Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյանը՝ Փաշինյանի «ամոթանքի» մասին. «Ենթադրում եմ՝ խոսքն ուղղված է ՀՀԿ-ին»

Սեպտեմբեր 16,2019 19:33

Երեւանի ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարները վստահ են՝ վարչապետ Փաշինյանի այսօրվա «ամոթանքն» իրենց ուղղված չէ:

ԲՀԿ եւ «Լույս» խմբակցության ղեկավարները վարչապետի խոսքի սլաքներն ուրիշ կողմ են ուղղում:

Փաշինյանն ասել է .«Աղբի այսպես կոչված ճգնաժամում որոշ ուժերի պահվածքն ինձ համար ուղղակի ամոթալի է: Փոխանակ այդ ուժերը վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամենը ստեղծվել, «թուր ու թվանք են առել»: Ըստ վարչապետի, իր նշած ուժերը թիրախավորել են նորաստեղծ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը ներկայումս զբաղվում է մայրաքաղաքի աղբահանությամբ:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դատելով Փաշինյանի խոսքի շարունակությունից, ենթադրում եմ, որ այնուհանդերձ, այդ խոսքն ուղղված է հանրապետականներին: Բայց պատասխանելով ընդհանուր տրամաբանությանը, պետք է ասեմ, որ ամոթալին քաղաքն աղբի մեջ թաղելն է, եւ ամոթալին քաղաքն աղբի մեջ թաղողին՝ քաղաքապետին մոտավորապես այսպիսի որակում տալն է՝ «պրոֆեսիոնալ կառավարիչ»: Համոզված եմ, վարչապետի այդ խոսքերն ուղղված չէին մեզ, հակառակ դեպքում իմ պատասխանն այլ կլիներ»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ հենց ՀՀԿ-ն, այս քաղաքական ուժը դժվար թե խոսի, ինչ Փաշինյանն է ասում՝ կոռուպցիոն գործարքների մասին, որոնք եղել են իրենց կառավարման ժամանակ, Խաժակյանն այսպես պատասխանեց.«Փողն էլ է իրենց ձեռքում, բացահայտողն էլ վարչապետն է՝ իր ունեցած բոլոր լծակներով: Եթե այնտեղ կոռուպցիոն գործարք է եղել, առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որ բացահայտվի, որովհետեւ իրենք մեկ տարի աշխատել են «Սանիթեքի» հետ եւ ամբողջ մեկ տարվա ընթացքում մենք ասել ենք՝ անհրաժեշտություն կա առնվազն պայմանագրերից մեկը լուծելու: Իրենք դա չեն արել, շարունակել են «Սանիթեքի» հետ աշխատել, ուստի հիմա տարիներ առաջ եղածը բացահայտելու եւ այս մեկ տարվա ամոթալի վիճակի մասին բոլոր պատասխանները իրենք պետք է տան»:

Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մեր խմբակցությունը չի թիրախավորել կոնկրետ քաղաքական թիմին կամ անձանց: Մեր խմբակցությունը թիրախավորել է աղբը, այն վիճակն, որն այսօր կա: Պարոն վարչապետը չի ընդգծել՝ ո՞ր կուսակցությունն է, ո՞ր քաղաքական ուժերն են թիրախավորել: Կրկնում եմ՝ մենք թիրախավորել ենք աղբը, խնդիրները, որոնք համատեղ ուժերով, առաջարկներով, հորդորներով փորձում ենք լուծել»:

Այսինքն՝ այդ ամոթանքը ԲՀԿ-ին չէ՞ր ուղղված, մեր այս ճշտող հարցին ի պատասխան Մանրիկյանն ասաց. «Չեմ կարծում, թե մեզ է ուղղված: Եթե հետ գնանք եւ նայենք ԲՀԿ-ի հայտարարությունները՝ երբեւիցե չենք մեղադրել: Ես վարչապետի խոսքերը չեմ վերագրում ԲՀԿ-ին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30