Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվան դեմ չէր լինի, իսկ Ալիեւն առայժմ հետաքրքրված չէ

Սեպտեմբեր 18,2019 12:00

Ըստ պաշտոնական Երեւանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը բացասական ազդեցություն է ունենում ՀԱՊԿ-ի հեղինակության վրա

Վերջերս Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը: Այն բուռն մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Խորհրդարանն ընդունեց օրինագիծը։

Փոփոխություններից մեկով առաջարկվում էր ՀԱՊԿ-ում այլ պետության դիտորդից բարձր գործընկերոջ կարգավիճակ շնորհել։ Օրինագծի քննարկման ընթացքում որոշ խորհրդարանականներ արտահայտեցին իրենց մտահոգությունը, թե Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ ՀԱՊԿ-ում։ Սակայն իշխանական «Իմ քայլից» պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց, որ Ադրբեջանը չի կարող ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենալ, քանի որ պաշտոնական Երեւանը կազմակերպությունում կոնսենսուս չի ապահովի:

Այս թեմայով քննարկմանն անմիջապես հետեւեց մեկնաբանություն Ռուսաստանից: Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ունենա: Ավելին՝ մեր ռազմավարական դաշնակից պետության փոխվարչապետը՝ Յուրի Բորիսովը նշել էր, թե կազմակերպությունը կողջունի գործակցությունը բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Իհարկե, նա հավելել էր. «Դա միայն Ադրբեջանին չի վերաբերում: ՀԱՊԿ-ը միշտ էլ կողջունի բոլոր հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը: Չէ որ մենք ինչ-որ մի ժամանակ մի ընտանիքի մաս էինք, շատ ընդհանուր բան ունենք: Դա վերաբերում է նաեւ նախկին հանրապետությունների, այսպես ասեմ, զինված ուժերի որոշակի բալանսին՝ մենք շատ հավասարակշռված եւ մտածված քաղաքականություն ենք վարում։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական գործակցությունը ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ, հավատացեք՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության բորբոքմամբ, այլ հակառակը՝ ամեն կերպ կաջակցի, որ այդ հակամարտությունն ավարտվի», – ասաց Ռուսաստանի փոխվարչապետը։

ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին Երեւանում մասնակցած Բորիսովը վստահեցրել էր, որ ՀԱՊԿ-ում որոշումները համատեղ են ընդունվում. «Քննարկումներից հետո եթե նման որոշում ընդունվի, ապա դա կարվի կազմակերպության կանոնակարգին եւ օրենսդրությանը համաձայն»:

Իսկ արդյո՞ք Ադրբեջանը կարող է որեւէ կարգավիճակ ունենալ ՀԱՊԿ-ում։ Երեւանյան նիստին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը նախ նշել էր, որ քարտուղարությունը նման դիմում կամ հայտարարություն չի ստացել, եւ բացի այդ՝ զարմանում է՝ ինչո՞ւ են նման քննարկումներ ծավալվում։ «Բոլոր հայտարարությունները, կամ էլ բոլոր դիմումները՝ ՀԱՊԿ գործընկեր, դիտորդ, անդամ դառնալու վերաբերյալ սահմանված կարգով պետք է ներկայացվեն քարտուղարություն։ Ես որեւէ հայտարարություն Ադրբեջանի կողմից չունեմ կամ նման որեւէ բան»,- ասել էր Վալերի Սեմերիկովը։ Ապա` նա վստահեցրել էր, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդության, գործընկերության, կամ էլ անդամակցության հարցը չի քննարկվել, եւ հետո՝ անդամակցության, գործընկերության դիտորդության եւ այլ հարցերը ՀԱՊԿ-ում ընդունվում են խիստ կոնսենսուսով։ Այսինքն՝ եթե չկա անդամ 6 երկրներից մեկի համաձայնությունը, չի կարող լինել որոշում՝ այս կամ այն երկրի ՀԱՊԿ-ում որեւէ կարգավիճակ տալու վերաբերյալ։

«Այդ հարցը չի քննարկվել։ Ինչո՞ւ ինչ-որ մեկը ամբիոնից արտահայտել է իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը եւ սկսում է այդ հարցը… Հասկանո՞ւմ եք՝ դա ճիշտ չէ։ Կա գործընթացի կանոնակարգ, որը հաստատել են անդամ պետությունների ղեկավարները։ Կան գործընկերոջ եւ դիտորդի պահանջներ, եւ դրանք պետք է պարտադիր կատարվեն։ Եվ միայն դրանից հետո պետք է դիտարկել կազմակերպությունում այլ երկրի անդամակցության կամ գործընկերության, կամ էլ դիտորդության հարցը։ Կարդացեք մեր կայքում, թե ինչ պահանջներ են ներկայացված եւ ամեն ինչ պարզ կլինի», – ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Այսպես, Մոսկվան հստակ նշում է, որ Ադրբեջանը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ կարող է ստանալ ՀԱՊԿ-ում այս դեպքում՝ եթե կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտություն, ապա այն կընդունվի այդ կազմակերպության կանոնադրության, ընթացակարգերի եւ կանոնների համաձայն: Բացի այդ՝ ՀԱՊԿ-ում կողջունեն համագործակցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հետխորհրդային բոլոր երկրների հետ:

Եթե նման հարց այս պահին չի քննարկվում, ամենեւին էլ չի նշանակում, որ մոտ կամ հեռավոր ապագայում այն չի քննարկվելու: Մանավանդ, եթե Մոսկվայի համար դեպքերի նման ընթացքը միանգամայն ցանկալի կլիներ, մի քանի առիթներով տարբեր մակարդակով Մոսկվայից հայտարարել են, որ թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում կցանկանային տեսնել Ադրբեջանին։

Պաշտոնական Երեւանն իր հերթին արձագանքեց ռուս գործընկերների հայտարարությանը: Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են եւ՛ դիտորդի, եւ՛ գործընկերոջ չափանիշները, անցյալ շաբաթ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում։ «Դիտորդի կարգավիճակին հավակնող երկրները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ անդամ բոլոր երկրների հետ։ Մենք հետեւել ենք բոլոր մեկնաբանություններին եւ հնչած տարբեր դիրքորոշումներին, բայց հստակ պետք է արձանագրենք՝ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ, եւ կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։ Ուստի առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, դիրքորոշում, կմնա միայն որպես այդպիսին», – ասել էր Աննա Նաղդալյանը։

Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը խուսափեց էր մեկնաբանել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի վերաբերյալ հարցին, նա սահմանափակվել էր միայն կարճ մեկնաբանությամբ, թե ինքը չէ զենքի վաճառքով զբաղվում։ Այս թեմայով ՀՀ Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ որոշ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը բազմիցս է բարձրաձայնել. «Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակության, այնպես էլ համագործակցության միջավայրի վրա։ Մեր մտահոգությունները լսելի են, կարող եմ դա արձանագրել։ Մենք հետեւողականորեն քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի բացառենք ՀԱՊԿ անդամ պետության կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքը»։

Պաշտոնական Երեւանն, այսպիսով, արձանագրում է, որ Բաքվի մուտքը ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակով անցանկալի է Հայաստանի համար, միաժամանակ, Հայաստանը, կարելի է ասել, կոշտ բնորոշում է անում՝ հստակ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բացասական ազդեցություն է ունենում կառույցի հեղինակության վրա։

Պաշտոնական Բաքուն արձագանքեց ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորությունների թեմային: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւն ասել է. «Ադրբեջանն այս պահին չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին որեւէ ձեւաչափով, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով»: Հաջիեւը ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ՝ «Ադրբեջանը սերտ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, բացառությամբ՝ Հայաստանի»: Նա միեւնույն ժամանակ նշել է, որ «Ադրբեջանը ուշադիր հետեւում է ՀԱՊԿ-ի գործունեությանը եւ կազմակերպությունում քննարկվող հարցերին»:

Այլ կերպ ասած՝ պաշտոնական Բաքուն արձանագրեց, որ այս պահին նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ-ին ինտեգրվելը: Իսկ՝ կարո՞ղ է փոխվել այս իրավիճակը… Ըստ ամենայնի, հնարավոր կլինի պատասխանել այդ հարցին, եթե Ադրբեջանի իշխանությունների համար պարզ լինի, թե ինչի դիմաց են ինտեգրվելու այդ կառույցին։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30