«Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 14-ի` «Քաղաքացին հաղթեց քաղաքապետարանին» հրապարակման առնչությամբ, Նոր Նորքի վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը «Առավոտին» որոշ պարզաբանումներ ներկայացրեց:
Ըստ պարոն Օհանյանի, նյութում նշված այն տեղեկությունը, որ իր վստահորդ Դավիթ Ահարոնյանը մտածում է` դիմե՞լ դրամական փոխհատուցում պահանջելու Երեւանի քաղաքապետարանից, թե` ոչ, որպես քանդված աշխատանքների համար պատճառված վնաս, իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով, «Դավիթ Ահարոնյանը բացարձակապես մտադրություն չունի փոխհատուցում պահանջելու` անկախ նրանից, թե ինչ իրավական հիմքեր կստեղծվեն հետագայում կամ չեն ստեղծվի»:
Նշենք, որ խոսքը մասնավորապես` վերաբերում է նշյալ հասցեում կառուցված ինքնակամ շինարարությանը, որի մի մասը, որը գտնվում է համայնքային հողի վրա, մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետի որոշմամբ քանդվել է:
Արմեն Օհանյանի խոսքով. «Ներկայումս մեր եւ քաղաքապետարանի միջեւ դատարանում գտնվում է դատական վեճ, որով վիճարկվում է բացառապես քանդման որոշումը, որով Երեւանի քաղաքապետարանը որոշում էր կայացրել շինությունը քանդելու վերաբերյալ, որով, դեռեւս վերջնական դատական ակտ չունենք: Առկա է վարչական դատարանի ակտ, որը Երեւանի քաղաքապետարանի կողմից բողոքարկվել է վարչական վերաքննիչ դատարան եւ գտնվում է տվյալ ատյանում: Այսինքն` մենք կոնկրետ այս պահի դրությամբ չունենք վերջնական ուժի մեջ մտած դատական ակտ, բայց անկախ այդ գործի ելքից, արդյոք կստեղծվեն իրավական հիմնավորումներ թե չեն ստեղծվի, իմ վստահորդի դիրքորոշումը հստակ է, որ չի պահանջելու վնասի փոխհատուցում` կապված իր ինքնակամ շինությունը քանդելու հետ, դա միանշանակ է»:
Կարդացեք նաև
Արմեն Օհանյանը նաեւ հավելեց` «Նշեմ, որ այս ընթացքում, երբ այդ քանդման աշխատանքները տեղի ունեցան, դրանից հետո իմ վստահորդը մի քանի անգամ տարբեր առիթներով դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ հաճելիորեն զարմացած էինք, որ Երեւանի քաղաքապետարանը կողմերի միջեւ եղած վեճը չի կապել այլ շինթույլտվությունների տրամադրման դիմումների վարույթների հետ: Թե՛ պարոն Մեսչյանը, թե՛ պարոն Հայկ Մարությանը, թե՛ մյուս պաշտոնյաները տարբերակել են դրանք, գնացել են ընդառաջ եւ իմ վստահորդ Դավիթ Ահարոնյանին այս ընթացքում տրամադրել են շինթույլտվություններ, ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, նախագծման թույլտվություններ եւ քաղաքաշինական մի շարք փաստաթղթեր, որոնք պահանջել է իմ վստահորդը»:
Հրապարակման առնչությամբ հիմնավորումներ ներկայացրեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը:
«Կառուցապատող Դավիթ Ահարոնյանի կողմից բողոքարկվել է Երեւանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345Ա որոշումը, որը քանդման որոշում է: Այս պահին դեռ դատական ակտը օրինական ուժի մեջ չի մտել, դրա համար այդ առիթով չեմ ուզում որեւէ իրավական գնահատական տալ, բայց ուզում եմ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 12-ին իրականացրած քանդումը իրականացրել է ոչ այդ որոշման հիման վրա: Առկա է 12.11.2018 թվականի Երեւանի քաղաքապետի կողմից ընդունված համար 3395 որոշումը, որի հիման վրա նոյեմբերի 12-ին իրականացվել են քանդման աշխատանքներ, որն այս պահին որեւէ կերպ դատական կարգով չի բողոքարկվել եւ նյութում նշված դատական ակտը վերաբերում է իմ կողմից նշված ամսի 29-ի որոշմանը: Այսինքն` քանդման աշխատանքների իրականացրած որոշումը չի բողոքարկվել եւ դա դրան չի վերաբերում»:
Ըստ պարոն Խոջոյանի, իրենք նախկինում էլ պարզաբանումներ են ներկայացրել, որ քաղաքապետի կողմից ընդունված որոշումն իրավաչափ է. «Մենք նշել էինք, որ որոշումն ընդունվել է Երեւան համայնքին պատկանող հողամասի վրա իրականացրած ինքնակամ շինության նկատմամբ, որի վերաբերյալ առկա որոշման հիման վրա էլ արդեն քանդման աշխատանքներն իրականացվել են»:
«Առավոտ» օրաթերթ
17.09.2019