«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը համամիտ է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ազատման մասին վարչապետի խոսնակի տված բացատրություն-գնահատականների հետ , ինքն էլ ավելացնելու բան չունի: Այդ մասին պատգամավորն ասաց այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Լրագրողների պնդումներին ի պատասխան՝ պատգամավորը մանրամասնեց իր կարծիքը. «Ինձ համար հստակ է, որ պարոն Վանեցյանը, ըստ էության, ուրեմն, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որ նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»։
Թե ինչո՞ւ է Արթուր Վանեցյանը հրաժարական տվել, իշխող խմբակցության պատգամավորները տեղյակ չէին: Սուրեն Գրիգորյանը նշեց, որ պատճառները տարբեր կարող են լինել` հավելելով, որ իրենք տիրապետում են 2-րդ աստիճանի գաղտնիության տեղեկատվության. «Վանեցյանի հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուր բանով. կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է, թե իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի, կարող է տարրական անհամաձայնության պատճառ լինել: Սակայն գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է»:
Լրագրողներից մեկը հարցրեց` իր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Արթուր Վանեցյանը, երբ ասում էր «կանգ առ»-ի ժամանակն է։
«Կա իշխանությունների և գործառույթների բաժանում, մանրամասներն որպես պատգամավորի հետաքրքիր չեն։ Արված մեկնաբանությունները բավարար են, եթե իմանամ կամ չիմանամ, դրանից իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու»,- հարցին այսպես պատասխանեց Սուրեն Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ