Ինչպես հայտնի է, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը որոշում հրապարակեց: Քոչարյանը կմնա կալանքի տակ:
Մինչ այդ Քոչարյանի աջակիցներն ու նրա դեմ ցույց անողները դատարանի առջեւ իրար հետ «մենամարտում» էին վիրավորանքներով, երաժշտությամբ ու այլ մեթոդներով: Քոչարյանի դեմ ցույց անողները վանկարկում էին՝ «Քոչարյան մարդասպան, դավաճան, հանցագործ», իսկ նրա աջակիցները հակադարձում էին՝ «Քոչարյան հերոս»:
Կարդացեք նաև
Քոչարյանին աջակցող Արամ Հարությունյանը ելույթ ունեցավ ու ասաց. «Վանեցյանի հայտարարությունից հստակ երեւում է, որ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք ՀՀ-ն տանում են անկանխատեսելի իրավիճակի: Ես համոզված եմ՝ Վանեցյանը լիքը ասելիք ունի ու պիտի գա այստեղ, որովհետեւ սպայի պատիվը պահանջում է, որ ինքը խոսի: Իր ասածը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի մտքին դեռեւս բաներ կան, որին Վանեցյանը չի ուզում մասնակից լինել: Իշխանության են եկել մարդիկ, որոնք ադեկվատ չեն, մարիխուանայի տակ են հայտարարություններ անում: Մեր բոլորի խնդիրն է պաշտպանել Քոչարյանին: Քոչարյանին Նիկոլ Փաշինյանն իր վախերով նշանակել է ընդդիմության առաջնորդ: Դուք մի մարդու կողքն եք կանգնում, որը ոչ միայն չի ծառայել, այլեւ նսեմացնում է մեր հաղթանակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, Արցախի եւ Հայաստանի միասնության սիմվոլն է»:
Արամ Հարությունյանն ասում էր, որ 21-րդ դարի իրենց հերոսը Աննա Դանիբեկյանն է ու համոզված է, որ ինքը Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ընդունելու է: Այս հայտարարությունը նա արել էր՝ մինչ որոշումը հայտնի կդառնար:
Ի պատասխան՝ հակառակ թեւից հեգնում էին՝ «Մարդ ա վատացել», ցույց էին տալիս 5000 դրամանոցներ ու ասում. «Մտածում ես պաշտոնի պտի էթա՞ս, առը հա քեզ պաշտոն»: Արամ Հարությունյանն ասում էր, թե ՝ «Հիշեք, Նիկոլը փախավ Մարտի 1-ին, Լեւոնը տնից դուրս չեկավ: Դիմում եմ զոհվածների ծնողներին, ձեր տղաները անմեղ զոհեր էին…»: Նրան իրենց գոռոցներով ու բղավոցներով թույլ չէին տալիս շարունակել Քոչարյանի ընդդիմադիրները: Նրանք բղավում էին՝ «Գործիք, Նիկոլը ու ամբողջ հայ ժողովուրդը ձեզ կզցրել է ու կզած եք մնալու»:
Ոստիկանները ստվարացնում էին իրենց շարքերը, երեք շարքով շղթա էին կազմել, որ բախում տեղի չունենար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ