Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամբեր սպասում են, թե երբ պիտի արտաքին ուժային բեւեռները «պատժեն» Հայաստանի իշխանություններին՝ բացառապես Հայաստանի շահերով առաջնորդվելու համար. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 17,2019 11:39

Ընդդիմադիր շրջանակների (ավելի կոնկրետ՝ նախկին իշխանությունների) վերլուծաբանների հիմնական ասելիքը հետեւյալն է. թավշյա հեղափոխությունից հետո Արեւմուտքը հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ արագ վերջնական խաղաղություն կհաստատի Ադրբեջանի հետ՝ տարածքները վերադարձնելու գնով, կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ռուսական բազան դուրս կբերի ՀՀ տարածքից, կմիանա Իրանի դեմ պատժամիջոցներին եւ այլն, բայց Փաշինյանը հասկացավ, որ այդ ամենը կործանարար կլինի Հայաստանի համար եւ ետ քաշվեց, ու հիմա Արեւմուտքը մտածում է, թե ինչպես նրան հեռացնի իշխանությունից։

Ճիշտ է, այս «վարկածը» փաստերով չի հիմնավորվում եւ կառուցված է բացառապես ենթադրությունների վրա, բայց մի պահ ենթադրենք, թե հենց այդպես էլ կա, ու փորձենք հասկանալ տրամաբանությունը։ Հեղափոխությունից հետո ընդդիմադիր շրջանակները հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գունավոր հեղափոխություն է իրականացրել եւ անխուսափելիորեն մեր պետության համար վնասակար քայլերի է գնալու (հակառուսական քայլեր, Արցախի հարցում անընդունելի զիջումներ եւ այլն), հետեւաբար՝ պիտի հեռանա։

Մեկ տարի անց այդ նույն ընդդիմադիր շրջանակները հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ Արցախի հարցում տարածքային զիջումների գնալ, հակառուսական քայլեր անել, միանալ հակաիրանական սանկցիաներին, մի խոսքով՝ դառնալ Արեւմուտքի «ֆորպոստը», հետեւաբար… պետք է հեռանա։ Որեւէ մեկը կարո՞ղ է այս «դիրքորոշման» մեջ տրամաբանություն գտնել։

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Խնդիրը ներկայացվում է մոտավորապես հետեւյալ կերպ. Արեւմուտքն իբր աջակցել է թավշյա հեղափոխությանը, որը պիտի մեր երկրին հսկայական օգուտներ բերեր (կայացած ժողովրդավարություն, կոռուպցիայի վերացում, տնտեսական առողջ մրցակցություն, ներդրումային դաշտի բարելավում եւ այլն), բայց դրա դիմաց ակնկալել է այնպիսի քայլեր, որոնք կվնասեին մեր արտաքին անվտանգությանը։ Ու ստացվում է, որ Փաշինյանն իրականացնում է բոլոր այն քայլերը, որոնք օգուտ կբերեին Հայաստանին, իսկ ահա այն քայլերը, որոնք կվնասեին մեր արտաքին անվտանգությանը, հրաժարվում է կատարել, եւ վերջ։ Սա է, չէ՞, ընդդիմախոսների տրամաբանությունը։ Այսինքն՝ ըստ այդ տրամաբանության, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով եւ իրականացնում է բացառապես հայաստանամետ քաղաքականություն՝ փորձելով չտրվել արտաքին ճնշումներին (անկախ նրանից, թե որ կողմից կլինեն այդ ճնշումները)։

Հարց է ծագում՝ ինչպե՞ս պիտի վարվեին Հայաստանում գործող քաղաքական ուժերն այս իրավիճակում, եթե նրանք իսկապես առաջնորդվում են Հայաստանի (հետեւաբար՝ նաեւ Արցախի) շահերով։ Ճիշտ է, պիտի ատամներով պաշտպանեին գործող իշխանությունների քաղաքականությունը։ Իսկ ի՞նչ են անում դրա փոխարեն։ Անհամբեր սպասում են, թե երբ պիտի արտաքին ուժային բեւեռները «պատժեն» Հայաստանի իշխանություններին՝ բացառապես Հայաստանի շահերով առաջնորդվելու համար, եւ հույս ունեն օգտվելով դրանից՝ վերադառնալ իշխանության (հասկանալի է՝ արտաքին ուժային բեւեռներից որեւէ մեկին ծառայելու խոստումներով)։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30