Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆարմանյանին կալանավորելու մասին որոշման հիմքում դրվել են մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու եւ քննությունից թաքնվելու մտավախությունները»

Սեպտեմբեր 18,2019 13:00

«Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դիմած փաստաբան Լիանա Բալյանը


Օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչը դիմել էր Սարգիս Ֆարմանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Ինչպես տեղեկացրել ենք, նա անցնում էր Էդգար Գյուլազյանի սպանության գործով, որպես օժանդակող:

Այս գործի նախաքննությանն անդրադարձել ենք, մասնավորապես այն կապված էր մինչ օրս հետախուզման մեջ գտնվող գործարար, գազալցակայանների, սպասարկման մի շարք օբյեկտների տեր, «Ռուբ Ռուս» ֆիրմայի հիմնադիր, գյումրեցի Ռուբեն Սարգսյանի անվան հետ, անդրադարձել ենք սպանվածի կնոջ՝ «Առավոտին» հայտնածին («Սպանության գործով հետախուզվողն «Առավոտի» հետ զրույցում չի ընդունում իրեն մեղսագրվածը» 22/08/2019թ. եւ՝ «Օրերից մի օր էլ կարող է իմ եւ երեխայիս գլուխը ուտեն ու ես ուզում եմ, որ մեղավոր մարդիկ պատասխան տան». տուժողի իրավահաջորդ, 06.09.2019):

«Շաք» մականունով հայտնի Սարգիսի հետ կալանավորված է կին՝ երեք մանկահասակ երեխաների մայր Նարե Ներսիսյանը: Սարգիսի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լիանա Բալյանը, Նարեինը՝ Արա Պապիկյանը:

Նախաքննության վարկածներից մեկն այն է, որ «Ուդի» մականունով հայտնի գործարարը՝ Ռուբեն Սարգսյանը, առեւանգման գործով նստած լինելու ժամանակ ծանոթացել է Սարգիսի հետ, վերջինս իմացել է նրա կողմից Էդգարից վրեժ լուծելու մտադրության մասին: Էդգարը, ըստ նախաքննության վարկածի, սպանվել է մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու ու թմրանյութային գերդոզավորում ձեւացնելու եղանակով:

Դատարանը եւս երկու ամսով երկարացրել է Սարգիսի կալանքի ժամկետը՝ մինչեւ նոյեմբերի 2-ը:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ նրա մայրը՝ Արմինե Ֆարմանյանն ասաց, որ Սարգիսն ունի երկու անչափահաս երեխա, նա չի ընդունել իրեն առաջադրվածը:

«Վեց ամիս է՝ չեն թողնում տղայիս տեսնել»,-ասում է տիկին Արմինեն, իսկ փաստաբան Ա. Պապիկյանն «Աrավոտին» ասում է, որ իր պաշտպանյալ՝ Նարեին թույլ չեն տվել տեսակցել երեք երեխաների հետ: Նարեն Աբովյանի բուժկենտրոնից նոր է դուրս գրվել, եւ երկու փոքրիկի հետ թույլատրել են հանդիպել:

Նարեն չի ճանաչում սպանվածին, եւ Ա. Պապիկյանն ասում է, որ քննիչը, այս գործով պատասխանատու անձինք պատասխան են տալու իրենց անօրինական քայլերի՝ մեղադրանքի համար. «Նարեն ոչ միայն ցուցմունք չի տվել, ոչ միայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այլ զարմանքով է ընդունել սպանություն՝ շահադիտական եղանակով մեղադրանքը՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 2-րդ մասով»: Նարեն անցնում է՝ որպես կատարող:

Արմինե Ֆարմանյանը դիմել է գլխավոր դատախազին՝ տուժողի կնոջ՝ Շուշանիկ Ալեքսանյանի «Առավոտին» տված հարցազրույցի կապակցությամբ: Վերջինն ասել էր. «Դե, դեպքից հետո այնքան էին տանում-բերում ու չհաշված, որ մի հարցը տարբեր ձեւերով տալիս էին, որ 7 ժամ այդտեղ պահեին, որի իրավունքը չունեին: Ու չհաշված, որ ինձ ասում էին, որ ես կաշառված եմ կամ ինձ սպառնացել են: Ես երբեք չեմ կաշառվում. իրենք են ինձ առաջարկում գումար, որ համագործակցեմ իրենց հետ՝ կեղծ վկայություն տալու համար ու մի բան էլ այսօրվա դրությամբ, որ ամուսնուս գլուխը կերան, օրերից մի օր էլ կարող է իմ ու երեխայիս գլուխը ուտեն, ու ես ուզում եմ, որ մեղավոր մարդիկ պատասխան տան, ոչ թե ասեն` գրե, եթե իրականում այդ այդպես չէ»: «Կարդալով սույն հոդվածը եւ տուժողի իրավահաջորդի հայտարարությունը, որ նախաքննական մարմինը փաստորեն գումար է առաջարկել, որ համագործակցի, ցուցմունք տա Ռուբեն Սարգսյանի վրա: Մեր մոտ կասկածներ է առաջացել եւ մտավախություն կա, որ փաստորեն ամբողջ գործը կառուցվել է նույն սցենարով՝ Սարգիս Ֆարմանյանին անհիմն մեղադրանքներ առաջադրելով, քանի որ սույն գործը կառուցվել էր Արտակ Ոսկանյանի ցուցմունքի հիման վրա, որին ձերբակալել էին թմրանյութ վաճառելու համար եւ որը, որպեսզի իրեն չկալանավորեն եւ մեղմ վերաբերվեն, տվել է տարբեր, հակասական ցուցմունքներ»,-նշել էր կալանավորվածի մայրը: Նա պահանջում է ստուգել Շ. Ալեքսանյանի հայտարարությունը եւ հարուցել քրեական գործ:

Այս հարցազրույցի կապակցությամբ քննչական մարմին, դատախազին է դիմելու նաեւ Արա Պապիկյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դիմած փաստաբան Լիանա Բալյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Ֆարմանյանին կալանավորելու մասին որոշման հիմքում դրվել են մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու եւ քննությունից թաքնվելու մտավախությունները: Նույնիսկ եթե նման մտավախությունները եղել են իրական, ապա անգամ այդ պայմաններում ԵԴ նախադեպային իրավունքի համաձայն, կարող է ազատ արձակվել կալանքից, եթե կներկայացնի համապատասխան երաշխիքներ՝ քննությանը ներկայանալու եւ պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար»:

Ըստ հարազատների, իրենք կարող են Սարգսի համար գրավ մուծել դատարանի սահմանված չափով՝ դատարանի բոլոր կասկածները փարատելու համար:

Նախաքննական մարմնին տեղեկացվել է, որ Սարգիսն ունի մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ Երեւանյան կոչվող հիվանդություն, հաճախակի ունենում է ցնցումներ, ունի բժշկի մշտական հսկողության կարիք:

Տառապում է լյարդի, երիկամների, լեղապարկի հիվանդությամբ:

Մեկ այլ պաշտոնական փաստաթղթով էլ տեղեկացվել է, որ Սարգիսը որպես կամավորական մասնակցել է ապրիլյան պատերազմին, նախկին ՊՆ նախարար Ս. Օհանյանի կողմից ստացել է շնորհակալագիր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարում՝ տուժողն է

«Առավոտ» օրաթերթ
17.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30