Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած ավանդական միջազգային մրցաշարում 17 միավորով զբաղեցրել են 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալներ։
Միջոցառմանը, որն անցկացվել է արդեն 15-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Հայաստանի թիմը տոնել է 5 հաղթանակ, այդ թվում 3-ը՝ խոշոր հաշվով, խաղացել է 2 ոչ ոքի եւ պարտվել 2 խաղում։ 24 միավորով հաղթող է դարձել Մոլդովայի թիմը, որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին։ 3-րդ տեղը բաժին է հասել Ուկրաինայի թիմին՝ 15 միավոր։
Հայաստանի թիմի կիսապաշտպան Հովհաննես Մելքունյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն խաղացողի կոչման եւ որպես պարգեւ ստացել է Լիտվայի հավաքականի մարզաշապիկ։
Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին Հայաստանի լրագրողներն երեք անգամ էլ գրավել էին 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։ Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։
Կարդացեք նաև
Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն էր, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։
Միջոցառմանը Հայաստանի լրագրողների թիմի մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքական