Արթուր Վանեցյանն ազատվել է Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Այս առնչությամբ Kommersant պարբերականը հիշեցրել է, որ Վանեցյանը պաշտոնը ստանձնել էր 2018թ. մայիսին, այն բանից հետո, երբ իշխանության էր եկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ»:
«Պաշտոնից հեռացման պատճառները պարզաբանված չեն, բայց Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունը վկայում է, որ վերջինս այդքան էլ համաձայն չի եղել երկրի ղեկավարության հետ»,-գրում է թերթը՝ մեջբերելով Վանեցյանի հայտարարությունից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի՝ որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
«Պաշտոնապես հայտարարում եմ, այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ պարոն Վանեցյանն ասել է, որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, չի՛ եղել մի դեպք, այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ, ինչի մասին է նա ասում հիմա»,-մեջբերում է պարբերականը Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ ԱԱԾ տնօրենի հավանական հրաժարականի մասին ավելի վաղ գրել էին հայկական լրատվամիջոցները:
Կարդացեք նաև
«Գերատեսչությունը կարևոր դեր է ունեցել վարչապետի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավում, որը անմիջական առնչություն ունի նախկին ռեժիմի մի շարք հայտնի գործիչների հետ, արդյունքում Արթուր Վանեցյանը դարձել էր նոր իշխանությունների՝ ամենաբարձր հեղինակություն ունեցող գործիչներից մեկը: Միևնույն ժամանակ ԱԱԾ տնօրենը մի շարք սկանդալների մեջ է ներգրավված եղել: Խոսքը Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավարի սկանդալային գաղտնալսման մասին է, որում նրանք քննարկում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը։ Մինչև օրս էլ հայտնի չէ, թե ով է գաղտնալսել նրանց և հրապարակել զրույցը։ «Իմ քայլը» քայլը իշխող խմբակցության անդամների մի մասի դժգոհության պատճառ հանդիսացավ նաև Փաշինյանի համախոհի, իսկ հետագայում՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Վերջինս քննության տակ է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Քրեական գործը հարուցվել է ԱԱԾ-ի կողմից ստուգումների արդյունքում»,-գրում է պարբերականը»:
Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Kommersant-ի հետ զրույցում չի բացառել, որ ԱԱԾ նախկին տնօրենը հնարավոր է զբաղվի քաղաքականությամբ՝ հաշվի առնելով հեղինակության բարձր մակարդակը:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին հայտարարել է, որ Վանեցյանի հնարավոր հրաժարականը վաղուց էր քննարկվում: «Վանեցյանի ուղերձը կոնկրետ հասցեատեր չունի, բայց համատեքստից ելնելով ենթադրում եմ, որ ի նկատի ունի կամ Հայաստանի վարչապետի վարչակազմին կամ խորհրդարանական մեծամասնությանը»,-ասել է նա:
Միքայելյանը չի կարծում, որ Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ: «Հավանական է, որ նրա հեռացման պատճառը կապված է այն բանի հետ, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը գնալով ավելի շատ էր ընկալվում որպես հանրային և քաղաքական կառույց, ինչը հակասում է հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնագիտական էթիկային»:
Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ