Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբակցությունը որոշեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսել. Լիլիթ Մակունց

Սեպտեմբեր 16,2019 20:45

«Խմբակցությունը որոշեց ՍԴ-ի դատավոր-անդամներից մեկի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց: Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,- «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նաև տեղեկացրեց, որ իշխող խմբակցության պատգամավորները կքննարկեն` ԲՀԿ-ի առաջարկը Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից հայտարարվող 400 միլիոն դոլար ներդրումների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, կհստակեցնեն առաջարկվող տեքստը, և դրանից հետո խմբակցությունը կմիանա քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգը. «ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկը քաղաքական կարգապահական խախտումն է: Այս գործընթացը կարող է ԱԺ խմբակցությունը սկսել՝ դիմելով ԱԺ նախագահին համապատասխան որոշման նախագծով, որի շուրջ ԱԺ-ն քննարկում է հարցը, գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացնում, դիմում ՍԴ-ին: Վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն:

Այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման գործընթաց նախաձեռնելու հիմքեր առկա են պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ: Օրինակ՝ չեն քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումները ՍԴ վերջին որոշման հետ կապված՝ մասնավորապես անհնարինության վերաբերյալ դիմումը: Կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապի առկայությունն է, որը, ըստ էության կարող է կասկածի տակ դնել գործընթացի էությունը: Խոսքը Արամ Օրբելյանի և Հրայր Թովմասյանի մասին է: Բոլորը գիտեն, որ Արամ Օրբելյանը և Հրայր Թովմասյանը գտնվում են քավոր ու սանիկ հարաբերությունների մեջ, իրենց փոխհարաբերությունների բնույթն է, ինչպես նաև Արամ Օրբելյանի մի շարք հայտարարություններ, որ իրենք գործերը ուղարկելու են ՍԴ, այն պարագայում, երբ գործերը քննվում են ընդհանուր իրավասության դատարաններում»:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ընթացակարգը: Համապատասխան դիմում է ներկայացվում ԱԺ նախագահին, նա ուղարկում է գլխադասային հանձնաժողով, հետո այն ներկայացնում է ԱԺ-ում: Այնուհետև տվյալ անձը ևս հրավիրվում է ԱԺ, որտեղ տեղի է ունենում քննարկում և ուղարկվում վերջնական որոշման ՍԴ: Վլադիմիր Վարդանյանի փոխանցմամբ՝ նման ընթացակարգ երբևէ ԱԺ-ում չի կիրառվել: Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Սա Սահմանադրության՝ ԱԺ-ին վերապահված գործընթաց է: Ոչ թե ԱԺ-ն է վերջնական որոշում կայացնում, այլ հենց ՍԴ-ն՝ ձայների որակյալ մեծամասնությամբ: Որևէ ընթացակարգային խախտում կամ ճնշում դատարանի նկատմամբ սա չպետք է դիտարկել:Մեր կողմից ուսումնասիրված նյութերը և փաստագրական հանգամանքները հիմք են տալիս հիմնավոր համարել այս մասով կասկածները: Որոշակի լիազորություններ ունի նաև ՍԴ նախագահը և նախագահն է իրականացնում այդ լիազորությունը: Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման խորհրդակցական սենյակում, չգիտեմ: Բայց այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման գործընթաց նախաձեռնելու հիմքեր առկա են պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ»:

Հարցին՝ խնդիրը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվե՞լն է, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Որևէ մեկից ազատվելու խնդիր դրված չէ: ՍԴ-ն որպես բարձրագույն դատական ատյան չունի որևէ մարմին, որը կարող է դիտարկվել որպես իր վերադասը, բայց սա չի նշանակում, որ այն պետք է շեղվի իր լիազորություններից, որով օժտել է ՍԴ-ն: Ըստ էության, հիմնավոր կասկածներ կան առ այն, որ ՍԴ դատավորներից մեկը շեղվել է սահմանադրությամբ վերապահված իր լիազորություններից: Վերջնական որոշում կայացնում է ՍԴ-ն՝ ձայների երկու երրորդով՝ վեց դատավորի ձայնով»:

Հարցին՝ սա ճնշում չէ՞ դատական համակարգի նկատմամբ, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Դատական իշխանության անկախությունը պահպանելու համար և այդ մարմինը առողջացնելու համար առաջին հերթին պետք է, որ այդ նախաձեռնությունը բխեր այդ մարմնի կողմից: ՍԴ-ն ուներ հնարավորություն ձեռնարկելու այն քայլերը, որը հիմա ԱԺ-ն է նախաձեռնում: Հետևաբար` բացարձակապես ԱԺ պատգամավորները, խմբակցությունները, օրենսդիրը որևէ կերպ իր լիազորությունները չի շրջանցելու: Մնալու ենք միայն մեզ օրենքով վերապահված շրջանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30