Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելյան գործընկերության 10 տարին եւ Հայաստանը

Սեպտեմբեր 16,2019 15:54

Աղվերանում սեպտեմբերի 13-15-ը կայացավ «Արեւելյան գործընկերության 10 տարին. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» խորագրով եռօրյա սեմինարը, որ նախաձեռնել էր Երեւանի Մամուլի ակումբը` «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:

Միջազգայնագետ Անահիտ Շիրինյանը խոսեց Արեւելյան գործընկերության եւ ԵՄ նոր ձեւավորված ինստիտուտներից ու վերջին միտումներից, իսկ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում CEPA քաղաքացիական հասարակության ձեւավորման ընթացքից:

Հետաքրքիր էր նաեւ ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամ Միքայել Հովհաննիսյանի զեկուցումը` 2019-24 թթ նոր ռազմավարության օրակարգի եւ Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության մասին::

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի զեկուցման թեման էր «2009-ի խանդավառություն եւ 2019-ի իրականություն»: Պարոն Նավասարդյանը փաստեց, որ նոր իրողություններով պայմանավորված` Արեւելյան գործընկերությունը եւ Եվրամիությունը առաջվանը չեն լինելու, հետեւաբար պետք է պատրաստ լինենք արդյունավետ աշխատելու:

Նրա խոսքերով, թեեւ ժամանակին կային կարծիքներ, որ Արեւելյան գործընկերությունը նախաձեռնություն է, որ փոխարինում է ընդլայնմանը, իրականում այդպես չէ, որովհետեւ Արեւելյան գործընկերությունն ընդլայնման մասին չէր, այլ հարեւանների հետ հարաբերությունների:

«Դա նշանակում էր, որ եթե դու զարգանում ես ու ջնջում ես այն տարբերությունները, որ քեզ մոտ կան ԵՄ անդամ երկրների հետ, մի օր դուռը բացվելու է նաեւ քո առջեւ, ինչպես դա ժամանակին եղավ Մերձբալթյան երկրների համար…Ի՞նչ ունենք այսօր, եւ ինչով է տարբերվում այսօրը 2009-ից… Նախ իր ազդեցությունը թողեց գլոբալ տնտեսական ճգնաժամը, որը թուլացրեց հզոր պետություններին եւ իրենց ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելը արտաքին նպատակներ լուծելու համար: Ակնհայտ դարձան հակասությունները Ռուսաստանի հետ…»,- նշեց Նավասարդյանը:

Անդրադարձ եղավ ԱՄՆ-ին, Չինաստանի գործոնին: Նրա ձեւակերպմամբ, վերջինս կարող է գրավիչ դառնալ մի շարք երկրների համար: «Բացի ԵՄ երկրներից, որոնք շահագրգիռ են Չինաստանի հետ հարաբերություններով եւ չինական ներդրումները օգտագործելով, նույն գործընթացները տեսնում ենք նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում», -նշեց ԵՄԱ նախագահը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, որ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարն է եղել եւ ում աշխատանքը վերջին 10 տարում կապված է եղել եվրոպական օրակարգի հետ, նա նաեւ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ակունքներում է, խոսեց ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա փուլից, իսկ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը` ՀՀ քաղաքականության եվրոպական վեկտորում խորհրդարանական դիվանագիտության դերից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30