Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանից մեկնաբանություն խնդրեց ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի առնչությամբ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կատարել է մի շարք ապօրինություններ, օրինակ, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ՝ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս:
«Ոչնչից մեդիա աղմուկ ապահովելու հերթական փորձն է: Եթե մի քանի հոգի շատ են ուզում մարդկանց համոզել, որ այդ 2 արձակուրդները հակասում են աշխատանքային օրենսդրությանը և համապատասխան մարմիններին բողոք են ներկայացրել, որպեսզի վերջիններս քննեն, դա որևէ կերպ չի նշանակում, որ ապօրինություն է բացահայտվել: Շուտով կեղծ տեղեկատվության հերքում կպահանջեմ, և ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ