Առաջին անգամ Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Վոն Գուանյիի Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն մասշտաբային ցուցադրությունը: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև հեղինակը ՝ Վոն Գուանյին:
Հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված գործերի շարքն անդրադառնում է շատ արդիական թեմայի՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը: Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը, որը բաղկացած է 3 ծավալուն բաժիններից՝ 1. Անհայտության քող, 2. Ռասա, բռնություն և էսթետիկա, 3. Ռասաների վերլուծություն, վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա հիմնված կամայական մեկնաբանությունները և թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել ու շարունակում են հանգեցնել ռասայական հետապնդման և էթնիկ շեղումների:
«Հիմնվելով Ջոն Ռոլզի «Արդարության տեսություն» գրքի վրա, ձևավորել եմ «անհայտության քող» հասկացությունը: Այս շարքում «անհայտության քող» հասկացությունը դիտարկում եմ որպես «անորոշություն». երբ մենք այլևս չգիտենք, թե այս դեմքերը ինչ էթնիկ հատկանիշներ են կրում, հասկանում ենք, որ մարդու գաղափարը հենց այն է, ինչ իրականում այդ դեմքերը ներկայացնում են: Ռասսայական պատկանելությունը որոշելու համար մարդու գանգոսկրերի «գիտական» չափման տեսությունը քաղաքական ենթատեքստ է հաղորդում մարդաբանության մեջ, որը սկիզբ է դրել մինչ օրս շարունակվող, անվերջանալի մղձավանջային իրավիճակի»,-ասաց Վոն Գուանյին:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է «Անհայտության քող» բաժնում նախապատվությունը տվել դեղին, կապույտ, կանաչ գույներին՝ հեղինակը պատասխանեց, «Այս գույները ներդաշնակության գույներ են համարվում ու երբ որ նայում եք՝ իրենք հանգստություն և ներդաշնակություն են տալիս»:
Ցուցահանդեսի համադրող Արման Ծատուրյանը ներկայացրեց հեղինակին և անդրադարձավ Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրության 3 ծավալուն բաժիններին:
Նրա խոսքը շարունակեց արվեստի քննադատ, ցուցահանդեսի համադրող Դեմետրիո Պապարոնին.«Երբ Չինաստանում տեսա Վոն Գուանյիի նոր աշխատանքները, առաջին բանը որ որոշեցի անել՝ զանգահարել իմ բարեկամ Արմանին, որովհետև այդ թեման, որին նկարիչը անդրադառնում է՝ բոլորիս շատ հարազատ է: Ես իմ գրքում նույնպես խոսում եմ ցեղասպանության և Սփյուռքի թեմայից: Այս ցուցահանդեսի աշխատանքները աշխարհում առաջին անգամ են ներկայացվում: Գիտությունը ապացուցել է, որ ռասսաներ գոյություն չունեն: Ռասսաները հնարել են, որպեսզի մարդկանց որոշ խումբ կարողանա գերիշխանություն ունենա որոշների նկատմամբ: Այս ցուցահանդեսի նկարներ վերցված են մի գրքից, որը տպագրվել է Գերմանիայում՝ 1930 թվականին: Ես իսկապես գոհ եմ, այս որ ցուցահանդեսը այստեղ է: Հայաստանը կատարյալ վայր է այս ցուցահանդեսի համար, բայց մեկ այլ կատարյալ վայր կարող է լինել Իսրայելը»:
Կարդացեք նաև
Վոն Գուանյին էլ նշեց. «Հայաստանը մի փոքրիկ երկիր է, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում է բացվում ցուցահանդեսը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց մասնակցությունը ունեին ցուցահանդեսի կազմակերպմանը, և իմ հարազատներին, ընկերներին, ովքեր ինձ Պեկինից ուղեկցեցին մինչև Երևան»:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 18-ը:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ