Այսօր երեկոյան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը նիստ է գումարելու`կուսակցության գրասենյակում: Քննարկման հիմնական հարցը լինելու է Սահմանադրական դատարանի թնջուկը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանի ամբիոնից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսելով ՍԴ-ում ստեղծված իրավիճակի շուրջ, ասաց որ կիսում է հանրության մտահոգությունները եւ համարում ոտնձգություն` ՍԴ ինքնավարության դեմ:
Ի պատասխան Aravot.am-ի հարցի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխող ուժը ՍԴ-ի ճգնաժամը հանգուցալուծելու մի քանի տարբերակ ունի. թե ո՞րը գործածության մեջ կդրվի` կորոշվի այսօրվա նիստում: Տիկին Մակունցը ձեռնպահ մնաց մանրամասնել, թե ի՞նչ տարբերակներ կան իրենց օրակարգում: Բայց որ իշխանությունը որոշել է հանգուցալուծել այդ ճգնաժամը`հաստատ է:
Լրագրողներից մեկի հարցին էլ` պատահականությո՞ւն էր Արարատ Միրզոյանի հայտարարությունն այսօր`Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումից մեկ օր առաջ, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱԺ-ն դրա նպատակահարմարությունը գտել է»:
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի`ինչո՞ւ է խորհրդարանը հիմա որոշել լուծել ճգնաժամը, ինչո՞ւ ավելի վաղ քայլեր չէին անում, հնչեց նույն պատասխանը` հիմա ենք նպատակահարմար գտել:
Եթե ժամանակը բավարարի, «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի նաեւ ԲՀԿ-ի նախաձեռնությանը միանալ-չմիանալու հարցը: ԲՀԿ-ն նախաձեռնել է «Լիդիան Արմենիայի» ներդրումներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել խորհրդարանում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ