Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի՝ նախօրեին Live ռեժիմում արված որակումներն ու դիտարկումները շոկի ենթարկեցին ոչ միայն մանկավարժներին ու կրթության ոլորտի մասնագետներին։ Բանն այն է, որ Արմինե Դավթյանը սեմինար-հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է հայելային արտացոլման մեթոդի մասին, եւ թե ինչպես է այն աշխատում հատկապես վարքի խնդիրներ ունեցող երեխաների դեպքում.
«Փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը… ես չեմ ասում՝ տեղի-անտեղի երեխային խփում եմ, քավ լիցի, նման բան չկա… ծայրահեղ դեպքերում, եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ։ Եղել ա, որ կծել է, ես էլ իրեն եմ կծել… երեխան ինձ խփեց, ես էլ իրան կամաց թուշիկին խփեցի… կասեն՝ վայ, բռնություն գործադրեց…, բայց երեխան հանգստացավ, ու ես դա արեցի ծնողի ներկայությամբ…»,- տեսանյութում նմանօրինակ դատողություններ է անում Ա. Դավթյանը, եւ դա մեծ արձագանք է գտել թե՛ տարբեր անհատների, թե՛ մասնագիտական խմբերում՝ որակվելով որպես բռնության քարոզ։ Ավելին՝ Ֆեյսբուքում օգտատերերից մեկի այն գրառմանը, թե «ոչ ոք իրավունք չունի խփել երեխային», Ա. Դավթյանը պատասխանել է. «Բացի իսկական մանկավարժից»։
ԿԳՄՍ նախարարությունն այս միջադեպի առիթով նույնպես հանդես եկավ հայտարարությամբ. «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել է խնդրահարույց գրառում եւ հրապարակել է տեսանյութ, որը քննարկումների առիթ է դարձել։ Իրավիճակը պարզաբանելու նպատակով նախարարությունը սահմանված կարգով բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն բացատրությունից եւ դրա քննարկումից բխող միջոցներ։ Հանրության ներկայացուցիչները նույնպես կներգրավվեն այդ քննարկմանը»։
Արմինե Դավթյանից պարզաբանում խնդրեցինք իր հնչեցրած տեսակետների եւ մեթոդների շուրջ, որին ի պատասխան՝ նա նկատեց, որ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ տեսանյութից մի հատված տեղադրվեց աուտիզմի ֆեյսբուքյան խմբում, մինչդեռ, Դավթյանի պնդմամբ, իր խոսքն ուրիշ կոնտեքստում է եղել, ո՛չ աուտիզմի. «Նման ապատեղեկատվությունը արդյունքում ստեղծեց ցայտնոտային իրավիճակ համացանցում, այնտեղ ծնողները խառնվեցին իրար, մասնագետներ սկսեցին ինձ դաստիարակել, ինչ-որ բան սովորեցնել, մինչդեռ իմ ասածն ընդհանրապես կապ չուներ կոնտեքստի հետ»։
Կարդացեք նաև
Ի՞նչ ապատեղեկատվության մասին է խոսքը, տեսանյութում ամեն ինչ լսելի է։ «Բռնության մասին խոսք չի եղել, հակառակը՝ իմ կոնտեքստը նա էր, որ մանկավարժի այս կամ այն աշխատանքը կարող է կողքից այլ ձեւով մեկնաբանվել, եւ ես հենց դրա օրինակն եմ բերում, որ երբ ես փորձում եմ երեխային գրկել ու նստել հայելու առջեւ, եւ հիստերիայի մեջ ընկած երեխան փորձում է պաշտպանվել, իրեն գետնով տալ, ես էլ փորձում եմ նրան պահել, որ իրեն չվնասի, դա կողքից կարող է դիտվել որպես բռնություն, բայց իմ նպատակը երեխային գրկել, նստացնել ու հանգստացնելն է»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում