Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունն ունակ չէ մեկ քայլից ավելի ինչ-որ բան մտածել»

Սեպտեմբեր 16,2019 13:30

Լիբանանյան Էլարդ ընկերության փորձագետների հետ հայտնի սկայպ-կոնֆերանսից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերի, այսպես ասած՝ ճշգրտությունը ստուգելու հանձնարարական էր տվել շրջակա միջավայրի նախարարին: Սեպտեմբերի 4-ին կառավարությունում այս հարցի շուրջ քննարկմանը նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել էր ընդհանուր վիճակը, եւ նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Այս նույն քննարկմանն անդրադարձել էին Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցերին, խնդրի իրավական կողմերին,  բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն:

Նախօրեին շրջակա միջավայրի նախարարը հայտարարեց՝ առաջարկում է, որ բնապահպանության  ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնի: Այս հայտարարություն-պատասխանն ուղղված էր կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ ի կատարում վարչապետի հանձնարարականի: Հայտարարությունում 10 կետից ավելի մասնագիտական եզրակացություններ են նշված:

Ի՞նչ  ստուգման մասին է խոսքը, հայտարարությունից պարզ չէ: Մինչդեռ արդեն կարծիքներ են հնչում, թե հնարավոր է նոր ՇՄԱԳ իրականացվի:

Սակայն, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է. «Այդ սկայպ-կոնֆերանսից հետո օդում ինչ-որ լուրեր պտտվեցին, բայց այդ փաստաթուղթը, որը ես կարդացել եմ, դրանից չի հետեւում, որ նոր ՇՄԱԳ է լինելու: Նախարարությունը չի կարող առաջարկել նոր ՇՄԱԳ անել, դա իր ֆունկցիաների մեջ չի մտնում: Կարող է ասել՝ ուժը կորցրած ճանաչել իր տված փորձաքննական եզրակացությունը, որից հետո միայն ընկերությունն ինքը պետք է որոշի՝ նոր ՇՄԱԳ անի՞, թե՞ ոչ, որովհետեւ դա իր որոշելիքն է: Չի կարող նախարարությունն ընկերության փոխարեն որոշել, որ ընկերությունը պետք է նոր ՇՄԱԳ անի: Նախարարությունն ընդամենը կարող է ասել, որ հիմքեր է տեսնում փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել»:

Նախարարի ներկայացրած 10-ից ավելի կետերից մի քանիսում օրինակ նշված է. «…Սեյսմիկ վտանգի գնահատման իրականացման ժամանակ չեն օգտագործվել գործիքային ժամակահատվածի համար երկրաշարժերի տեղական կատալոգները…: Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-ի ապրիլի 26-ին հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ԲՓ-35 դրական փորձաքննական եզրակացությունն ստանալուց հետո ընկերությունն իրականացրել է մի շարք լրացուցիչ հետազոտություններ եւ կազմել համապատասխան զեկույցներ, հաշվետվություններ: Դրանցում ներկայացվել են տվյալներ, տեխնիկական լուծումներ, որոնք ներառված չէին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական ստացած նախագծի եւ հաշվետվության մեջ: Մասնավորապես. վերանայվել է հանքավայրի տարածքին բնորոշ գոլորշիացման ցուցանիշները, լրամշակվել է բացահանքի եւ դատարկ ապարների լցակույտի տարածքների ջրային հաշվեկշիռը, պասիվ մաքրման համակարգի աերոբ մաքրման խոնավ տարածքը փոխարինվել է անթթվածին կրաքարային դրենաժով: «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման 2016թ. կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում չեն ներառվել նորացված տվյալներ, չեն դիտարկվել դրանց հետ կապված լուծումներ: Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներով՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվության «Ռադիացիոն ֆոն» բաժինը պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54թթ.-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը…»: Ապա նախարարը հղում անելով իր նշված 15 կետերին, եւ օրենսդրությանը, կառավարության ղեկավարությունից խնդրում է հանձնարարական՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ:

«Այդ փաստաթուղթում չկա որեւէ միտք կամ կետ, որից կարելի է ենթադրել, որ նախարարությունը պատրաստ է ուժը կորցրած ճանաչել իր տված փորձաքննական եզրակացությունը: Կա առաջարկություն տեսչական մարմնին հանձնարարել ստուգում իրականացնել եւ այդպիսով գործընթացը մտնում  է մի փակ շրջանակ, իրավական փակուղի, առանց այն էլ փակուղում էր, սա էլ գումարած»,-ասում է Արթուր Գրիգորյանը:

«Ի՞նչ հիմքով պետք է ստուգումներ իրականացնեն, այն հիմքերը, որոնք նշված են այդտեղ, չկա մի կետ, որի հիման վրա հնարավոր է որեւէ արդյունք ստանալ: Այդ հիմքերը տեսչական մարմնի լիազորություններից դուրս են՝ եթե խոսքը վերաբերում է նախարարի տված 13 կետերին, այսինքն բացահայտել դրանցից որեւէ մեկի հետ կապված մի բան: Եթե խոսքը վերաբերում է առհասարակ ստուգում անելուն, որպեսզի ինչ-որ բան հայտնաբերեն, չեմ կարող ասել… այսինքն, վարչապետի հանձնարարականը տեսչական մարմնին ուղղված եղել է ի՞նչ՝ եղել է ուղղակի ստուգո՞ւմ իրականացնել Ամուլսարում, մենք արդեն արել ենք, ոչինչ չի փոխվել դրանից հետո, ի՞նչ ստուգում պետք է անի տեսչական մարմինը, ի՞նչ պետք է բացահայտի»:

Գրիգորյանը նկատում է՝ տեսչական մարմնի լիազորություններն են՝ իր ստուգաթերթի շրջանակներում իրականացնել ստուգումներ, ստուգաթերթով այդ հարցերից որեւէ մեկին վերաբերելի չէ:

Արդյոք սա փորձ է գործընթացը ձգձգելու, որեւէ որոշման գալու համար, ի՞նչ նպատակով  են փակուղի տանում գործընթացը, այս հարցերին ի պատասխան Գրիգորյանն ասում է. «Չեմ կարող ասել… Ես պարզապես չեմ հավատում, որ այս կառավարությունն ի վիճակի է ինչ-որ տակտիկական քայլեր անել: Այնքան պրիմիտիվ են իրենց գործողությունները, որ մեկ, երկու քայլ առաջ անեն, այնքան պարզունակ են, որ հետո սկսում են իրար հակասել: Մենք տեսանք Էլարդի պատմությունը: Ես չեմ հավատում, որ այս իշխանությունը կփորձի ինչ-որ բան անել, որովհետեւ իր ունակություններից վեր է մեկ քայլից ավել ինչ-որ բան մտածել»:

Կառավարության քայլերից ի՞նչ հետեւություն կարելի է անել, հանքը կշահագործվի՞. հարցին Գրիգորյանը պատասխանում է. «Եթե դուք հարցնեիք՝ օրինակա՞ն է հանքի շահագործումը, ես կասեի՝ ոչ, անօրինական է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30