Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը որոշում հրապարակեց ու ազատ չարձակեց նրան: Այս որոշմանն արձագանքելով՝ դատարանի առջեւ ցույց անող Քոչարյանի աջակիցները դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, հայտարարեցին. «Դուք կատարում եք իշխանության կամքը, չեք իրականացրել արդարադատություն: Վաղ թե Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով արդարադատությունը ոտնահարած ամեն իրավակիրառ, սկսած էն ընկեր ջան Սասունից, մինչեւ արմենդանիելյանական դատարան, անհատապես պատասխանատվություն են կրելու իրենց կայացրած խայտառակ դատական ակտերի համար»:
Ըստ նրանց, որոշ «պետականադավերի» քմահաճույքը բավարարելու համար են Քոչարյանին նստեցրել մեղադրյալի աթոռին. «Շուրջ 8 ամիս է՝ լկտի ու բացահայտ կերպով շարունակում եք կալանավորած պահել պատերազմ հաղթած, պետականություն կերտած, 2008-ի սահմանադրությունը պահպանած նախագահին: Ամո՛թ բոլորիդ եւ կեցցե՛ Ռոբերտ Քոչարյանը, կեցցե՛ արդարադատությունը: Ո՛չ Նիկոլի, ոչ լեւոնական շուրջ 11 տարի Մարտի 1-ի արյան սակարկողներին թող մեկ պահ նույնիսկ չթվա, որ իրենց քաղաքական ավանտյուրան երկար կյանք է ունենալու: Դուք չե՛ք բռնաբարելու Հայաստանի Հանրապետությունը, ձեզ բռնաբարելու են բոլոր նրանք, ում դուք խաբել եք: Բերել եք էսօր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին էս նիստին, որ հուզական ֆոն ապահովեք, կարողանաք հանրությանը մոլորեցնել, թե այս դատավարությունը պատասխան է տալու Մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքներին, դուք ստում եք, սա անբարո է: Բերել եք մի զանգված կանգնեցրել եք մեր կողքին, ովքեր դըմփ-դըմփ-հու են անում ու վկայակոչում են Մարտի 1-ի զոհերին: Եթե սա նոր Հայաստանն է, ուրեմն ես թքած ունեմ այդ նոր բառի վրա, ես գիտեմ մեկ Հայաստան, որտեղ չեն լինելու քաղբանտարկյալներ, որտեղ զոհերի արյունը չի շահարկվելու որտեղ դատարանները չեն շրջափակվելու»:
Քոչարյանի աջակիցները նաեւ ասում էին, որ ՀՀ դատական իշխանությունում բոլորը «անողնաշար» չեն. «Աննա Դանիբեկյանը արդարադատության խամաճիկն է այսօրվանից. Եթե սա լիներ դատարան, եթե սա լիներ Դավիթ Գրիգորյանը, Ալեքսանդր Ազարյանը, ովքեր չեն ընկրկելու որեւէ իշխանական վայնասունի առջեւ, երեկ ԱԺ ամբիոնից Միրզոյան Արարատը չէր վնգստա, որովհետեւ այլ կերպ օրենսդիր իշխանության վնգստոց ՍԴ-ին կամ դատական իշխանությանը ուղղված, երեկ Նիկոլ Փաշինյանը չէր վնգստա Վանաձորում, այդ վնգստոցների արդյունքում էլ այս դատական ակտն է»:
Դիմելով իշխանություններին՝ Քոչարյանի աջակիցներն ասացին. «Դուք սարսափում եք Քոչարյանից, ձեր հեղափոխությունը սարսափում է Քոչարյանից, որովհետեւ ձեր հեղափոխությունը ունի մեկ նպատակ՝ սատկացնել ՀՀ-ն, ՀՀ ժողովրդի արժեքային համակարգը: Քոչարյանը պատերազմ է հաղթել, երկիր է զարգացրել որեւէ մեկը Հայաստանի հետ չի վարվել այնպես, ինչպես հիմա, որովհետեւ Քոչարյանը երբեք պատասխան պահանջող հայացքով չի նայել, այլ պատասխա՛ն է տվել»:
Կարդացեք նաև
Նրանք նորից վանկարկում էին՝ «Քոչարյան, հերոս» ու ասում. «լեւոնանիկոլական զանգվածը հիմա թող մի քիչ ուրախանա, Ֆեմիդա են բռնաբարում՝ մոռանալով, որ Ֆեմիդայի սուրը ինչ-որ տեղ մտնելու առանձնահատկություն ունի»:
Հարցին՝ ձեր հաջորդ քայլն ի՞նչ է լինելու, նրանք պատասխանեցին, որ հետամուտ են լինելու ՀՀ-ում արդարադատության հաստատմանը, որ ՀՀ-ն իրավական պետություն լինի բովանդակությամբ ու ամեն ինչ անելու են, որ «այս դատավորները» իրավունք չունենան որոշում կայացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ