Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է, որ բողոքարկման ընթացակարգերը վերանայեն: Քաղաքացին վարչական ակտերը, որոնք նախատեսված են օրենսգրքի 10-րդ գլխում, պետք է բողոքարկի վերադասության կարգով, այնուհետեւ նոր դիմի դատարան: Նպատակն այն է, որ բեռնաթափեն Վարչական դատարանը, որը հիմա շատ ծանրաբեռնված է:
Բաղդասարյանի խոսքով՝ «Մի գործով, երբ ես գնացել էի Վարչական դատարան, որպեսզի բողոքարկեի, նիստ էր նշանակված, ինձ ասեցին՝ պարոն Բաղդասարյան, դու մի տարի շուտ ես եկել, նիստը նշանակել ենք հաջորդ տարի այս օրը: Պատկերացրեք մի վարչական ակտ, որը պետք է բողոքարկես, պետավտոտեսուչը քեզ տուգանել է 4000 դրամ, բայց դու պետք է սպասես 3-4 տարի, որ այդ հարցի պատասխանը ստանաս: Այս նախագծով վերադասության կարգով բողոքարկման ժամկետները կրճատվել են, 15-օրյա ժամկետում պատասխանը կտան՝ դուք խախտում ունե՞ք, թե՞ ոչ»:
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասաց, որ լավ է, որ բյուրոկրատական քաշքշուկները կրճատվում են ու մեկ ամիս ժամկետը դառնում է 15 օր, բայց հաշվարկե՞լ եք, վարչական ռեսուրսի տեսանկյունից դա հնարավո՞ր է անել: Բաղդասարյանը պատասխանեց, որ ժամկետների կրճատման առաջարկը եղել է կառավարությունից ու կառավարությունը հավանություն տվել է:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե որակը կբարելավվի՞ այս փոփոխությունից: Բաղդասարյանն էլ ասաց, որ երբ ծանրաբեռնվածությունը դատարանի նվազի, որակը կլավանա. «2018-ի ընթացքում Վարչական դատարանը 16 հազար 909 հայցադիմում է ստացել, որից 55%-ն այս օրենքի տիրույթում է: Այս օրենքի չընդունման դեպքում Վարչական դատարանը կպարալիզացվի»:
Կարդացեք նաև
Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Այն,որ բեռնաթափվելու է Վարչական դատարանը, դրանում ոչ մի խոսք, սակայն պետք է հաշվի առնենք, որ շուտով ուժի մեջ կմտնի այսպես ասած բալային համակարգը ու սպասվում է շատ մեծ ծավալների դատական բողոքարկումների գործընթաց: Այն, ինչ մենք հիմա բեռնաթափում ենք, դրա կրկնակի չափով ես կանխատեսում եմ, որ բողոքարկումներ են լինելու Վարչական դատարաններում ու հարցը լուծում չի ստանալու, 6-7 ամիս հետո եթե նայենք, նրանց գործերն ավելի շատ են լինելու: Կարգավորումը համարում եմ նպատակահարմար, բայց գտնում եմ, որ իրավիճակը կարգավորելու համար այն թերի է: Առաջարկում եմ նաեւ պետտուրքի մասով կարգավորումներ մտցնել, քանի որ պրակտիկ օրինակ բերեմ՝ բալային համակարգի համար կբողոքարկեն վերադասության կարգով, այնուհետեւ մերժվելուց հետո կդիմեն դատարան եւ ի՞նչն է խանգարում երկու էտապով բողոքելը՝ ոչ մի բան: Կծանրաբեռնեն ե՛ւ վարչական մարմնին եւ դատարանին, որի ընթացքում տարիներ շարունակ գործերը կմնան Վարչական դատարանում»:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց. «Այն պահից, երբ ներդրվեց Սեքյուրիթի Դրիմ ընկերության միջոցով տեսադիտարկման հնարավորությունը էապես աճեց ճանապարհային ոստիկանության կողմից ներդրվեց բողոքարկման համակարգը: Վարչական դատարանները պարզապես հեղեղվեցին հազարավոր գործերով, մենք բողոքում ենք արդարադատության որակից, այն դեպքում, երբ պարզապես ողողել ենք դատարանները տիպային գործերով: Պետությունը մոտ 5000 դրամ տուգանքի վերադարձման համար ծախսում է մոտ 70 հազար դրամ,եթե վարչական դատարանի ճանապարհով են գնում, սա բյուջետային միջոցների վատնում է: Այս օրինագիծը անհրաժեշտ է, դրա ընդունումը էապես կբարելավի որակը դատական համակարգում ու կբարձրացնի ոստիկանությունում դատական ակտերի վիճարկման հնարավորությունը վերադասության կարգով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ