Շիրակի պետական համալսարանում կբացվի արաբերեն լեզվի ուսուցման կենտրոն, բուհի ղեկավարության և Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի հետ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Այս մասին այսօր դեսպանի, դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամիի և ԱՄԷ համալսարանի դոկտոր Համադ բին Սարայի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Նա նշեց նաև, որ բուհի դասախոսները պատրաստ են հայերեն դասավանդել Էմիրությունների այն համալսարանում, որի հետ կկնքեն համագործակցության պայմանագիր։
«Այդ պայմանագիրը իր մեջ ոչ միայն ներառելու է ուսանողների և դասախոսների փոխանակում, այլ նաև կրթական ծրագրերի ու ամենակարևորը՝ հետազոտական աշխատանքների համատեղ իրագործում։ Ինչպես նախորդ այցի ժամանակ պայմանավորվել էինք պարոն դեսպանի հետ, մեր բուհի մեկ ուսանող հրավիրվում է Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարան»-,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Կարդացեք նաև
Այսօր դեսպանը ծանոթացավ նաև այն ուսանողուհուն, որը դեսպանատան ֆինանսավորմամբ պիտի մեկնի Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարան։ Նա Շիրակի պետական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մինասյանն է:
«Աննան կլինի առաջին ծիծեռնակը, որը մեր համալսարանը կներկայացնի Միացյալ Էմիրությունների համալսարաններից որևէ մեկում»,-նշեց Երվանդ Սերոբյանը։
Դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիին էլ իր հերթին հայտարարեց, որ ևս երկու լավագույն ուսանողի կարող են տոմս տրամադրել Արաբական Էմիրությունների համալսարան երեքօրյա այցելություն կատարելու համար։
Դիվանագետը, խոսելով Գյումրիում արաբերենի ուսումնական կենտրոն բացելու մասին, նշեց, որ երեկ եղել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, որտեղ բոլորը, ըստ նրա, տիրապետում են արաբերենի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ