Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյանը կասկածի տակ է առնում Հրայրի Թովմասյանի դեմ «Իմ քայլի» վարույթի իրական նպատակը

Սեպտեմբեր 17,2019 20:20

Փաստաբան Արա Ղազարյանը կասկածի տակ է դնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ անդամներից մեկի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի իրական նպատակը:

Aravot.am-ի հետ զրույցում Արա Ղազարյանն ասաց. «Իրենք հայտարարում են՝ պատճառն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ինչ-ինչ որոշումներ է կայացրել, կամ ընթացակարգային ինչ-ինչ խախտումներ է թույլ տվել: Սա այն է, ինչ փաստաթղթով ներկայացվում է հասարակությանը: Բայց այդ նույն քաղաքական ուժը կամ դրա առանձին ներկայացուցիչներ իրենց ամենատարբեր հանրային ելույթներում նշել են, որ Հրայր Թովմասյանը անցանկալի անձ է: Հիմա հարց՝ ո՞րն է իրական նպատակն այդ վարույթի: Եթե այդ վարույթի իրական նպատակն է ազատվել անցանկալի անձից, սա խտրականություն է իր մեջ պարունակում: Եթե այդ վարույթի նպատակն են, ասենք՝ խախտումները, որոնք թույլ է տրվել, այստեղ կարելի է մտածել, որովհետեւ օրենքի տառը կա: Բայց եթե մենք այդ վարույթը դիտարկենք այն համատեքստում, որովհետեւ համատեքստը նույնպես իրավաբանական կատեգորիա է, եթե իրավական գործընթաց է՝ համատեքստը հաշվի առնում են, եւ եթե վարույթը տեղադրում ենք այն համատեքստում, որը մինչեւ հիմա ներկայացվել է հասարակությանը, որ Հրայր Թովմասյանը անցանկալի անձ է իշխանության համար, սա խտրականություն է, նշանակում է այդ վարույթը ձեւական է, վարույթի նպատակը, որը ներկայացվում է՝ ձեւական է, իսկ իրական նպատակն ուղղակի ազատվելն է նրանից, որովհետեւ նախկին իշխանության ներկայացուցիչ է, այսպես է ներկայացվում: Ուրեմն նպատակն ու միջոցն, այսինքն, ընթացակարգերն ու միջոցը չեն համընկնում: Նշանակում է հարցականի տակ է այդ վարույթի իրավաչափությունը»:

Նկարում ձախից՝ Արտակ Զեյնալյան, աջից՝ Արա Ղազարյան

Ղազարյանը նկատեց՝ կա նաեւ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը, որովհետեւ նպատակն է ազատվել ՍԴ դատավորից զուտ նրա համար, որ նա իշխանության համար անցանկալի անձ է, սա իրավաչափ նպատակ չի հետապնդում:

Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգը. «ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը քաղաքական կարգապահական խախտումն է: Այս գործընթացը կարող է ԱԺ խմբակցությունը սկսել՝ դիմելով ԱԺ նախագահին համապատասխան որոշման նախագծով, որի շուրջ ԱԺ-ն քննարկում է հարցը, գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացնում, դիմում ՍԴ-ին: Վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն: Այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման գործընթաց նախաձեռնելու հիմքեր առկա են պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ: Օրինակ՝ չեն քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումները ՍԴ վերջին որոշման հետ կապված՝ մասնավորապես անհնարինության վերաբերյալ դիմումը: Կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապի առկայությունն է, որը, ըստ էության կարող է կասկածի տակ դնել գործընթացի էությունը: Խոսքը Արամ Օրբելյանի եւ Հրայր Թովմասյանի մասին է: Բոլորը գիտեն, որ Արամ Օրբելյանը եւ Հրայր Թովմասյանը գտնվում են քավոր ու սանիկ հարաբերությունների մեջ, իրենց փոխհարաբերությունների բնույթն է, ինչպես նաև Արամ Օրբելյանի մի շարք հայտարարություններ, որ իրենք գործերը ուղարկելու են ՍԴ, այն պարագայում, երբ գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարաններում»:

Մեր հարցին՝ ի՞նչ կարծիք ունի փաստաբանը այս հիմնավորման մասին, Ղազարյանը պատասխանեց. «Բովանդակային իմաստով հիմքեր չկան, որովհետեւ այստեղ իշխանության տարանջատման սկզբունքն է, եւ եթե այդպիսի միջնորդություն պետք է ներկայացնի, ապա դատավարության կողմը պետք է ներկայացնի: ԱԺ-ին ինչո՞ւ պետք է հետաքրքրի, թե դատավարության կողմերն իրար հետ ինչ-որ կապ ունեն: Բացառությամբ, եթե ԱԺ-ն կողմ է, բայց միայն կոնկրետ վարույթով, կոնկրետ գործի շրջանակներում: Այս իմաստով հիմք ունեն: ԱԺ-ն գուցե հիմք ունի, բայց համատեքստ էլ հաշվի պետք է առնեն՝ իսկապե՞ս դա է նպատակը, թե՞  ձերբազատվելն է նախկին իշխանության ներկայացուցչից, որի մասին այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները բացեիբաց, առանց խորշելու ամիսներ շարունակ հայտարարում են: Նման գործերով համատեքստը նույնպես կարելի է հաշվի առնել՝ իրական նպատակն այն է, ինչ թղթի վրա շարադրվա՞ծ է, թե՞ թաքնված օրակարգ կա: Եթե կա թաքնված օրակարգ, արդեն վարույթի իրավաչափությունը խնդիրն է: Ես չգիտեմ՝ կա՞ թաքնված օրակարգ, թե ոչ, ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ»:

Ղազարյանը նշեց՝ արդեն հրապարակվել են վարույթի հիմքերն ու փաստերը, թե հոդվածով են սկսում գործընթացը. «Մնում է տեսնել՝ եթե դա է, այստեղ օբյեկտիվորեն, այո, եթե իրենք վարույթի կողմ են, սահմանադրական գործով որեւէ գործով վարույթի կողմ են, իրավունք ունեն գործընթաց սկսելու: Բայց այդ դեպքում հրապարակային հայտարարություններում թող զսպվածություն ցուցաբերեն, թող իրենց ներկայացուցիչներին ասեն, որ մի արեք այնպիսի քաղաքական հայտարարություններ, որով քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք կանխակալություն ունեք Հրայր Թովմասյանի նկատմամբ, որովհետեւ նա Հրայր Թովմասյանն է: Մենք տեսնում ենք, ԱԺ պատգամավորները ֆեյսբուք սոցիալական ցանցում, առանց մի պահ մտածելու, որ պատգամավոր են, կոչեր են արձակում՝ Հրայր Թովմասյանին պետք է հանել: Սա նույնիսկ քաղաքական մշակույթ չէ, էլ չեմ ասում օրենքի մասին: Ուրեմն՝ թող զուսպ լինեն, որպեսզի քաղաքացիների մոտ տպավորություն չստեղծվի, որ այն, ինչ իրենք նշում են՝ ձեւականություն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30