«Մենք ձեզ սիրում ենք, մոլորյալնե՛ր, օրեր կանցնի, դուք կսթափվեք»,- երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանն այսօր դատարանի մոտ ցույցի ժամանակ այսպես դիմեց Քոչարյանի հակառակորդներին ու նրա դեմ ցույց անողներին:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը որոշում հրապարակեց: Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Մինչ այդ Քոչարյանի աջակիցներն ու նրա հակառակորդները դատարանի առջեւ իրար հետ «մենամարտում» էին: Մի կողմը վանկարկում էր՝ «Նիկոլ, դավաճան, խարդախ», մյուս կողմը բղավում էր՝ «Քոչարյան, հանցագործ»:
Գագիկ Բաղդասարյանը մյուս կողմի ցուցարարներին ասում էր՝ «Ձեզ պարկեշտ պահեք, չլկստվեք ու չլկտիանաք, եղա՞վ, կանգ առ-ի կոչ ենք անում»: Ի պատասխան՝ Քոչարյանի դեմ ցույց անողներն ասում էին՝ «Գագո, դու սուս, Նառա, դու սուս, հեղափոխությունը դեռ չի ավարտվել, դատվելու եք ցմահ, պիցցաներ»:
Կարդացեք նաև
Ոստիկանները հորդորեցին փոխադարձ հարգալից վերաբերվել միմյանց, անձի արժանապատվությունը չնվաստացնել, չվիրավորել. «Ձեր հավաքն իրականացրեք՝ հավաքի նպատակներից ելնելով կոչեր հնչեցնելով»: Ոստիկանները նաեւ զգուշացրեցին, որ երաժշտությունն անջատեն, հավաքը չզուգորդեն երաժշտությամբ ու հասարակական կարգը չխախտեն, դատական նիստերին խանգարում են, եթե ոստիկանների օրինական պահանջը չկատարեն, կենթարկվեն պատասխանատվության:
Քիչ անց ցուցարարներից մեկին, որը Քոչարյանի հակառակորդների թիմից էր, բերման ենթարկեցին: Հավաքվածներն ասացին, որ բերման ենթարկվածը ՀԱԿ-ից է:
Քոչարյանի աջակիցները գոհ ու շնորհակալ էին ոստիկաններից, որ «կարգազանցներին» շարքերից տանում էր: Իսկ հակառակ թեւից դժգոհում էին, որ խաղաղ ցույց անողներին բերման են ենթարկում:
Ոստիկանները երկու կողմերի ցույցի նախաձեռնողներին առանձին կանչեցին ու զգուշացրեցին, որ միմյանց չվիրավորեն, բայց քիչ էր մնում բախում տեղի ունենար, կրքերը չէին հանդարտվում, իրավիճակը լարված էր:
Ցուցարարներն առավել ակտիվացան, երբ տարածքում նկատեցին ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: Նրանք վանկարկում էին՝ «հեռացի՛ր»: Նրանք հիշեցնում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի՛ պլստալու», գոռում էին՝ դուք թալանել եք երկիրը, խոսելու տեղ չունեք, մարդկանց մեջ երեւալու տեղ չունեք:
Ավելի ուշ մենք խոսեցինք նաեւ Էդուարդ Շարմազանովի հետ, մանրամասները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ