Ցավ ու վիրավորանք ես ապրում, որ երկրիդ նախագահը բանտում է. ոչ թե չես ուզում հավատալ, որ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը մեղավոր են, նույնիսկ հանցավոր` հայրենիքի այսքան չլուծված խնդիրների` դատաիրավական, սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական քաոսի համար, այլ որովհետև երկրի նախագահը պետության խորհրդանիշ է, թերևս` պատիվն ու պարծանքը: Պետության խորհրդանիշը չպետք է այսքան վարկաբեկված, նույնիսկ հանցապարտ լինի. այո´, պետության խորհրդանիշը շարքային քաղաքացուս, նաև մտավորականի, գիտնականի, քաղաքագետի, զինվորականի համար ոչ թե կամա, թե ակամա, այլ` պարզապես հարգանքի, նաև հպարտության խորհրդանիշ պետք է լինի: Խորհրդանիշ լինի իր ողջ կյանքով` անցյալով, ներկայով և ապագայի երախտագիտությամբ:
Թող ոչ մի նախագահ, վարչապետ, նախարար, քաղաքապետ ու զինվորական չարդարանա` դե պատերազմ էր, շրջափակում, շուրջբոլորը թշնամիներ և ոխերիմ բարեկամներ… Եթե պետական ռազմական, քաղաքական գործիչների համար հայրենիքը լիներ լոկ նպատակ, ոչ թե միջոց, ինչպես, ցավոք եղել է երեսուն տարի շարունակ, ապա այսօր մեր հայրենիքը հզոր, տնտեսապես զարգացած կլիներ, լուծված կլիներ Արցախի հարցը, որն անթույլատրելիորեն ձգձգվում է` ի վնաս մեր պետականության, ժողովրդագրության, տնտեսության, ապագայի անվտանգության:
Այո´, պարոնայք նախագահներ, երեսուն տարվա պետական ձեր ողջ կառույցներով բոլորդ անխտիր հայրենիքը միջոց էիք դարձրել` անտեսելով սրբազան նպատակը: Իհարկե, բոլորդ էլ պարծենում եք, հպարտանում` անկախություն ենք կերտել, պատերազմում հաղթել, ազատագրել Արցախը. լավ եք արել /այս առումով փառք ու պատիվ մեր ժողովրդին…/, պարտավոր էիք անել, քանզի պատմությունը ձեզ շանս էր տվել` հայրենիքի, ժողովրդի զավակներն եք… Բայց առկա է այլ հարցադրում` «Ինչ եք արել, որ չպետք է անեիք, ինչ չեք արել, որ պարտավոր էիք անել» /«Առավոտ», 01.08.2017., «Իրատես», 26.09.2017./:
Պարոնայք նախագահներ, վարչապետեր, քաղաքապետեր, գեներալներ, քաղաքական գործիչներ, ավելի քան մեղավոր ու պատասխանատու եք այս ոչ նախանձելի ներկայի ու անորոշ ապագայի համար:
Կարդացեք նաև
«Հոգատարություն անցյալի նկատմամբ` հոգատարություն է ապագայի հանդեպ». ռուս մեծ գիտնական Լիխաչովի այս իմաստուն խոսքը ասես հատկապես մեզ էր ուղղված: Մեր ողջ պատմության ընթացքում հոգատար չեղանք անցյալի նկատմամբ` բոլոր առումներով և մնացինք պատմության ավերակներում: Երբեք դաս չառնելով պատմությունից, վերջին երեսուն տարում դավաճանաբար վարվեցինք անցյալի նկատմամբ` հունցելով այսօրվա անորոշ ներկան ու կասկածելի ապագան:
Պարոնա´յք, եթե հայրենիքը ձեզ համար լոկ նպատակ լիներ, ոչ թե միջոց, ապա 1994թ. մայիսին չէր կնքվի անիրատես, անհեռատես, երկրի ապագայի անվտանգությունը չերաշխավորող Բիշքեկի ոչ դիվանագիտական, երկչոտ զինադադարը` վերջնական հաշտության պայմանագրի փոխարեն: Չէր լինի 1996թ.
կեղծված ընտրությունը, որը նախադրյալ դարձավ հետագա կեղծիքների: Չէր լինի 1999թ. հոկտեմբերի հայրենադավությունը, 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունը, 2016թ. ապրիլյան պատերազմը` հարյուրից ավելի զոհերով: Վերջնականապես հայանպաստ տարբերակով լուծված կլիներ Արցախի հարցը` հնարավորություն չտալով Բաքվի թրքությանը նավթադոլարներով զինվել ոխերիմ թշնամիների և անհասկանալի բարեկամների ավերիչ զինատեսակներով:
Հայրենիքը չէր դառնա օտարերկրյա կապիտալի հանքահումքային աղետալի, կողոպտչական բազա, օտարներ, ովքեր մեր երկրի ոսկու, մոլիբդենի, պղնձի հանքախտանյութերն արտահանելով, թաքցնում էին, թե էլ ինչ թանկարժեք այլ նյութեր էին կողոպտում մեր երկրից, այն պարագայում, երբ հատուկ սարքերով դա կարելի էր բացահայտել: Բայց դուք, պարոնայք, ճարպկորեն համագործակցում էիք օտար կողոպտիչների հետ, մասնաբաժիններ ունեիք, կողմնակի մեծ եկամուտներ էիք վաստակում և թքած ունեիք, որ օտար թալանչիները Ամուլսարում, Թեղուտում, Ալավերդիում, Սյունիքում չապահովագրված աղետալի պոչամբարներ էին ստեղծում` վտանգելով հայրենի բնաշխարհը, գետերը, ազգային մեծագույն հարստությունը` Սևանա լիճը: Բայց տարօրինակ է, որ ռադիոմեկնաբաններ Պետրոս Ղազարյանն ու Կարեն Քոչարյանը ստանձնել են մեծ Բրիտանիայի ու Կանադայի կողոպտիչների փաստաբանների դերը, հայտարարելով` նրանք կանաչ մոլորակի ջատագովներ են և թույլ չեն տա, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումից տուժի Հայաստանի բնաշխարհը` Ջերմուկը, Սևանը: Պարոնա´յք, իրո՞ք կարծում եք, որ Մեծ Բրիտանիայի ու Կանադայի սրտերը մղկտում են Հայաստանի բնաշխարհի համար… Բնապահպանները հայրենասիրաբար պայքարում են բնաշխարհի անվտանգության համար, իսկ դուք, պարոնայք, անհամեստորեն ծաղրում եք նրանց…
Պարոնայք նախագահներ, դուք խաբում էիք ինքներդ ձեզ էլ ժողովրդին էլ, իբր հանքարդյունաբերությունն աշխատատեղեր է ապահովում, զգալի գումարներ են մտնում պետբյուջե. բայց դա ակնհայտ կեղծիք է, քանզի, ըստ մասնագետների հավաստի տվյալների, բնակչության ընդամենը 0,9 տոկոսն էր զբաղված հանքարդյունաբերությունում, այն պարագայում, որ հաջող զբոսաշրջության և արդյունավետ գյուղատնտեսության շնորհիվ թե´ աշխատատեղերի թիվը, թե´ պետբյուջե մտնող գումարները շատ ավելին կլինեին:
Պարոնա´յք, թե ինչ չափով էիք հայրենիքը միջոց դարձրել, կապիտալ կուտակել, դղյակներ կառուցել, թող ձեր խիղճը ձեզ դատավոր լինի. բայց այն փաստը, որ ձեր վարչապետերը, նախարարները, մարզպետերը, քաղաքապետերը, մեծ ու փոքր ամեն տեսակի պաշտոնյաներ հայրենիքը միայն ու միայն միջոց էին դարձրել, ակնհայտ է. վկա այսօրվա բազմաթիվ քրեական գործերը անցյալի զանազան պաշտոնյաների նկատմամբ: Չէ որ այս ամենի համար, պարոնայք նախագահներ, դուք պատասխանատու էիք և ձեր օրինակով վճռականորեն ու գործնականորեն պետք է հայտարարեիք` հայրենիքը միայն ու միայն նպատակ է և ոչ երբեք միջոց:
Հայրենիքն է սրբություն սրբոց. և տարօրինակ է, որ մի հայուհի, արձագանքելով իմ հոդվածներին մեղադրում է` ինչո՞ւ եք հայրենիքը պաշտելի համարում: Այո´, չկա որևէ բան ավելի պաշտելի, քան հայրենիքն է, այսինքն` ժողովուրդը, մեր բնաշխարհը, նաև Արցախն ու կորուսյալ հայրենիքը:
Պարոնա´յք, հավերժահարս Կալիպսոն Ոդիսևսին խոստանում էր անմահություն, եթե նա հրաժարվեր իր հայրենիքից. մեծ հայրենասերը հրաժարվում է անմահությունից` հանուն հայրենիքի` իսկ դո՞ւք…
Եվ ահա այսօր երկրի խորհրդանիշ նախագահները ոչ միայն մեղավոր են հայրենիքի հանդեպ, այլև հանցավոր, քանզի երեսուն տարի է ժողովրդին պահում են տագնապների, անորոշության մեջ: ԵՎ զավեշտ է, որ պատմաբաններն այսօր չեն կողմնորոշվում, թե հայոց պատմության դասագրքերում ինչպես ներկայացնել մեր «փառապանծ» նախագահներին: Օրինակ, չգիտեն Լևոն Տեր-Պետրոսյանին դրակա՞ն ներկայացնեն, թե՞ բացասական. թերևս բացասականն այնքան զգալի ու որոշիչ է, որ դրականը ստվերվում է: Իսկ երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական գնահատականը օրակարգում է` ցավոք, շատ բացասական առումներով:
Չեմ կարող մեջբերում չանել տաղանդավոր գրող, հայրենասեր Աշոտ Աղաբաբյանի /վկա իր հայաշունչ եռագրություն վեպերը`«Մենակը», «Ռեզիդենտը», «Թակարդը»/ «Թակարդը» գրքի վերաբերյալ Ներսես Աթաբեկյանի` «Խոսք խմբագրի» ջերմ տողերից մի հատված. «Աշոտ Աղաբաբյանի հերոսը վճռական մենակն է, ով պահպանում է իր արժեհամակարգը հրաժարումի գնով. հրաժարում բարեկեցությունից, ճանաչումից, նույնիսկ ազատությունից, անգամ` կյանքից, քանզի` մարդն իր կյանքից թանկ արժե ժամանակի ու հիշողության մեջ»: Ահա հայրենասեր տաղանդավոր գրողը զարմանալի հերոսի` Ջոն Հանիսյանի իմաստուն խոսքն է հղում անցյալի, ներկայի գործիչներին, ապագա սերունդներին: Այո, արցախյան ազատագրական պայքարի հերոսն իր մարտական ընկերներին հիշեցնում է` «շատերիս է թվում, թե գալու է մեր ժամանակը. ժամանակը երբեք չի գալիս, այն միշտ գնում է… մենք մեր անելիքն արել ենք, և հիշեք, ես միշտ այսպես եմ մտածում` մարդն իր կյանքից թանկ արժե ժամանակի ու հիշողության մեջ»:
Իսկ դուք, պարոնայք նախագահներ, եղա՞ք «վճռական մենակ», ինչպիսիք էին Ջոն Հանիսյանը, Գևորգ և Գոհար Վարդանյանները, Հայկ Հովակիմյանը, Գրիգոր Գուրզադյանը, ովքեր պահպանում էին իրենց արժեհամակարգն ամեն գնով: Եվ պարզապես ապերախտություն էր, որ փառապանծ հերոսը` Ջոնն, արժանիորեն չգնահատվեց, արժանացավ ընդամենը մի պարգև-ատրճանակի:
Վճռական մենակ էր մեծն Նժդեհը, ով վատ զինված, կիսաքաղց գայլավաշտերով ջախջախեց բոլշևիկյան, թուրք-ազերիական ահեղ դիվիզիաները և փրկեց մեր հայրենիքը վերջնական մասնատումներից, կործանումից:
Անարդար, չարագույժ աշխարհի դեմ վճռական մենակ էին հերոսներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Մոնթեն, Ազգալդյանը, Մեղրյանը, այն փառապանծ հայորդիները, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրեցին չքնաղ Շուշին` գրադների կործանիչ կրակից փրկելով Ստեփանակերտը, այսինքն` Արցախը` ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի:
Երկերեսանի աշխարհի երկերեսանի բարեկամների, անպատասխանատու ղեկավարների ու զինվորականների առաջ վճռական մենակ էին քաջարի Արմենակ Ուրֆանյանն ու հարյուրից ավելի հերոսաբար զոհված նրա երիտասարդ ընկերներն, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին Արցախը թուրք բարբարոսներից: Պարզապես դեմառդեմ Սերժ Սարգսյանին պետք է հարցնել` երբ պարբերաբար օրհնում էիր Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Ծառուկյանի, ժողովրդից կողոպտված փողերով կառուցած եկեղեցիներն ու դղյակները, բանկերում ապահով զետեղում էիր եղբայրներիդ ու եղբորորդիներիդ չգիտես ինչ ճանապարհով կուտակած միլիոնները, հապա ինչո՞ւ չբարեհաճեցիր այդ վիթխարի միջոցներով զինել սահմանները համապատասխան հսկիչ-ստուգիչ սարքերով, հայրենիքի անվտանգությունը ծաղրուծանակի ենթարկող պահածոյի տուփերի փոխարեն, որ ժամանակին վերահսկվեր թշնամու շարժը և չզոհվեին հարյուրից ավելի մեր զավակները: Պարոն Սարգսյան, դուք` հանրապետականներդ, հայրենիքը միայն ու միայն միջոց էիք դարձրել և ձեզնից հետո թողեցիք ավերակներ բոլոր բնագավառներում:
Տեսնում եք, պարոնայք, թե ինչքան պատասխաններ ունեք տալու ձեր արած-չարածի համար. հապա անդրադարձեք հանրապետության ներկա ռազմաքաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական, բնապահպանական ձեր թողած աղետալի ժառանգությանը… Այո, «պետության խորհրդանիշեր», իրոք արժե ձեր բոլորի դեմ քրեական գործ հարուցել… ցավալիորեն:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ