Կանադայի Յարմութ քաղաքում բացվեց Սառա Քորնինգի արձանը:
Նա, 1915-1930 թվականներին հազարավոր հայ եւ հույն որբ երեխաների է փրկել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սառա Քորնինգն աշխատել է ԱՄՆ Կարմիր Խաչի բուժքույր։
1921 թվականից Քորնինգը գլխավորել է Արարատ լեռան ստորոտում գտնվող որբանոցներից մեկը։ Տեղում նա հիվանդներին ու վիրավորներին խնամելու նպատակով երկու համակիրների հետ միասին հիմնում է հիվանդանոց, որն օսմանյան զորքերը շատ արագ փակել են տալիս։ Ապա հիմնում է երկրորդ հիվանդանոցը, որն արժանանում է նույն ճակատագրին:
Երբ բարեգործական միությունները, այդ թվում՝ Ամերիկյան օգնության կոմիտեն, կազմակերպում են մարդկանց տարհանումը ծովով, Քորնինգը վազում է դեպի ամերիկյան որբանոցներից մեկը եւ գերմարդկային ջանքերով հավաքում երեխաներին ու տանում նավամատույց։ Նրան հաջողվում է փրկել 5000 երեխա։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ