Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» մեխանիզմը մշուշոտ է. Արման Աբովյանը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Սեպտեմբեր 17,2019 13:53

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում իր խոսքն այսպես սկսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության երեկվա որոշմանը` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Պատգամավորը նկատեց, որ Սահմանադրությանբ պաշտոնանկության հիմքերը ներկայացված են. «3/5-ով «Իմ քայլը» թող դիրքորոշում հայտնի`դատարանը որոշի: Այս պահին մենք նման հիմք չենք տեսնում, այս պահին Սահմանադրական դատարանում չկա այնպիսի իրավիճակ, որ չլինի կառավարելի, այլ խնդիր է, որ առանձին անձինք չեն ներկայանում նիստերին, որոշումների կայացմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնում»:

Պատասխանելով ԲՀԿ-ի դիրքորոշման մասին հարցին, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք»: Ապացուցման բեռը, ըստ նրա, նախաձեռնություն ցուցաբերած ուժինն է, թող փաստարկները ներկայացնեն` իրենք էլ կորոշեն. «ԲՀԿ-ն երբեք պարտիզանական կեցվածք չի դրսեւորել, կքննարկենք` մեր դիրքորոշումը կներկայացնենք»:

Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ մենք ուղղակի քար կգցենք իրավական պետության վրա, եթե ամեն իշխանություն ցանկանա իր դատական համակարգը բերել: Դատական համակարգին պատերազմ հայտարարելը այն հիմքով, որ նրանք նախկին իշխանության կողմից էին նշանակված, պատգամավորի գնահատմամբ` կլինի դատական համակարգի ուղիղ կործանումը. «Վաղվա իշխանությունն էլ այսօրվա նշանակվածներին չի վստահելու, բա մենք այսպես ո՞ւր ենք գնալու»:

Պատասխանելով ՍԴ-ում ճգնաժամի առկայության մասին հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ասաց, որ այս հարցում էմոցիան փոքր-ինչ շատ է. «Մեխանիզմը, որն առաջարկվում է, բավականին մշուշոտ է, ամենակարևորն այն է, որ իրավական դաշտում գոյություն ունեցող  խնդիրները լուծվեն բացառապես իրավական դաշտում։ Կա գայթակղություն, որ այս կամ այն պատճառով խնդիրների լուծումը դուրս կգա իրավական դաշտից, ինչն իր մեջ պարունակում է վտանգ։ Սա անձերի կամ պրոցեսների խնդիր չէ, պրոցեսի իրավական ընթացքի վերջնակետը մի քիչ անհասկանալի է»:

Հարցին`կարգապահական խախտում չէ՞, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ է, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ցավոք, հայ ժողովուրդն այդքան մեծաքանակ չէ, այստեղ էլ, որ նայենք, կարող ենք քավոր-սանիկներ գտնենք, բայց չեմ ցանկանում, որ խնդիրն իջեցնենք կենցաղային մակարդակի»։

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30