Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ենք (պոեմ)

Սեպտեմբեր 15,2019 23:31

1-ին մասը՝ այստեղ։

Եթե հնարքով մի միջոց լիներ,
Չափելու մարդու ագահությունը,
Եվ որպես չափման սկիզբ ընտրվեր,
Առաջին մարդու ծննդյան պահը,

Մեկ է` մարդկության վերջին վայրկյանը,
Չէր բավարարի` գոնե մոտավոր,
Նշել ավարտը այդ հրեշավոր,
Աշխարհ կործանող` անպատիվ ախտի:

Ժամանակն այնքան տկարացել է,
Որ հույսը արդեն ծաղրում է նրան…
Ի՞նչ արդարացում, երբ մարդն անզոր է,
Ոճիրից փրկել յուրայիններին:

Իսկ սրբություններն այնքան արագ են
Հրաժեշտ տալիս մարդ արարածին,
Որ զարմանքն անգամ էլ չի հասցնում,
Նրան պարգևել ցավագին պահեր:

Գերեզմանների կարոտի կանչը,
Բազմապատկում է բոլորի ցավը,
Սատանան` Աստծո կերպարանք առած,
Դարձյալ խաբում է միամիտներին:

Գյուղի մեյդանում վերջին հավաքն է,
Տարագիր դարձած մոհիկանների,
Արդյոք գալու է այն ակնթարթը,
Որ հայը` հային էլ չնախանձի:

Երկիրը դրսից հանգիստ է կարծես,
Իսկ նրա խորքում հրաբուխներ են,
Մարդիկ հոգնել են անիրավ կյանքից,
Նրանց ապրելը` ապրելուց դուրս է:

Ի՞նչ հրեշներ են անցել այստեղով,
Որ շուրջը միայն ավերակներ են,
Երկիրն ավերակ, ավերակ հոգի,
Ո՞վ է փրկելու կորուստը ազգի:

Երկիրը քաոս, երկիրը անտեր,
Մի քանի իշխան և բազում որբեր,
Արևն` ամպերից գլխաշոր կապել,
Փակել է երկիր իջնող շողքերը:

Դեղնած դաշտերը ամայացել են,
Սերմնացանները` սերմացու չունեն,
Հայոց մայրերը զավակ չեն ծնում,
Մի՞թե սմքել է նրանց արգանդը:

Մի ուրվական է շրջում ամենուր,
Դա երկիրն է մեր` շատ քիչ հայերով,
Այդ ժողովրդին` վերուստ տրված էր,
Առաջնորդ լինել` շատ-շատ ազգերի:

Այս ժողովուրդը` մեկ ակնթարթում,
Կարող է ջնջել այդ ուրվականին,
Սակայն, հեզորեն ու հոժարակամ,
Գերի է դարձել` նույն ուրվականին:

Ի՞նչ հրեշ անցավ այս սուրբ տարածքով,
Որ շուրջ բոլորը անապատ դարձավ,
Ու՞ր են հոգիներն այն կայտառատես,
Որ ամեն վայրկյան հուր էին ցոլում:

Ի՞նչ ամպրոպ ճեղքեց կամքը այս ցեղի,
Որ մարդկությանը շարժում էր առաջ,
Ու՞ր կորան ազգի հենասյուները,
Որ կանգնած էին անդուլ, անխռով:

Դրսում անծիծաղ, անարյուն դեմքեր,
Ցամքած հոգիներ, սարսռած աչքեր,
Անմիտ հայացքներ, անհույս երազներ,
Անավարտ կրքեր, անհոգի հույզեր:

Անհայացք որբեր, լրբացած կույսեր,
Ամուրի կանայք, խղճահար մայրեր,
Ահա սրանք են հուսահատներն ու
Տոն տվողները սահմանի եզրին:

Եվ այսպես խումբ-խումբ, բյուր հազարներով,
Լքում են ահա մեր որբ հայրենին,
Ու ատամները պինդ սեղմում իրար,
Որ իրենց ցավը ոչ ոք չտեսնի:

Իսկ օտարության կանչը վայրենի,
Օր-օրի վրա ահագնանում է,
Տանելով իր հետ` երկար փայփայած,
Եվ արթուն պահած վերջին երազը:

Նրանք մեկնում են` ետ չդառնալու,
Հաստատ, անփոփոխ, հստակ պայմանով,
Մնացողները` մեծ ընդմիջումից
Հետո կիմանան, ինչ բան է ցավը:

Դատարկ տները արագ կլցվեն,
Մեր մեծ թշնամու նորածիններով,
Որոնց ծնում են երազանք պահած,
Դարեր համբերած ախոյանները:

Եվ կգա ժամը, երբ մենք ազգովին,
Կփնտրենք բառը արդարացումի,
Ու հավանաբար, ինչպես նախորդիվ,
Նրան կանվանենք բիրտ ճակատագիր:

Դարձյալ կերգենք մեր հին երգերը,
Կորցրած հողերի և հերոսների,
Եվ կորոնենք գիշեր ու ցերեկ,
Մեր ազգափրկիչ մեծ եղբայրներին:

Իսկ կուռ սրերը հայոց քաջերի,
Պարապությունից ժանգոտելու են,
Օրորոցները կարոտելու են,
Իրենց շունչ տվող նորածիններին:

Ցայտաղբյուրները իրենց երգերով,
Էլ չեն գերելու սիրահարներին,
Ցորենի արտերն էլ չեն բուսնելու,
Սերմնացանների վրձնի հարվածից:

Մեր եղած հողը` ապրողաց համար,
Օտարի աչքին շատ է թվալու,
Եվ կուլիսներում մեծ սրահների,
Հայոց հողերի հարցն է լսվելու:

Հայտնի չէ, ո՞վ է դեմը առնելու,
Օտար այրերի բիրտ վճիռների,
Որի արդյունքում մեր ունեցածը,
Հերթական անգամ` մաս է դառնալու:

Զգոնության կոչ` ոչ ոք չի անում,
Կարծես, նախիրը հանգիստ է քնել…
Շատ կասկածելի պահ են մատուցել,
Խայծը կուլ տալուն` վայրկյանն էլ շատ է:

Մի՞թե մեր միտքը այնքան տկար է,

Որ չի գրանցում ոչ մի ելևեջ,
Մեր շուրջն ընթացող` արժեքակործան,
Մահաբեր բոթով լեցուն խաղերի:

Ափսոս, մենք անգամ փորձ էլ չենք անում,
Մի պահ սթափվել և հարց ուղղել մեզ,
Թե ինչո՞ւ Աստված` այսպես անխնա,

Դժոխք է դարձնում մեզ տրված կյանքը:
Այդպես լինում է, երբ մարդկանց գործած
Մեղքերի թիվը` մեկ ակնթարթում,
Գերազանցում է նրանց կատարած,

Բարի գործերի բազմապատիկը:
Դեռ շնչող մարդիկ` մեր սուրբ օրրանի.
Եթե նամուսը չի մեռել մեր մեջ,
Ինչու՞ ենք թողնում, որ պիղծ շները,

Լկտի անարգեն սուրբ արժեքները:
Մի՞թե զրկել են մեզ վերջին հույսից,
Ու ստրկացրել մեր խիղճն ու միտքը,
Որ այսպես հլու` առանց պայքարի,

Զիջում ենք նաև մեր հոգու կանչը:
Երկիրը վարող հայոց այրերը,
Իրավունք չունեն՝ թեկուզ մտովի.
Արյամբ ետ բերած շիրմաքարերը,

Թեկուզ մեկ ժամով հանձնել թշնամուն:
Տրամաբանության կամ իրավունքի,
Որևէ հոդված գոյություն չունի,
Որ նրանց մղի` երբևէ կրկնել,

Հայ իշխանների սխալ քայլերը:
Ազգս ինչի՞ է սպասում այժմ,
Երբ հայրենադավ կրքերն են իշխում,
Հազարամյակներ փայփայած իղձը,

Առանց ափսոսանք` տանում գերեզման:
Ոչխարի հոտից գլուխը կորցրած,
Սոված գայլի պես` պատրաստ հարձակման,
Շեղում են երկիրն իր ուղեգծից,
Եվ տանում կրկին` դեպ պանդխտություն:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30