Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ արդեն նախկին պետն իր հրաժարականի տեքստով կամ «ականապատում» է համակարգում հաջորդ պետի աշխատանքը կամ էլ հակառակը՝ ազդարարում դրանում առկա լուրջ ականի մասին. «Ժամանակ»

Սեպտեմբեր 17,2019 10:04

Վանեցյանը դնում է հեռանալու չափազանց բարձր նշաձող՝ սպայի պատիվ, հայրենիքի անվտանգություն: Այլ կերպ ասած, նա չի խոսում լոկ կառավարման ընթացքի հետ անհամաձայնության մասին, այլ այդ համատեքստում դնում է սպայի պատվի հարց: Ըստ այդմ՝ նրա հրաժարականի տեքստը մի կողմից դառնում է ահազանգ՝ որ հարցը պարզապես տարակարծությունը կամ անհամաձայնությունը չէ, մյուս կողմից սահմանում է իրավիճակի չափազանց բարձր արժեք՝ սպայի պատիվ և հայրենիքի անվտանգություն: Բանն այն է, որ հրաժարականի տեքստով ստացվում է, որ Վանեցյանի թափուր թողած տեղում որևէ նոր նշանակում ինքնաբերաբար սկսում է չափվել սպայի պատվով: Այսինքն՝ մի՞թե նշանակում է, որ ԱԱԾ պետի պաշտոնի նոր նշանակվող որևէ գործիչ չունի սպայի պատիվ:

Ըստ էության, ԱԱԾ արդեն նախկին պետն իր հրաժարականի տեքստով կամ «ականապատում» է համակարգում հաջորդ պետի աշխատանքը և ընդհանրապես ներքին հասարակական-քաղաքական կյանքը, կամ էլ հակառակը՝ ազդարարում դրանում առկա լուրջ ականի, այդ կյանքի լրջագույն ականապատվածության մասին: Կամ Արթուր Վանեցյանը փորձում է հեռանալ առավելագույնս բարձր միավորով և վարկով, կամ նրա հեռացմամբ սահմանվում է բավականին բարդ քաղաքական խաղի մի գին: «Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստում խոսում է ոչ պոստֆակտում, այլ գալիքի համատեքստում: Սա, իհարկե, կարող է լինել լոկ հռետորաբանություն, որպիսին այդօրինակ իրավիճակներում նկատելի է լինում գործնականում միշտ:

Մյուս կողմից, սակայն, Վանեցյանն իր հռետորաբանությամբ ստանձնում է անձնական բավականին բարձր պատասխանատվություն, ու հաշվի առնելով նրա կենսափորձը հենց ԱԱԾ գործունեության տիրույթում, այդ հռետորաբանությունն առնվազն պահանջում է բավականին լուրջ քննարկում ու քննություն, առնվազն հավաստիանալու համար՝ դա լոկ հեռացողի հռետորաբանությո՞ւն էր, թե՞ լրջագույն ազդակներ հանրությանը՝ մնացողի որոշակի ենթատեքստերով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30