Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատարանն այսօր մերժեց Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանի այդ որոշումը կապում է երեկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների եւ ՍԴ-ի հասցեին ուղիղ սպառնալիքների հետ:
«Այդ հայտարարությունները, լինելով սպառնալիք ՍԴ հասցեին, իրենց էությամբ դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետեւ այդ պաշտոնյաները հանդգնեցին ասել, որ ՍԴ որոշումն ապօրինի է: Դրանով իսկ ձեզ, հարգելի դատավոր, ուղարկեցին հստակ կողմնորոշիչ ուղերձ՝ ասելով, որ եթե ՍԴ որոշումն իրենց խոսքով ապօրինի է, ուրեմն իրենք ապօրինի կհամարեն նաեւ այդ որոշման հիման վրա ձեր կայացրած որոշումը»,-դիմելով Մարտի մեկի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով. «Առաջին դեպքը չէ, երբ որոշման նախորդ օրը պաշտոնյաները խառնվում են դատարանի գործերին: Այս անգամ միջամտությունն ավելի բիրտ էր: Համոզված եմ, որ դուք, որպես դատավոր, չէիք կարող չզգալ այդ հայտարարությունների ճնշումը»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ակնարկեց, որ ըստ օդում կախված տեղեկությունների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինչ-որ անձինք են այցելել: Դատավորը պաշտպանի ասածն ընդունեց հոնքերի դեպի վերեւ շարժումով, իսկ մեղադրող դատախազներից Գեւորգ Բաղդասարյանը միջամտեց՝ ասելով. «Ցանկացած բան կանգնել-ասել չի կարելի»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/358632598377278/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ