Հայաստանի պետական ջազ նվագախումբը սեպտեմբերի 15-ին ներկայացավ Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կայացած երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրեց մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝ նոր և ինքնատիպ մոտեցմամբ:
«Մոտ կես տարի առաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ներկայացրել էինք «Երկու տարբերակ» ծրագիրը, որի ընթացքում հնչում էր օրիգինալ դասական ստեղծագործությունը, այնուհետև՝ այդ գործի ջազային մեկնաբանությունը: Այս անգամ ներկայացրել ենք միայն ջազային փոխադրությունները, ներկայացնում ենք նաև բոլորովին նոր գործիքավորումներ»,-նշում է Արմեն Հյուսնունցը:
Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն առանձնահատուկ ընդգծեց՝ այս համերգային երեկոյով տրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ամռան ընթացքում նվագախումբն ընդհանրապես չի հանգստացել, համերգ է ունեցել Սոչիում՝ Sochi Jazz Festival-ի շրջանակում, ինչպես նաև միանգամից մի քանի համերգային երեկո է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում: «Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ելույթ ենք ունեցել զորամասում: Մենք շատ կարևորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը»,-առանձնահատուկ շեշտեց Արմեն Հյուսնունցը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ջազ նվագախմբի նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով: Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգն էլ այնքան ջերմ ընդունվեց, որ չի բացառվում՝ նվագախումբը ևս մեկ անգամ այն ներկայացնի ունկնդրին:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի հաղորդագրություն