ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում են ունեցել Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ՝ Արցախի և Ադրբեջանի միջև կայուն և ժողովրդավարական խաղաղություն հաստատելու ուղիների հարցով: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
«ANCA-ն բարձր է գնահատում Պետդեպարտամենտի հետ երկխոսությունը, որը ներառում է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես ողջունում է ընձեռնված վերջին հնարավորությունը՝ քննարկելու առավել կառուցողական ուղիներ, որոնք կնպաստեն խաղաղության, առաջընթացի և բարգավաճման ինչպես Արցախի բնակչության, այնպես էլ հարևան երկրների համար»,-ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարման խորհրդի անդամ Րաֆֆի Համբարյանը հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք ընդունում են, որ բանակցությունների հաջողությունը պայմանավորված է շփման գոտում կայունությամբ, պետք է առավել պահանջատեր լինեն Ադրբեջանից, որը դիմում է սադրանքների և իրականացնում է ագրեսիա:
Բացի այդ ANCA-ն ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում կիրառության մեջ դնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ գործիչ Էլիոթ Էնգելի առաջարկների ծրագիրը: «Եվ երրորդ՝ Միացյալ Նահանգները պետք է օգնի վերբեռնել բանակցային սառեցված գործընթացը՝ Մադրիդյան ձախողված սկզբունքները փոխարինելով խաղաղությանն ուղղված առավել կայուն և ժողովրդավարական մոտեցմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ