Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը եւ սարը

Սեպտեմբեր 16,2019 12:00

«Ոչ ոք այնպես անհույս ստրկացված չէ, որքան նրանք, որ սխալմամբ կարծում են, թե ազատ են»:
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

դեկտեմբերի 20, 2020 թվական

Աշխարհում արդեն մի քանի ամիս է, ինչ սկսվել է հերթական ֆինանսատնտեսական ճգնաժամը: Շատերը հիշում են նախորդի` 2008-2010-ի ժամանակները` հուսալով, որ այս մեկը գոնե ավելի երկար չի տեւի: Գործազրկությունն աճում է, անշարժ գույքի գները` գնալով ընկնում: Անցնում են օրեր, իսկ իրավիճակն այդպես էլ չի փոխվում: Անորոշությունն ու զգուշավորությունը ներդրողներին արդեն ստիպել է զսպել իրենց ախորժակները եւ նվազեցնել ծախսերը: Որպես հետեւանք` նվազել են համընդհանուր պահանջարկն ու ներդրումները: Մարդիկ, դառնալով էլ ավելի զգույշ, եղած խնայողությունները (եթե, իհարկե, կուտակել էին նախկինում) միայն առաջին անհրաժեշտությանն են ուղղում:

Շարունակում են նվազել թանկարժեք մետաղների, այդ թվում` ոսկու համաշխարհային գները: Ճգնաժամը կարճ ճամփորդությունից հետո հասել է նաեւ մեր երկիր եւ պարզել, որ իրեն արդեն սպասում էին: «Բիզնեսները» սկսել էին նախապատրաստական աշխատանքները` առավելագույնս նվազեցնելով իրենց ծախսերը:

Հերթը հասնում է բնապահպանությանը:

Մայրաքաղաքի բուսաբանական այգում դեռ շարունակվում են վերանորոգման աշխատանքները` շնորհիվ օտարերկրյա կառավարության ֆինանսական աջակցության: Հանրային հեռուստաընկերությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ բնապահպանական ծրագրին: Զուգահեռ, մոտ 170 կմ հեռավորության վրա, բնության մեկ այլ վայրում արդեն մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է ոսկու հանքաքարի արդյունահանումը: Գործը դեռ չի հասել «տիեզերական երկրորդ արագությանը», բայց գայթակղությունն ու ձեռքբերված պայմանավորվածությունները հանքավայրի սարի բարձրությունը կամաց-կամաց իջեցնում են: Ճգնաժամը եկել-հասել է եւ այդտեղ: Սարի տնօրենը, խորհրդակցելով իր «տնօրենների» հետ, «հրավիրում է» ենթականերին եւ հաղորդում, որ ունի մեկ լավ եւ մեկ` էլ ավելի լավ լուր: Լավ լուրը` հանքավայրը շարունակելու է գործել: Էլ ավելի լավ լուրը` այն անգամ ավելի շահութաբեր է լինելու: Մի՞թե ճգնաժամը սարը շրջանցել է: Արի տես որ` ոչ: Սարն է որոշել շրջանցել ճգնաժամը: Սարի տնօրենը գտել է դրա «լավագույն» ճանապարհը` ազատվել բնապահպանական ծախսային բեռից: Հարցնում են, թե «բան ենք խոսք տվել, կարելի է ասել` երդվել ենք, գրել-ստորագրել ենք, բա մեզ ի՞նչ կասեն»: Սարի տնօրենը, հիշելով հայտնի պատմական գործչի հայտնի արտահայտությունը, մնում է սառնասիրտ. «Իսկ ո՞վ է այսօր հիշում, թե ինչ արեց աղբահավաքը մայրաքաղաքի հետ»:

Սարից 170 կմ հեռու բնապահպանները աղաղակում են: Բնապահպանության եւ շրջակա միջավայրի գլխավորը կարեւոր ձայնով հայտարարում է, թե աղտոտող յուրաքանչյուր լիտր անպատիժ չի մնա (երեք անգամ փայտե գրասեղանին թխկացնելով` մտաբերելով ժամանակ առ ժամանակ աշխատանքի ճանապարհին իրեն հանդիպած աղբասարերը):

Անցնում է եւս մեկ տարի: Ճգնաժամի ավարտը մնում է որպես զուտ ցանկություն: Իրավիճակին հետեւող կենդանական աշխարհը փորձում է լեռ, շատերը կասեին` սահմանը անցնել-հասնել հարեւան հանքային ջրերով հարուստ սարը: «Հին գայլերը» ժամանակին պատմում էին դրա մասին: Լուռ տեղափոխվում են, բայց այդպես էլ իրենց համար մնում է մութ, թե ճգնաժամն իրենց սարի հետ ի՞նչ կապ ուներ: Զարմանում են, թե լավ, իրենք կենդանիներ էին, չէին հասկանում, բայց այդքան խելացի մարդ` լուրջ դեմքերով, այդ ինչպե՞ս չկարողացան այս ամենը կանխել: Նրանք չգիտեին, որ մարդիկ հաճախ մեծամտությունը շփոթում են արժանապատվության հետ:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Աշխարհաքաղաքականություն եւ քաղաքական աշխարհագրություն»

մասնագիտության դոկտոր

Սինգապուր-Հոնկոնգ

«Առավոտ» օրաթերթ
14.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30