Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Վրաստանում գործարկում է Եվրոպական դպրոցը

Սեպտեմբեր 16,2019 23:40

Այսօր Եվրոպական միությունը՝ Վրաստանի կառավարության հետ համատեղ տվեցին Վրաստանում Եվրոպական դպրոցի կառուցման մեկնարկը: Այն կլինի առաջին Եվրոպական դպրոցը, որը գտնվում է ԵՄ սահմաններից դուրս: Համատեղ նախաձեռնության արդյունքում վրաստանցի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի ուսանողների համար կստեղծվի դպրոց, որն առաջնորդվելու է բազմամշակութայնության (մուլտիկուլտուրալիզմ), խաղաղության և հանդուրժողականության եվրոպական ու միջազգային արժեքների վրա հիմնված եզակի կրթական մոդելով:

Պաշտոնական հիմնարկեքի արարողությունը նախագահում էին ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Հանձնակատար Յոհանես Հաանն ասաց. «Իբրև Եվրահանձնակատար, իմ առաջնահերթությունը եղել է Եվրոպական միության հարևան երկրների երիտասարդներին օգնելը` նրանց տրամադրելով ավելի մեծ հնարավորություններ, զարգացնելով նրանց հմտությունները և խթանելով նրանց աշխատունակությունը: Այս համատեքստում, մենք կրկնապատկեցինք երիտասարդության և կրթության ոլորտում մեր ֆինանսավորումը Արևելյան գործընկերության տարածաշրջանում և հասանք նշանակալի արդյունքների: Վրաստանում Եվրոպական դպրոցի գործարկումը քաղաքացիների կյանքում շոշափելի օգուտներ ապահովելու մեր հանձնառության հիանալի օրինակ է»:

Դպրոցը կկառուցվի Թբիլիսիի Լիսի լճի հարևանությամբ: Ակնկալվում է, որ ուսանողների առաջին խմբի առջև այն իր դռները կբացի 2023 թվականին: Վրաստանը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովայի Հանրապետությունն ու Ուկրաինան ներկայացնող ուսանողները կկարողանան ունկնդրել եզակի ուսումնական ծրագրի, որը բավարարում է վրացական, եվրոպական և միջազգային կրթական համակարգերի բարձրագույն պահանջները:

Այս նորարարական նախաձեռնությունը հիմնված է 2018 թվականի սեպտեմբերին գործարկված փորձնական կրթաթոշակային ծրագրի վրա, որը Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից ու Ուկրաինայից 16 և 17 տարեկան ուսանողներին եվրոպական դպրոցական համակարգով ոգեշնչված անհատական մոտեցմամբ կրթական ծրագիր է առաջարկում:

Վրաստան կատարած այցի կապակցությամբ, Հանձնակատար Խան նաև հնարավորություն է ունեցել հանդիպել նոր Վարչապետ Գեորգի Գահարիայի, Արտաքին գործերի նախարարի, վրացական խորհրդարանում տարբեր քաղաքական խմբավորումներ ներկայացնող պատգամավորների, ինչպես նաև «Վրացական երազանք» կուսակցության նախագահի հետ ՝ քննարկելու Վրաստանում վերջին քաղաքական իրադարձությունները:

Նախապատմություն

Երիտասարդների համար հեռանկարների բարելավումը գտնվում է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ համագործակցության հիմքում: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ միասին, Եվրոպական միությունը ձգտում է նոր հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար՝ արտերկրում ուսանելու և աշխատելու, իրենց հասարակություններում լիարժեք մասնակցության ու սեփական ներուժի լիարժեք իրացման առումով: 340 միլիոն եվրոյի օժանդակ փաթեթով ԵՄ-ն իր վեց գործընկեր երկրների հետ աշխատում է տարածաշրջանում կրթության և երիտասարդության զբաղվածության բարելավման ուղղությամբ: Մինչ օրս, վերոնշյալն ավելի քան 80,000 երիտասարդական փոխանակումների (այդ թվում՝ «Էրազմուս +» ծրագրի միջոցով), երիտասարդության զբաղվածության նոր հնարավորությունների, բիզնես սկսելու նպատակով ֆինանսների նկատմամբ ավելի մեծ և հեշտ հասանելիության, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ծրագրերի հիմնադրման հնարավորություններ է ընձեռել:

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքականության նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների և նրա վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև: Այն Եվրոպական հարևանության քաղաքականության հատուկ ուղղություն է: Արևելյան գործընկերությունը նպատակ ունի ժողովրդավարության, բարեկեցության, կայունության և ընդլայնված համագործակցության ընդհանուր տարածք կառուցել: Այս պահին ընթանում են ապագա քաղաքական շրջանակի շուրջ կառուցվածքային խորհրդակցություններ, որոնք կշարունակվեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30