Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վանեցյանի մոտ պետական մտածելակերպն ավելի բարձր դիրքերում է, քան անձնական շահերը»․քաղաքագետ

Սեպտեմբեր 16,2019 17:55

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը, ասաց․ «Պարոն Վանեցյանը շատ պարզ նկարագրել է իր հրաժարականի պատճառները։ Իր տարածած տեքստում  նա բացահայտ իր անհամաձայնությունն է հայտնում պարոն Փաշինյանի վարած քաղաքականության հետ․ նրան մեղադրում է տարերային որոշումներ ընդունելու, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնացյալից չտարբերելու գործելաոճ  դրսևորելու մեջ, նշում է, որ դա նպատակների իրականացման տանող ճանապարհ չէ։

Պարոն Վանեցյանն այսպիսով գտել է, որ իր համագործակցությունը պարոն Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հետ անհնարին է։ Ինչ վերաբերում է կառավարությունում տեղի ունեցող գործընթացներին, ապա պետք է նշեմ, որ  պարոն Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները շատ վաղուց էին հրապարակվել մամուլում։ Նույնիսկ մանրամասներ կային, որ Արթուր Վանեցյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները կարգավորվել էին Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի զավակների հարսանիքի ժամանակ։ Ըստ տեղեկությունների, մինչ այդ Վանեցյանն արդեն դիմում է գրած եղել պաշտոնից ազատման։ Տեսնում ենք, որ պարոն Վանեցյանի մոտ պետական մտածելակերպն ավելի բարձր դիրքերում է անձնական շահերից և թայֆաբազությունից։

Եվ պարոն Վանեցյանը բացահայտ պարոն Փաշինյանին մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի ու սեփական շահերը պետական շահերից վեր դասելու մեջ։ Լրատվամիջոցների տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է գրել պարոն Օսիպյանը՝ ոստիկանապետը, հիմա տեսնենք, թե նրա շուրջ ինչ զարգացումներ տեղի կունենան»։

Ըստ Գագիկ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանի թիմում տեղի ունեցող գործընթացները, որոնք փորձում են ներկայացնել որպես ներկուսակցական կամ  ներթիմային ժողովրդավարություն, պետք է որ այս հանգուցալուծմանը բերեր։

«Պետք է որ հիշեք, թե Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ինչ արձագանքի արժանացավ պարոն Փաշինյանի որոշ թիմակիցների կողմից, որոնց շատ դեպքերում անվանում են սորոսականներ, ինչ խայտառակ բնութագրականներ տվեցին նույն իշխանության մեջ գտվող մարդիկ պարոն Վանեցյանին։ Ինքնըստինքյան այս ամենը պետք է բերեր այս արդյունքին։ Այսինքն ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը՝ կամ Վանեցյանը հրաժարական կտա, կամ Դավիթ Սանասարյանը պետք է պատժվի, որքան մենք տեսնում ենք այդ գործընթացները մինչև հիմա շարունակվում էին և հասան իրենց տրամաբանական հանգուցալուծմանը։

Կարծում եմ՝ սա լավ հետևանքներ չի կարող ունենալ պարոն Փաշինյանի կառավարության համար, որովհետև պարոն Վանեցյանն այն եզակի գործիչներից էր պարոն Փաշինյանի կառավարության մեջ, որի աշխատանքը հանրության կողմից բավականին բարձր գնահատականի էր արժանացել։ Վերջերս նաև հրապարակվեցին հարցումների տվյալներ, ըստ որի՝ պարոն Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը և Վալերիյ Օսիպյանն ամենաբարձր վարկանիշն ունեն: Իհարկե, դա շատ նորմալ է՝ հաշվի առնելով պարոն Փաշինյանի ձևավորած կառավարության դիլետանտների աշխատաոճը և դրանց գնահատականը հասարակության կողմից։

Արթուր Վանեցյանի նման գործչի հեռանալը կառավարությունից ինքնըստինքյան մեծ հարված է  պարոն Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության համար»,-ասում է Գագիկ Համբարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30