Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը որոշում հրապարակեց: Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Այս որոշումը մինչեւ այսպես ասած «կմարսեին», դատարանի առջեւ հավաքված Քոչարյանի աջակիցները, միայն դատավոր Աննա Դանիբեկյանի առաջին նախադասությունը լսելով՝ սկսեցին ուրախությունից թռչկոտել, միմյանց գրկախառնվել ու գոռալ՝ «հաղթանակ», սակայն ուրախությունը կարճ տեւեց, քանի որ նկատեցին, որ իրենց կողքին Քոչարյանի դեմ պայքարողները նույնպես խրախճանքի մեջ են: Նրանք գունավոր ծխարձակիչներ էին բաց թողնում, ճայթուցիկներով, պարով ու երգով նշում:
Ավելի ուշ պարզվեց, որ Քոչարյանին դատարանն ազատ չի արձակել ու երկրորդ նախագահի աջակիցներն ապատեղեկացվել էին:
Քոչարյանի դեմ ցույց անողները դատարանի մոտ միացրել էին «Դուխով» երգը ու պարում էին ինքնամոռաց: Մեր տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես է ցուցարարներից մեկն ինչ-որ ճայթուցիկներ բերել ու փորձում էր մատակարարել քեֆ-ուրախություն անողներին՝ խրախճանքն ավելի ակնառու դարձնելու համար: Սակայն ոստիկանները նրան բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
Ցուցարարներն ասում էին, որ Քոչարյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից է ու պետք է դատապարտվի: Քիչ անց դատարանի տարածքում շնչել չէր լինում, ծխարձակիչների ծուխը պատել էր տարածքը:
Քոչարյանի աջակիցների արձագանքը դատարանի որոշմանը՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ