Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցից մենք իմացանք Հայաստանի միանշանակ դիրքորոշման մասին Չինաստանի վերաբերյալ, այն է. «Հայաստանը աջակցում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, չունի եւ չի հաստատի հարաբերություններ Թայվանի հետ: Հայաստանը նաեւ աջակցում է Թայվանյան նեղուցի ափերի միջեւ խաղաղ հարաբերությունների զարգացմանը: Դա Հայաստանի դիրքորոշումն է, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք»:
Թայվան կղզու հարցն, ի տարբերություն Մակաոյի եւ Հոնկոնգի՝ ոչ միայն գաղութատիրական ժամանակներից ժառանգած խնդիր չէ, այլ ունի կուսակցական-գաղափարախոսական հիմք։ Այն ձեւավորվեց 1949 թվականին, երբ պարտվելով քաղաքացիական պատերազմում Մաոյի կոմունիստներից, մինչ այդ Չինաստանի ղեկավար, գեներալիսիմուս Չան Կայշին կղզի տեղափոխեց իր ողջ վարչակազմը եւ Գոմինդան («Ազգային») կուսակցությունը, դրանով հիմք դնելով «հիմնական», կոմունիստական Չինաստանի հետ կոշտ հակադրության։
Կղզու վրա ապրում է 23 միլիոն մարդ, գործում է բազմակուսակցական քաղաքական համակարգ, զարգացած, ազատ շուկայական տնտեսություն, ազատ մամուլ, բարձրակարգ կրթական համակարգ, կղզու վարչակազմն ունի սերտ ռազմա-քաղաքական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ժողովրդավարական Հայաստանը դրսեւորում է ոչ թե գաղափարախոսական, այլ ռազմավարական մոտեցումներ, քանզի լրջորեն կարեւորում է հարաբերությունները Պեկինի հետ, եւ որպեսզի որեւէ տարընթերցումների կամ շահարկումների տեղ չմնա՝ պաշտոնական Երեւանը գործածում է միանշանակ ձեւակերպումներ։
Իսկ եթե սրան գումարում ենք նաեւ Հայաստանի ընդգծված դիրքորոշումը Կիպրոսի խնդրի վերաբերյալ, ապա ամբողջանում է պատկերը եւ պարզ է դառնում, որ ունենալով Արցախի խնդիր, Արցախի ինքնորոշման խնդիր միջազգային հարաբերություններում, Երեւանն ամենեւին էլ կաշկանդված չէ, որպեսզի իր միանշանակ դիրքորոշումն արտահայտի իր համար կարեւոր երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Ընդ որում, ինչպես տեսնում ենք, Հայաստանից այլ դիրքորոշում չեն պահանջում, ասենք, Վաշինգտոնից՝ Թայվանի պարագայում, որտեղ ԱՄՆ-ի ռազմական եւ տնտեսական ներկայությունն ահռելի է, կղզին առանցքային գործոն է ԱՄՆ եւ դաշնակիցների Խաղաղօվկիանոսյան անվտանգության ռազմավարության մեջ։
Կարդացեք նաև
Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը, առաջնահերթ համարելով իր հարաբերությունները Պեկինի հետ, իրերը կոչում է իրենց անուններով, մի կողմ դնելով մտահոգությունները եւ «մտահոգությունները», թե ով ինչ կմտածի եւ բարձրաձայնում իր պաշտոնական դիրքորոշումը։
Ընդ որում, պայմանական Զորի Բալայանը եւ իր մի քանի գաղափարակիցները զուռնա-դհոլով Թայվանի ինչ-ինչ հոբելյանները չեն նշում, ինքնորոշումից չեն խոսում, եւ դա, միանշանակորեն, նորմալ է։
Սակայն աննորմալությունը սկսվում է, երբ խոսք է գնում հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին։ Հայտնի չէ, թե ով, եւ հայտնի չէ, թե երբ՝ որոշել է, որ պաշտոնական Երեւանը պիտի ծամծմված, ինչ-որ թոթովախոս, «դիվանագիտական» ձեւակերպումներ արտաբերելով խուսափի միանշանակ դիրքորոշում հայտնելուց, երբ խոսք է գնում Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին, եւ մանավանդ, երբ դրա մասին հարցնում են ռուսական պրոպագանդայի աղբյուրները։ Արցախի ղեկավարությունն էլ, իր հերթին, հայտնի չէ, թե երբվանից եւ ինչպես, պետք է ինչ-որ խամաճիկների «շնորհավորի» ինչ-ինչ «նվաճումների» կամ «ձեռքբերումների» համար, ակնհայտորեն արհամարհելով այն փաստը, որ պրոբլեմ է ստեղծում Վրաստանի եւ Մոլդովայի հետ հարաբերություններում։ Դեհ, իսկ Զորի Բալայանի պարելը զուռնա-դհոլի տակ պիտի բռներ Ղրիմի բռնազավթումը Ռուսաստանի «խորհրդարանի» կողմից վավերացման օրը, ինչը պետք է նախորդեր Հայաստանի խայտառակ քվեարկությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Ուկրաինայի կողմից դեսպանի հետկանչմանը։
Հայաստանի Հանրապետությունն իր նոր արտաքին քաղաքականության երեք գլխավոր սկզբունքներից առաջինը հռչակել է ինքնիշխանությունը։ Ինչպես տեսնում ենք, իր առաջնահերթությունները ֆիքսելու ճանապարհին Հայաստանը մի քանի արձանագրումներ արդեն կատարել է, այն է. Արցախի հարցը դուրս է հետխորհրդային մնացյալ հակամարտությունների համատեքստից, եւ որեւէ զուգահեռ չկա, ասենք, Աբխազիայի, Հրվ. Օսեթիայի, Մերձդնեստրի հակամարտությունների հետ։ Թերեւս ժամանակն է, որպեսզի նույն հստակությամբ Հայաստանը ձեւակերպի իր դիրքորոշումը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, որը, ինչպես պետք է հասկանալ, որեւէ կապ չունի եւ չի՛ կարող ունենալ Բաքվի վարկածով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հետ։ Հենց սա է բխում Հայաստանի եւ Արցախի Հանրապետության ազգային շահերից, այլ ոչ թե Զորի Բալայանի զուռնա-դհոլը կամ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյանի որոշումը ՄԱԿ-ում Հայաստանին դնել Հյուսիսային Կորեայի, Սուդանի, Զիմբաբվեի եւ այլ «հարգարժան» սուբյեկտների կողքին, ինչ է թե «ռուսները մեզանից չնեղանան», հանկարծ «Արցախի ինքնորոշման հարցը չտուժի», հանկարծ «ռուսներն Ադրբեջանին պատերազմի չդրդեն»… Արդյունքում մենք ստացանք եւ պատերազմ, եւ խայտառակություն՝ արտաքին քաղաքական ֆիասկո, մի իրավիճակ, երբ Վրաստանում եւ Ուկրաինայում որոշակի շրջանակների տվեցինք «փաստարկներ», թե ինչու պիտի պաշտոնական Թբիլիսիի եւ Կիեւի դիրքորոշումները համահունչ լինեն ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խմբի, այլ, ասենք, Էրդողանի հայտարարություններին, որ ԳՈՒԱՄ կոչված արհեստական ձեւաչափում ապահովվի չեկիստ Ալիեւի զավակ Ալիեւի եւ իր սիրելի փոխնախագահ տիկնոջ ռեժիմի առավելագույն կոմֆորտը։
Իսկ ո՞վ է ասել, ե՞րբ է ասել, որ հենց դա՛ է բխում մեր ազգային շահերից։ Եվ ո՞վ է ասել, որ «հայանպաստ է», երբ «քաղաքական գործիչ», «փորձագետ» կոչված քաղաքական մանրավաճառները Մոսկվայից գալիս եւ զուգահեռում են Արցախյան պատերազմը Ղրիմի բռնազավթման հետ, որը ոչ այլ ինչ է, քան ռազմաքաղաքական խուլիգանություն։
Իսկ արցախյան դիվանագիտության առկա եւ ապագա ձեռքբերումներն անցնում են ոչ թե խամաճիկների կամ կենցաղային քրեականների հետ անհասկանալի նամակագրության ճանապարհով, այլ իրական միջազգային սուբյեկտների կողմից ընկալվելով, ճանաչվելով, ներքին ժողովրդավարական բարեփոխումներով, քաղաքական հեղինակության եւ ամրության պաշարի ավելացմամբ։
Իսկ պաշտոնական Երեւանի կողմից ինքնիշխանության սկզբունքը կյանքի կոչելու կարեւոր նշաններից են մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի, Ուկրաինայի հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ Արեւելյան Գործընկերության ձեւաչափում, հարաբերությունները, որոնք Մոսկվայի մասին չեն, այնպես, ինչպես մեր հարաբերությունները Մոսկվայի հետ՝ Վրաստանի, Ուկրաինայի եւ Արեւելյան Գործընկերության մասին չեն։
Իհարկե, երկակի ստանդարտներն անխուսափելի են քաղաքականության մեջ, սակայն դրանք էլ, իրենց հերթին, պետք է բխեն հայկական շահերից, այլ ոչ թե չգիտես, թե ում, մանավանդ, որ դրանք ակնհայտորեն հակառակ են մեր շահերին։ Ուկրաինայի եւ Վրաստանի սահմաններին խաղաղության համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը չկրակի՝ այնպես, ինչպես Հայաստանի եւ Արցախի սահմաններին խաղաղության համար է անհրաժեշտ, որ Ադրբեջանը չկրակի, իսկ Ռուսաստանն էլ Բաքվին չզինի։ Այս պարզագույն արձանագրումները եւ Հայաստանի ինքնիշխանության շահերը թելադրում են մի բան. այլեւս պահանջվում են միանշանակ ձեւակերպումներ, որոնք, ինչպես տեսնում ենք, այնքան էլ դժվար չէ բարձրաձայնելը։ Եվ ուրեմն, Հայաստանը պետք է վարի «Մեկ Վրաստան», «Մեկ Ուկրաինա», «Մեկ Մոլդովա» քաղաքականություն եւ միանշանակորեն բարձրաձայնի դրա մասին, ինչն էլ ավելի ընկալելի կդարձնի մեր՝ Արցախի միջազգային ճանաչման քաղաքականությունն, ի հեճուկս նավթապետական եւ չեկիստական բռնապետությունների ջանքերի։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2019