Aravot.am-ի տեղեկություններով ՝ ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հոր ծաղկի բիզնեսին առնչվող քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ում: Այն հարուցվել է մոտ մեկ տարի առաջ:
ՊԵԿ-ից մեզ հետ զրույցում հերքեցին, թե Վանեցյանի հոր դեմ քրեական գործ կա հարուցված, իսկ նրա բիզնեսին առնչվող քրեական գործ հարուցված լինել-չլինելու վերաբերյալ տեղեկությունը խոստացան ճշտել եւ տեղեկություններ հայտնել ավելի ուշ:
Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցել է նախկին դատախազ, Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ, պետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:
Պետական վերահսկողության ծառայությունից մեզ հայտնեցին, որ պարոն Քյարամյանն այդ ժամանակահատվածում չի աշխատել դատախազության համակարգում։ Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե Արգիշտի Քյարամյանն ինչ տեղեկություններ ունի այդ քրեական գործից, ինչին ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ այդ տվյալները կարող են հանդիսանալ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են հրապարակվել նախաքննական մարմնի թույլտվությամբ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Քյարամյանը 2016-2018թթ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազությունում` որպես դատախազության դատախազ:
2018թ. հունիսի 8-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ, 2018թ. հուլիսի 10-ից սկսած աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ, 2019թ. փետրվարի 15-ից սկսած աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ, իսկ 2019թ. մարտի 1-ից սկսած աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես ղեկավարի օգնական, ներկայումս պետի ժամանակավոր պաշտոնակատար է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ