Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիզային դրոշմապիտակ չփակցրած գործարարները ոչ թե կկալանավորվեն, այլ տուգանք կտան. պարզվում է՝ գործարարները քրեական պատժից դիսկոմֆորտ են զգում

Սեպտեմբեր 16,2019 12:19

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ ակցիզային դրոշմանիշներով ու դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների՝ առանց այդ պիտակների իրացման դեպքում մարդիկ ոչ թե պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն, այլ վարչական: Այսինքն, ապաքրեականացնում են օրենքը: Նրա բացատրելով՝ քանի որ գործարար միջավայրը քրեական պատասխանատվությունը քիչ է հանդուրժում, ավելի մոտիվացված կլինի տուգանք վճարել խախտումների համար ու չկրկնել դրանք հետագայում, քան քրեական պատասխանատվության ենթարկվել: Բացի այդ` տուգանքների համար հստակ սանդղակ է նշվում, կանոնների խախտման դեպքում 50 հազար դրամից ավելի ապրանքների իրացման դեպքում 1 մլն դրամից տուգանքը բարձրացվում է 1.5 մլն-ի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ նախագծով բիզնեսի կյանքը թեթեւանում է, բայց մյուս կողմից էլ, երբ տուգանքը 1 մլն-ից դառնում է 1.5 մլն, ավելի կոշտացնում են:

Փոխնախարարն ասաց, որ գործող օրենքով քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում գործարարները դիսկոմֆորտ են ունենում, իրենց հեղինակության հարցն է, ուստի առաջարկում են տուգանել միայն, բայց տուգանքների առումով էլ խստացնել:

«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը հարցրեց. «Նշեցիք՝ գործարարները չեն հանդուրժում քրեական պատասխանատվություն, մի դեպքում ասում եք՝ դիսկոմֆորտ են զգում, բայց իրականում պատիժը հենց դիսկոմֆորտ ստեղծելու համար է, որ չանեն դա: Հիմա կարո՞ղ է այնպես ստացվի, որ վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքում ավելի կոմֆորտ լինի, ձեռնտու լինի ենթարկվել վարչական, ֆինանսական տույժի, բայց շրջանցելով օրենքը՝ ստանան ավելի շատ եկամուտ: Հնարավո՞ր է ավելի ձեռնտու լինի խախտել օրենքը»:

Փոխնախարարը պատասխանեց. «Չէ, խախտել օրենքը ֆինանսապես ձեռնտու չի, վարկանշային առումով էլ չէի ասի, որ խիստ ձեռնտու է: Եթե մենք փորձենք բոլոր գործարար խախտումները տեղափոխել քրեական դաշտ, դրանից խստությունը չի ավելանալու: Հակառակը: Տեսեք, խանութի աշխատողը պատահական պոկեց դրոշմապիտակը, ո՞վ է պատասխանատվություն կրում՝ կազմակերպությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30