Իսկ Արմեն Սարգսյանի փաստարկները Ամուլսարի հարցում երկաթյա էին
«Շատ լավ է»,- «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Տիկին Նազարյանից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ի նախաձեռնությանը` Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից հայտարարվող 400 միլիոն դոլար ներդրումների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ստորագրահավաք են սկսել, ձեւաթղթերն ուղարկվել են նաեւ իշխող «Իմ քայլը» եւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն:
Հետաքրքրվեցինք`«Իմ քայլը» խմբակցությունում հարցը քննարկվե՞լ է, ստորագրե՞լ է, կամ պատրաստվո՞ւմ է ստորագրել տիկին Նազարյանը ձեւաթուղթը: «Ես անձամբ դեմ չեմ»,- ասաց Լենա Նազարյանը`հավելելով, որ Ամուլսարի հարցով ասելիք չունի, արդեն ասել է: Տիկին Նազարյանին այլ հարցեր էլ ունեինք, սակայն վերջինս հեռացավ` չցանկանալով պատասխանել:
Կարդացեք նաև
Մասնավորաբար, ցանկանում էինք ճշտել`իրականությանը համապատասխանո՞ւմ է մեր այն տեղեկությունը, որ տիկին Նազարյանը տարիներ առաջ բավական կոշտ խոսակցություն է ունեցել Արմեն Սարգսյանի հետ հենց Ամուլսարի հարցով (այդ ժամանակ վերջինս դեռ Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանն էր): 2017 թվականի նոյեմբերի 20-25-ը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին՝ խորհրդարանական վերահսկողությունը եւ ընտրողների հետ հաղորդակցությունը բարելավելու նպատակով» ծրագրի շրջանակում ուսուցողական այցով գտնվում էին Մեծ Բրիտանիայում: Ծրագիրն իրականացվում էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Երեւանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարինե Աճեմյանը, «Ելք» խմբակցությունից Լենա Նազարյանը եւ Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը: Այդ ժամանակ, ի թիվս այլ հանդիպումների, հայ պատգամավորները հանդիպում են ունեցել նաեւ դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 25-ին: Դեսպանը պատգամավորներին հրավիրել է թեյի: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հանդիպում եղել է, որի ընթացքում նաեւ Ամուլսարի մասին է հարց հնչել, հնչել է նաեւ պատասխան: Թեւան Պողոսյանը խոսակցության մանրամասները բացահայտելն իր կողմից էթիկապես ճիշտ չհամարեց, միայն հստակեցրեց`կոշտ խոսակցություն չի եղել. «Հնչել է հարց, հնչել է նաեւ պատասխան»:
Երբ Ամուլսարի հարցը թեժացավ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն, ով եղել է Լոնդոն այցելած պատվիրակության մեջ եւ մասնակցել է Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, ուշագրավ գրառում էր կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում. «Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրադրության մեջ մի շատ ուշագրավ դրվագ կա: «Ոտքի վրա, ձեռքի հետ» հավաքված ժողովրդի վարչապետի թիմը Ամուլսարի հարցով երկփեղկվել է եւ տեղեկատվական պատերազմ է վարում մեկը մյուսի դեմ: Սոռոսական թեւը սուվերենության եւ նոր հեղափոխության թեզերով է հարվածում նիկոլական թեւին, սրանք էլ՝ Արմեն Սարգսյանին են դարձրել դագանակ ու հարվածում են սոռոսականների դիրքերին թե բա՝ դուք եք ու ձեր անգլո-ամերիկյան կապիտալը, դուք եք ու Լիդիանին Հայաստան բերած, հանքի շահագործման մեջ բիզնես շահեր ունեցող Արմեն Սարգսյանը:
Մինչդեռ, առնվազն անազնիվ է Արմեն Սարգսյանին ներքաշել այս պատմության մեջ, եւ ժողովրդի վարչապետը դա շատ լավ գիտի: Դեռեւս 2017թ.-ին Լոնդոնում մի հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաեւ պատգամավորներ ՔՊ-ից, դեսպան Արմեն Սարգսյանին այդ բոլոր հարցերը տրվել են, ինչին նա պատասխանեց հստակ փաստերով՝ հիմնավորելով, որ սկզբնական փուլում իր միջոցով ներդրողներ են հայտնվել նախագծում, բայց երբ պարզ է դարձել, որ հանքի շահագործումը բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց է, նրանց բոլորին անձամբ է տեղեկացրել այդ մասին, ու մինչեւ վերջին ներդրողը դուրս են եկել նախագծից: Արմեն Սարգսյանի փաստարկները երկաթյա էին, եւ ոչ մեկի, այդ թվում նաեւ ՔՊ-ականների մոտ հավելյալ հարցեր չառաջացան: Իսկ հիմա իրենց ներքին թիմային(եթե կարելի է այդպես անվանել) պատերազմում ժողովրդի վարչապետը Արմեն Սարգսյանի ֆակտորն է օգտագործում՝ որպես հակառակորդ թեւի նկատմամբ կիրառվող քարոզչական զինատեսակ: Եվ, սա մի կողմից անշնորհք ու անազնիվ քայլ է Արմեն Սարգսյանի դեմ, մյուս կողմից՝ վտանգավոր է հենց ժողովրդի վարչապետի համար, որովհետեւ ԱՀՀ-ում եւ ՎԶԵԲ-ում լուրջ մարդիկ են նստած: Հավատացեք, իրենք խնդիր եւ բարդույթ չունեն ժողովրդի վարչապետին դեմ տալու պատին ու պատասխան ուզելու ասենք՝ ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ»:
«Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված, բնապահպանական թեւի պատգամավորներից, մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ են, ձեւաթուղթը փոխանցվել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, սակայն, խմբակցությունում քննարկումներ չեն եղել, պատգամավորներին դեռ չի ներկայացվել այն: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ` ձեւաթուղթը խմբակցություն փոխանցվե՞լ է, թե`ոչ, սակայն, որքան տեղյակ է, քննիչ հանձաժողովի ստեղծման հետ կապված խնդիր կա: Պատգամավորն այսպես բացատրեց`եթե այդ հարցով քրեական գործ կա հարուցված, ապա հնարավոր չէ քննիչ հանձնաժողով ձեւավորել: Մինչդեռ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ իրավական խնդիր էլ չկա. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ենք ուսումնասիրում, այդ թվում նաեւ Ամուլսարը, եթե քրեական գործ հարուցված կլինի`կսպասենք, մինչեւ կավարտվի, որովհետեւ վեց ամիս ժամկետով ենք ձեւավորում հանձնաժողովը»:
Ձեւաթուղթը ստորագրել են դեռ միայն ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եւ «Լուսավոր Հայաստանը» եւ «Իմ քայլը» ասել են, որ երկուշաբթի օրը խմբակցության նիստեր կհրավիրեն եւ պարզ կլինի`միանո՞ւմ են իրենց նախաձեռնությանը, թե՞ ոչ: Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ անհրաժեշտ 33 ստորագրությունները կհավաքեն. «Մենք 33 ստորագրության խնդիր չունենք, որովհետեւ ով հայտարարել է, որ այդ հարցում ինքն ուզում է օբյեկտիվ գնահատական ունենալ եւ չի միանում ստորագրահավաքին`ստուգելու ծախսերի իրական չափը, որպեսզի կառավարությանն ու ժողովրդին օբյեկտիվ պատկեր ներկայացնենք, նշանակում է նա էլ չի ցանկանում օբյեկտիվ պատկեր ստանալ: Կարծում եմ, որեւէ ողջամիտ պատգամավոր չի կարող հրաժարվել այս հանձնաժողովի ձեւավորումից»: Սերգեյ Բագրատյանը վստահեցնում է, որ ստորագրահավաքին կմիանան նաեւ «Իմ քայլի» շատ պատգամավորներ. ինքը վստահ է նրանց հետ մասնավոր զրույցներից, բայց մինչեւ խմբակցության նիստը չկայանա, ինքը չի հրապարակի այդ պատգամավորների անունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2019