Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտնձգություն՝ ՍԴ-ի ինքնավարության դեմ». Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ որոշման մասին

Սեպտեմբեր 16,2019 11:39

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթով հանդես եկավ՝ խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին: Նա ասաց, որ չի կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության մեջ տեղ գծած հետեւյալ մտահոգությունները  ու կետ առ կետ անդրադարձավ դրանց. «Առաջին՝ ս/թ սեպտեմբեր 4-ին ՍԴՈ 14-76 որոշման մասով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս ՍԴ-ն որոշումը կայացնելիս պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով  կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

ՍԴՈ 14-76 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել ու, ըստ էության, արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Ընդ որում, այս ճանապարհով ես զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից, այս ճանապարհով կայացրած որոշումը  ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը առնչվում է ՀՀ-ում սահմանադրական կարգի եւ ժողովրդի դեմ ուղղված ոտնձգություններին եւ դրանով իսկ պատմական եւ քաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար:

Ինչ վերաբերում է ՍԴՈ 14-76 որոշման բովանդակությանը, ապա կարելի է վստահաբար նշել, որ առանց առերեւույթ հիմնավորման, ՍԴ-ն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ ավելի քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»:

Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ ուղղված ՍԴ դիմումների մասով էլ Միրզոյանն ասաց. «Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի աշխատանքային որոշումներով ՍԴ-ն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: ՍԴ-ն մարտիմեկյան դիմումների քննվող գործերով պատասխանող ճանաչված ՀՀ ԱԺ-ին առ այսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով դիմած իր դիմումների հայերեն տեքստը՝ ի պատասխան ԱԺ աշխատակազմի կողմից ՍԴ աշխատակազմին ուղղված գրության՝ ստացվել է ֆորմալ գրություն, որ այդ գործով պատասխանող կողմը ԱԺ աշխատակազմը չէ եւ դիմումի հայերեն տարբերակը վերջինիս տրամադրել չի կարող:

Երրորդ՝ ՍԴ ինքնավարության եւ քաղաքական ազդեցության մասով՝ 2018-ի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումների մասով ՍԴ դատավորների ՍԴ նախագահ ընտրելու իրավունքի  վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումները մինչեւ ուժի մեջ մտնելը ՍԴ անդամ, մինչ այդ ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաեւ այդ փաստի բերումով այդ պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչեւ 2035-ը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության ՍԴ դատավորների ՍԴ նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է՝ որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահ նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ:

Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ն, որպես ՀՀ ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված իրավիճակի վերաբերյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30