«Անասնաբույծի դիպլոմով մարդը, որը նախքան հեղափոխությունն ընդամենը ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալն էր, մտածում է, որ ինքն ավելի կոմպետենտ է պետակաշինության մեջ, քան Նիկոլ Փաշինյա՞նը. Ok, ինքն իրավունք ունի այդ կարծիքն ունենալ, բայց այստեղ ավելի շատ սովետական չեկիստական մոտեցումն է, որ համարում են՝ ամենախելոքն իրենք են, ամենակոմպետենտն իրենք են եւ քաղաքացիական անձինք միայն մանր-մունր հարցերով կարող են զբաղվել, կարեւորագույն հարցերը պետք է լուծեն չեկիստները: Այ սա իսկական այդ մոտեցումն է, եւ Արթուր Վանեցյանը բավականին ազնիվ է եղել, որ այդ մոտեցումն արտահայտել է իր հրաժարականի տեքստում, բայց այդ մոտեցումը պետք է արմատախիլ անել: Անվտանգության մարմինները պետք է զբաղվեն հետախուզությամբ, հակահետախուզությամբ եւ ուրիշ ոչնչի մեջ չպետք է փորձեն իրենց քթները խոթել, ոչ թե մի բան էլ քննադատեն վարչապետին, ասեն՝ վարչապետը սխալ է կամ վարչապետը չի տարբերում առաջնայինը երկրորդականից, կամ չգիտի պետությունը ոնց կառավարել, սպայի ուսադիրներին պատեհ չէ կատարել այդ հրահանգները, այ քեզ բան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Մեր հարցին ինչում թերացավ Վանեցյանը, արդյոք ՍԴ որոշումը Քոչարյանի օգտին կարող էր նրա հրաժարականի պատճառ լինել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը արմատապես դեմ է եղել ու դեմ է մնում չեկիստական մեթոդներով Սահմանադրական դատարանին ճնշելու գաղափարին, իսկ այդ գաղափարը, այսպես, օդում անընդհատ պտտվում է: Վանեցյանի գործունեությունը որեւէ տրամաբանական կապի մեջ չէր մտնում Հայաստանում 2018-ին տեղ ունեցած հեղափոխության հետ, ժողովրդավարության ինստիտուցիոնալ կառուցման հետ»:
Մեր հարցին՝ իսկ ինչով էր հակասում հեղափոխությանը, Իոաննիսյանը պատասխանեց. «Արթուր Վանեցյանը չէր կիսում ժողովրդավարության եւ ժողովրդավարական պետության տրամաբանությունը եւ դա նաեւ իր հրաժարականի տեքստում է երեւում: Այդ մարդը համարում էր, որ եթե իրեն վերեւից չեն ասում՝ ում քաղաքական հետապնդման ենթարկի, ում՝ չէ, ինքը կարող է ինքնուրույն որոշել, չէր հասկանում, որ քաղաքական հետապնդման չի կարելի ենթարկել. Օրինակ Դավիթ Սանասարյանի գործով եմ ասում, նա չէր հասկանում, որ շատ բաներ ուղղակի չի կարելի անել, չէր հասկանում, որ պետություն-բիզնես պետք է տարանջատված լինեն»:
Անդրադառնալով համացանցում տարածված քննարկումներին, թե Վանեցյանը եզակի պրոֆեսիոնալներից էր, որ չդիմացավ ոչ պրոֆեսիոնալ իշխանությունների հետ աշխատելուն ու հեռացավ, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ներեցեք, բայց Ազգային անվտանգության ծառայության պրոֆեսիոնալ ղեկավարի օրոք կարո՞ղ էր վարչապետի հետ ԱԱԾ ղեկավարի հեռախոսազրույցը գաղտնալսվել կամ ԱԱԾ ղեկավարի հետ մեկ այլ իրավապահ մարմնի ղեկավարի հեռախոսազրույցը. որտեղ պրոֆեսիոնալիզմը, որտեղ այդ գաղտնալսումը, ուրիշ օրինակներ չեմ բերում, ամենահայտնի օրինակն եմ բերում: Դա ոչ պրոֆեսիոնալիզմի խայտառակ դրսեւորում էր, որից հետո ինքը պետք է հրաժարական տար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ