Սոցցանցերից տեղեկանում ենք, որ բալետի երիտասարդ հայ երկու արտիստ՝ Գրիգոր Զաքյանն ու Գեւորգ Խաչատրյանը, մեծ հաջողություններ են գրանցում ամերիկյան բալետում: Նրանց մենք մտաբերեցինք Ազգային օպերային թատրոնից. արտիստները կարճ ժամանակահատված են բեմ դուրս եկել՝ շուրջ մեկուկես տարի եւ երբեք հանդես չեն եկել մենապարերով: 2018թ. աշնանն էլ երիտասարդական մշակութային փոխանակման ծրագրով մեկնել են ԱՄՆ:
Կապվեցինք Գրիգոր Զաքյանի հետ: Հաստատելով ասվածը, նա մանրամասնեց. «Ես եւ Գեւորգը ուսանել ենք Երեւանի պարարվեստի քոլեջում, ճանաչված բալետի արտիստ, խորեոգրաֆ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: Հետո ընդունվել ենք օպերային թատրոն, սակայն չհասցրինք ներկայանալ մենապարերով: Շուրջ մեկ տարի առաջ հրավեր ստացանք ամերիկյան Rotary International-ի կողմից՝ մասնակցելու երիտասարդական մշակութային փոխանակման 4-ամսյա ծրագրի, որի շրջանակներում ելույթներ ենք ունեցել Կալիֆոռնիայի, Թենեսիի, Օհայոյի, Արիզոնայի, Ֆլորիդայի, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի, Ջորջիայի նահանգներում եւ Վաշինգտոնում: Այդ բեմելներին հետեւեց Հարավային Կարոլինայի մեր հայրենակից Նատալյա Իգիթխանյան- Դեյվիսոնի ղեկավարած Artistic Motion School of Arts-ի կողմից կրթաթոշակի եւ կեցության ապահովումը»: Հավելեց նաեւ, որ վարպետության դասերի են հաճախել անվանի այնպիսի դեմքերի մոտ, ինչպիսիք են Վալերի Լանտրատովը, Ֆրանկո Վիտան, Ռայմոնդ Լուկեսը, Քրիստիան Սպիցցոն:
Խնդրեցինք համառոտ ներկայացնել ըստ էության տարեսկզբից մեկնարկած կարիերան: «Փետրվարին Վինսթոն-Սալեմ քաղաքում մասնակցել եմ հեղինակավոր YAGP մրցույթին: Սակայն Նյու Յորքում անցկացվող եզրափակիչ փուլից առաջ ստացած լուրջ վնասվածքի պատճառով չմասնակցեցի վճռորոշ փուլին: Երկու ամիս անց առաջին մրցանակի արժանացա Մեքսիկայում կայացած միջազգային մրցույթում: Վերջերս էլ ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում կայացած դարձյալ միջազգային մրցույթում արժանացա Գրան պրիի, իսկ Գեւորգը՝ առաջին մրցանակի»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը՝ փաստորեն դուք եվրոպաներում եւ ամերիկաներում ձեր գործընկերների օրինակով կշարունակեք կարիերան, Հայաստանում էլ մեկ-մեկ ձեզ կտեսնենք հյուրախաղորդի կարգավիճակով, Գրիգորն առանց մանրամասնելու նախ նշեց, թե ինքը Սանկտ Պետերբուրգից՝ Բորիս Էյֆմանի ղեկավարած թատրոնից ստացել է առաջարկ, ինչը մերժել է, հետո հավելեց. «Ամերիկան նոր-նոր կարիերա սկսող մշակույթի ցանկացած ոլորտի երիտասարդին տալիս է բոլոր հնարավորություններն ու ստեղծում պայմաններ նախ դրսեւորվելու, հետո էլ կայանալու համար: Սա այն հարցն է, որին ես կարող եմ ինձ թույլ տալ պատասխանել արտասահմանում գտնվող յուրաքանչյուր արվեստագետի անունից: Բերեմ իմ եւ Գեւորգի օրինակը. Գրինսբորոյում հայեր չեն բնակվում, փաստորեն այդտեղ բնակվող եւ ամերիկացիները, եւ բնակություն հաստատած այլազգիները, մեր միջոցով են ճանաչում հայերին եւ Հայաստանը: Գուցե վերամբարձ է հնչում, բայց այդ հարցում մենք չափից ավելի պարտավորված ենք զգում: Օրինակ, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունում ներկայացվեցին հայկական խորեոգրաֆիկ պատկերներ, հատվածներ «Գայանե» եւ «Սպարտակ» բալետից, բեմադրություններ՝ իրականացված կոմիտասյան մեղեդիներով՝ Նատալյա Դեյվիսոնի խորեոգրաֆիայով, նրա ղեկավարած դպրոցի սաների եւ մեր մասնակցությամբ»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Գրիգորը հայտնեց, որ առաջիկայում իրենք ունեն միջազգային այլ մրցույթների եւ փառատոների մասնակցելու հրավերներ՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Լատվիայում, Հոնկոնգում, Չինաստանում:
Անդրադարձ եղավ նաեւ բալետի պարողների պարտադիր զինծառայության թեմային: «Մեր կառավարությունը 2018թ. 457-Ն որոշմամբ հնարավորություն է ընձեռում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար եւ, համոզված եմ, որ կոնկրետ արձանագրածս ստեղծագործական հաջողությունները հիմք կհանդիսանան տարկետում ստանալու համար, ինչը հնարավորություն կտա մասնագիտական որակներիս շարունակական բարձրացման եւ, բնականաբար, մեր երկիրը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու համար»,- ասաց Գրիգոր Զաքյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Գրիգոր Զաքյանը և Գեւորգ Խաչատրյանը
«Առավոտ» օրաթերթ
17.09.2019