բացասական ազդեցություն թողնել ամբողջ ֆինանսական համակարգի վրա: Շշուկներն այդ զգայուն համակարգը կարող են տանել ապակայունացման»:
Մանասերյանի կարծիքով՝ նախագիծը պետք է միտված լինի, եւ դրա հիմքերը կան, պահպանելու հավասարակշռությունը, որը պետք է լինի ե՛ւ բանկային գաղտնիքի պաշտպանությունը, ե՛ւ հանրային շահը, ե՛ւ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Մասնագետը հիշեցնում է՝ նախագծի մշակումն ու ընդունումը բխում է հենց կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունից. «Կոնկրետ օրինակներ կան, ամեն օր նոր տեղեկություններ են հայտնում կոռուպցիոն գործարքների եւ սխեմաների, շորթումների մասին: Մենք պետք է բարելավենք համակարգը, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության կանչել ե՛ւ այն անձանց, որոնք ներգրավված են, ե՛ւ այն անձանց, ում միջոցով եղել է: Սա բարդ գործընթաց է, գուցե կարիք լինի ավելի կատարելագործել նախագիծը»:
Մանասերյանն ուսումնասիրել է ՀՀ-ի հետ համադրելի երկրների փորձը, ասում է՝ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի փորձն ու հաջողության օրինակներով, պարզ է, որ օրենքը թույլ է տալիս որոշակի հսկողության պայմաններում, չխախտելով անմեղության կանխավարկածը, գնալ պետության եւ հանրային շահերի պաշտպանությանն ու կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել ավելի արդյունավետ:
Մեր հարցին՝ արդյոք այս օրենքն, ի վերջո, գործիք է լինելու նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ առնչություն ունեցող անձանց կոռուպցիոն գործարքներն ավելի արագ եւ հեշտ բացահայտելու, մենք ականատես ենք լինում, երբ հայտարարվում են այդ նախկին պաշտոնյաների կասկածելի հարստացման, քրեական գործ հարուցելուն, բայց որեւէ հանգուցալուծում չեն ստանում, Մանասերյանը պատասխանեց. «Նախորդ իշխանությունների օրոք այնքան կատարելագործվել են այդ սխեմաները, որ դրա դեմ պայքարը հին մեթոդներով արդյունավետ չի կարող լինի: Միամտություն է կարծել, որ նրանք իրենց անունով պետք է անեին գործարքները: Այստեղ ոչ ստանդարտ մոտեցումներ են պետք, ուստի պետք է օրինապաշտ լինենք ու օրենքի սահմաներում գործենք, եւ ոչ թե անձնավորված եւ կամայական»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2019