Լրահոս
Օրվա լրահոսը

Քուվեյթի շեյխուհի. «Հայաստանը փոքրիկ, բայց ինքնատիպ ու գեղեցիկ երկիր է»

Սեպտեմբեր 15,2019 19:40

Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, որը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով, ի թիվս այլ վայրերի, այցելեց Մատենադարան, Գաֆեսճյան թանգարան եւ Հայաստանի ազգային պատկերասրահ:

Նունե Սարգսյանն ասաց, որ ինչպես մյուս երկրների, այնպես էլ Քուվեյթի հետ Հայաստանը շահագրգիռ է ունենալ մշակութային կապեր: «Քանի որ շեյխուհի Հուսան խորապես ծանոթ է արաբական մշակույթին, որոշեցինք իրեն հրավիրել եւ ներկայացնել  մեր մշակույթը, այն հույսով, որ կարողանանք մշակութային փոխանակումներ անել: Իրեն առաջարկում ենք իսլամական գրքերի եւ ձեռագրերի Ալ-Սաբահ հավաքածուի բացառիկ նմուշները ցուցադրել Երեւանում, դրա փոխարեն  Մատենադարանից ժամանակավորապես Քուվեյթ կտեղափոխենք արաբական ձեռագրերի հավաքածուն: Ահա այս ձեւով մենք կփոխանակենք մեր մշակույթները, որով կկապենք մեր ժողովուրդներին եւ երկրները, քանի որ մշակույթը, երաժշտությունը, գրքերն են առաջին հերթին կապում ժողովուրդներին»,-ասաց տիկին Սարգսյանը:

Aravot.am-ը Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություններ ունի իր հայաստանյան մշակութային շրջագայությունից:

«Հայաստան եմ ժամանել Նունե Սարգսյանի հրավերով, շատ տպավորված եմ այն ամենով ինչ տեսել եմ, հատկապես Մատենադարանով: Հիացած եմ նաեւ ժամանակակից արվեստի թանգարանով»,-ասաց շեյխուհին: Հավելեց, որ պատրաստվում են Քուվեյթում անցկացնել հայկական մշակութային շաբաթ, որը չի սահմանափակվի միայն արվեստի գործերի եւ կամ բացառիկ ձեռագրերի ցուցադրությամբ:

Նունե Սարգսյանն էլ հավելեց, որ Երեւանում էլ Քուվեյթի մշակույթի փառատոն կլինի, որը կընդգրկի ոչ միայն արվեստն ու երաժշտությունը, այլեւ ազգային խոհանոցը, արհեստները; «Նախնական պայմանավորվածություն արդեն կա, հուսով ենք, որ դա կկայանա մյուս տարի»,-նշեց Նախագահի տիկինը:

Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը  մեր երկրի մասին ասաց, որ Հայաստանն իրենց սրտում է, քանի որ բազմաթիվ հայ բարեկամներ ունեն, որոնք ապրում են Քուվեյթում եւ այնտեղ են հաստատվել Սիրիայից, Լիբանանից ու աշխարհի այլ անկյուններից: Ասաց նաեւ, որ շատ սիրում է հայկական խոհանոցը, քաղցրավենիքը;

Շեյխուհին Հայաստանը բնորոշեց որպես փոքրիկ, բայց ինքնատիպ գեղեցիկ երկիր, որը հարուստ մշակութային ժառանգություն ունի, եւ Հայաստանի դիմագիծը հենց մշակույթն է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30