Վերջին շրջանում ադրբեջանական բանակը մի քանի անգամ զորավարժություններ է անցկացրել՝ այդ թվում թուրքական բանակի հետ համատեղ։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում եւս մեկ լայնամասշտաբ զորավարժություն է սկսվել։ Սա այս տարի արդեն 4-րդ զորավարժությունն է: Զորավարժությանը կմասնակցի ավելի քան 10 000 զինծառայող։ Նաեւ ներգրավված է 100 միավոր զրահապատ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական թռչող սարքեր, այդ թվում՝ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, 120 միավոր հրետանահրթիռային տարբեր տրամաչափի կայաններ, հրթիռային համազարկային կայաններ, ականանետեր եւ այլն։ Զորավարժությունների սցենարով նախատեսված դժվար ռելիեֆային, անտառային, գիշերային, ինչպես նաեւ բարձր ռադիոէլեկտրոնային հաճախականության պայմաններում ռազմական գործողություններ իրականացնել՝ հրետանու, ռազմական օդուժի համադրմամբ։ Գործակալության փոխանցմամբ՝ նպատակ է դրված, որ այս ամենը հնարավորինս նույնականացվի իրական ռազմական գործողության հետ։ Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանի ողջ տարածքում, բոլոր այն հրաձգարաններում, որոնց պայմանները թույլատրում են սցենարի իրական պահանջներին։
Թե որքանով են այս զորավարժությունները լուրջ վտանգ ներկայացնում՝ մանրամասնեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
– Պարոն Աբրահամյան, վերջին շրջանում Ադրբեջանը մի քանի զորավարժություններ է անցկացրել, հիմա էլ նոր զորավարժություն են սկսել։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ուժի ցուցադրություն է:
– Ցանկացած դեպքում էլ, հատկապես՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունները առաջին հերթին ուժի ցուցադրում է։ Պետք է նաեւ արձանագրել, որ հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում զորավարժությունները շատ ավելի ինտենսիվ են դարձրել։ Այսինքն՝ տարվա ընթացքում զորավարժությունների թիվը եւ դրանց մասնակից զինտեխնիկայի ու մարդկային ուժի թիվն է միտված դրան։ Իհարկե, եթե համեմատելու լինենք կոնկրետ այս օրերին սկսված զորավարժությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությունների հետ, ապա ակնհայտ է, որ ընդհանուր զինտեխնիկայի քանակության առումով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցկացված զորավարժությանը։ Այսինքն, այս պահին ընթացող զորավարժությունն իր մասշտաբներով աննախադեպ դժվար է համարել։ Ամեն դեպքում դա իր մեջ տարբեր մեսիջներ է պարունակում, հիմնականում ուղղված մեզ, մեր հանրությանը, Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, ու դրանց պետք է մոտենալ առավել լրջորեն։
Կարդացեք նաև
– Սրան զուգահեռ, ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն։
– Որպես կանոն՝ այդ ժամանակահատվածում, երբ որ Ադրբեջանում նման մասշտաբի զորավարժություններ են ընթանում՝ իսկ դրանք հիմնականում ընթանում են սահմանի ոչ այդքան մեծ հեռավորության վրա, Պաշտպանության բանակը անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում՝ կանխելու հնարավոր սադրանքները, որոնք զորավարժությունների ժամանակ կարող են տեղի ունենալ։ Այսինքն այս ամբողջ ընթացքը՝ բոլոր առումներով, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ լիարժեքորեն իրավիճակը վերահսկվում է։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում