Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որ արձակուրդից հետո երեխայի համար սթրեսային չլինի մուտքը ուսումնական գործընթաց

Սեպտեմբեր 17,2019 23:00

Արձակուրդներից հետո ծնողներին ամենաշատն անհանգստացնող հարցերից է՝ ի՞նչ անել, որ երեխան հնարավորինս հեշտ և սահուն կերպով վերադառնա ուսումնական գործընթացին:

Aravot.am-ի «Մասնագիտությունը մայրիկ» շարքի շրջանակում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կլինիկական հոգեբան Էմմա Արզիևան ծնողներին խորհուրդներ տվեց՝ ինչպես վարվեն, որպեսզի երեխան ավելի հեշտ մտնի ուսումնական գործընթաց:

Հոգեբանն ասաց, որ արձակուրդների վերջում ՝ մոտ 1-1.5 շաբաթ առաջ, ծնողները պետք է սկսեն նախապատրաստել երեխային դպրոցին: Այնուհետև մանրամասնեց. «Իսկապես շատ դժվար է երկար դադարից հետո, երբ ուշ քնել է երեխան, ուշ արթնացել, վերադառնալ խիստ ռեժիմի: Աշնան սկիզբը սթրեսային է թե’ մեծերի, թե’ դպրոցականների համար, քանի որ այն ասոցացվում է դպրոց վերադառնալու, ռեժիմի, պարտականությունների, ծանրաբեռնվածության ու մի շարք այլ դիսթրեսների հետ: Պետք է լինել հանդուրժող երեխայի նկատմամբ, ում ժամանակ է հարկավոր վերականգնել իր ֆիզիկական, հուզական, կամային պատրաստվածությունը` նոր ուսումնական տարվա համար»:

Հոգեբանը թվարկեց մի քանի միջոցներ, որոնք թեթևացնում են արձակուրդային շրջանից դեպի աշխատանք և ուսում անցումը. «Ժամային փոփոխությունը. երեխայի հետ պետք է քննարկել ավելի շուտ քնելու տարբերակը, որպեսզի նա ռեսուրսներ ունենա հաջորդ օրը դիմակայել ծանրաբեռնված ուսումնական գրաֆիկին: Օրվա ճիշտ ռեժիմ գծելը, որը պետք է կազմվի երեխայի հետ համատեղ ու փակցվի իր աչքի առաջ (գրասեղանին, սառնարանին, սենյակի դռանը): Երեխայի հետ ամփոփիչ զրույցն օրվա վերջում, ինչը թույլ կտա թոթափել կուտակված հույզերը, կկանխի բախումներն ու կոնֆլիկտային հարաբերությունները սոցիումում»:

Էմմա Արզիևային խնդրեցին նշել ծնողների կողմից արվող տարածված սխալները, որոնք էլ պատճառ են դառնում, որ ուսումնական տարվա մեկնարկին երեխաները, երբեմն, հաճույքով չեն գնում դպրոց, դժվարանում են տնային հանձնարարությունների պատրաստման հարցում: Ըստ հոգեբանի՝ ամենատարածված սխալը, թերևս, ծնողների կամ ուսուցիչների կողմից հնչեցված պիտակներն են երեխաների հասցեին՝ «ալարկոտ», «ծույլ», «դեռ տարին չի սկսվել, իսկ դու արդեն գլուխ ես պահում», «անպիտան», «էլի ես քո պատճառով պետք է գլուխս կախ քայլեմ» և այլն: Հոգեբանը հավելեց. «Մյուս սխալը ծնողի գերպահանջկոտությունն է, որը շատ հաճախ չի համապատասխանում երեխայի ունակություններին ու հմտություններին: Ծնողը երեխային, չգիտես ինչու, վերագրում է ամենա-ամենա տիտղոսը, և երեխան սկսում է խեղդվել այդ ծանր բեռի տակ` փորձելով ամեն գնով արդարացնել վերջինիս սպասելիքները: Դիրեկտիվ մեթոդի կիրառումը և «պետք է»-ների շարքը:

Ծնողը կամ մանկավարժը սկզբունքորեն չի ուզում զիջել և պահանջում է, որ երեխան աներկբա և պարտադիր կերպով կատարի իր հրահանգը: Եթե կրտսեր դպրոցական տարիքում դա կարող է ինչ-որ տեղ աշխատել ու արդյունավետ թվալ, ապա դեռահասության տարիքում այն կոնֆլիկտի հրահրման ու չհասկացվածության պատճառ է դառնում: Էմպատիայի բացակայությունը, երբ ծնողը կամ ուսուցիչն ընկալվում է որպես վերահսկող ու քննող մեկը, ում պարտադիր գործառույթն է հետևել, որ երեխան չսխալվի, ժամանակին ամեն բան կատարի, չսայթաքի` միևնույն ժամանակ ուշադրություն չդարձնելով հուզական կապին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30