«168 ժամի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը
– Պարոն Սկակով, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը վերջին այն տեղեկությունների ֆոնին, երբ Ռուսաստանը չի վերադարձնում Միքայել Հարությունյանին, Միհրան Պողոսյանին, ՌԴ նախագահը շնորհավորում է ՀՀ երկրորղ նախագահին ծննդյան կապակցությամբ հրապարակայնորեն, ՀՀ-ն է փախստականի կարգավիճակ շնորհում ռուս գործիչ Վիտալի Շիշկինին, իսկ հրապարակային անդրադարձներում հաճախակիացել են փոխադարձ խայթոցները։
– Ես այս ամենում արմատապես բացասական ոչինչ չեմ տեսնում։ Դրանք, ըստ իս, ոչ այնքան կարևոր իրադարձություններ են երկկողմ հարաբերությունների կոնտեքստում։ Ինչ վերաբերում է այս կամ այն գործչին հանձնել-չհանձնելու հարցին, Ռուսաստանի դիրքորոշումը նման հարցերում մեծամասամբ այնպիսին է, որ Ռուսաստանը փորձում է ընդհանրապես ոչ մեկի չհանձնել, և դա միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է։
– Հայաստանում դա ոչ գործընկերային քայլ են որակում։
Կարդացեք նաև
– Շատ տարբեր քայլեր և որոշումներ կարելի է ոչ գործընկերային որակել։ Բայց Մոսկվան ունի իր աշխատաոճը, և որպեսզի Մոսկվան որևէ գործչի վերադարձնի, հարկավոր են լուրջ պատճառներ, և, առավել ևս, Հայաստանի դեպքում Մոսկվայում կան կասկածներ, որ այս դեպքում սա քաղաքական հաշիվների մաքրում է և վրիժառություն նախկին ընդդիմախոսների նկատմամբ, առավել ևս, երբ Մոսկվայում բավականին բացասաբար են ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այստեղ ևս կա տրամաբանություն, քանի որ Մոսկվան, բացառությամբ Սահակաշվիլիի նման դեպքերի, սովորաբար այն դիրքորոշման մեջ է, որ այս կամ այն երկրի նախկին ղեկավարը քրեական հետապնդման չպետք է ենթարկվի։ Այսինքն՝ շատ ծայրահեղ դեպքերում միայն։ Մնացած դեպքերում՝ Ղրղըզստանի, Ուկրաինայի նախկին ղեկավարների դեպքում, Ռուսաստանն այն դիրքորոշումն ունի, որ անձեռնմխելի են ղեկավարները, այսինքն` դատի սպառնալիք և ռեպրեսիաներ չպետք է լինեն։ Ուստի Քոչարյանի հետապնդումն առաջացրեց որոշակիորեն բացասական արձագանք Մոսկվայի կողմից, քանի որ չի համապատասխանում մոսկովյան քաղաքական խոհանոցի ավանդույթներին։ Ուստի այն անձինք, որոնց նշեցիք, ընկել են այդ նույն քաղաքական հոսանքի մեջ, հենց այդ պատճառով նրանց չեն վերադարձնում։
Ինչ վերաբերում է Շիշկինին, չեմ կարծում, որ դա ինչ-որ առումով կարևոր է Մոսկվայի համար, նման շիշկիններ մեզ մոտ շատ կան, դա իրենից լուրջ բան չի ներկայացնում։ Ուստի ես այստեղ լուրջ խնդիրներ չեմ տեսնում։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում