Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրագետ․ Առավել ընդունելի է ՍԴ-ի պատճառաբանված որոշումը․ «Ա1+»

Սեպտեմբեր 15,2019 18:07

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի և դրա հիման վրա ՍԴ ամբողջական որոշման կապակցությամբ ՍԴ դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանի և Արման Դիլանյանի հատուկ կարծիքները:

Դատավորների կարծիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:

ՍԴ որոշման մասին

«Ինչպես գիտենք Քրեական դատավարության 35-րդ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ հոդվածը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ Սահամանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը, քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։

Սրանով, ըստ Մելոյանի, Բարձր դատարանն արձանագրել է, որ ակնհայտ օրենսդրական բացի առկայությունը, խախտում է Սահմանադրության 2-րդ գլխով (Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները) նախատեսված մի շարք հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ անձնական ազատության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքը՝ հատկապես ընդգծելով Սահմանադրության 75-րդ հոդվածը (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը), համաձայն որի՝ օրենսդիրը պարտավոր է սահմանել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպման կառուցակարգեր և ընթացակարգեր։ «Եվ փաստացի հաստատվեց, որ գործառութային անձեռնմխելիության առկայության ստուգման վերաբերյալ անհրաժեշտ ընթացակարգերի և կառուցակարգերի բացակայության դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված սուբյեկտների, այդ թվում՝ նախկին նախագահների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը խախտում է նրանց անձնական ազատության և Սահմանադրությամբ նախատեսված մի շարք այլ իրավունքներ»,- ընդգծեց սահմանադրագետը։

ՍԴ դատավորների հատուկ կարծիքների մասին

Մելոյանը ողջունեց դատական համակարգում հատուկ կարծիքների ինստիտուտը՝ նշելով, որ դա կայացած իրավական համակարգ ունեցող երկրներում դատական մշակույթի մասնիկ է և բացառապես վկայում է իրավունքի զարգացման մասին:

Սահմանադրագետի փոխանցմամբ՝ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ հատուկ կարծիքը ՍԴ որոշումների պարտադիրության և իրավական արժեքի նկատմամբ որևէ իրավական հետևանք, այդ թվում՝ բացասական չի կարող ունենալ:

Սահմանադրագետի խոսքով՝ ժողովրդավար երկրների Գերագույն դատարաններում հատուկ կարծիքի ինստիտուտը լայնորեն տարածված պրակտիկա է և, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում հատկապես վերջին 10-15 տարիներին հիմնական իրավունքների մեկնաբանության վերաբերյալ բոլոր կարևորագույն որոշումները մեծամասամբ ընդունվել են 5/4 կամ 6/3 հարաբերակցությամբ: Ընդ որում՝ հատուկ կարծիք ներկայացրած դատավորները շատ խիստ քննադատել են մեծամասնության ամրագրած իրավական դիրքորոշումները։ «Հաշվի առնելով այս գործի (Քոչարյանի գործը – հեղ․)հնչեղությունը և առկա տարամեկնաբանությունը՝ հատուկ կարծիքների առկայությունը սպասելի էր, ուղղակի մեր հասարակությունը դրանց վերաբերում է որպես արտասովոր երևույթի»,- նկատեց հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը։

Դատավորներ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանը, իրավաբանի խոսքով, անդրադարձել են այն հանգամանքին, որ ՔԴՕ 35-րդ հոդվածում օրենսդրական բաց առկա չէ՝ բերելով տարբեր պատճառաբանություններ և հիմնավորումներ գործառութային անձեռնամխելիությամբ պայմանավորված օրենսդրական բացի  առկայության հետ: Ավելին՝ պարոն Դիլանյանը նշել է, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ վիճարկվող ՔԴՕ 35-րդ հոդվածը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել: Սակայն վերջին կարծիքը ուղղակի անընդունելի է, քանի որ ըստ ձևավորված դատական պրակտիկայի, այդ թվում՝ համաձայն Վաչագան Ղազարյանի գործով Սահմանադրական դատարանի ամրագրած իրավական դիրքորոշման , կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է ստուգել քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայությունը: Հետևաբար՝ ՔԴՕ 35-րդ հոդվածը ուղղակիորեն կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս:

Սահմանադրագետը տարակուսելի նմանություն է տեսնում Դիլանյանի հատուկ կարծիքի և որոշ ներկա ու նախկին պաշտոնատար անձանց, իրավաբանների կողմից ներկայացված դիրքորոշումների միջև, նույնիսկ տերմինալոգիական բնույթի «Հնարավոր է, որ դա զուտ համընկնում է, սակայն առնվազն տարօրինակ է, և իմ դիտարկումն է: Խոսքն այն պաշտոնատար անձանց շրջանակի մասին է, որոնք վերջին շրջանում բացահայտ նպատակ են հետապնդվում փոփոխել ՍԴ գործող դատավորների կազմը»։

Վերադառնալով 35-րդ հոդվածին՝ Մելոյանն ասաց, որ պետության պոզիտիվ պարտականություն է սահմանել այնպիսի անհրաժեշտ և բավարար կառուցակարգեր ու ընթացակարգեր, որոնք կապահովեն ցանկացած իրավահարաբերության շրջանակում անձանց իրացնել իրենց սահմանադրական իրավունքներն ու երաշխիքները, հետևաբար՝ օրենսդրական և իրավական բացերը պետք է վերացվեն, իսկ դրանց առկայությունը պետք է մեկնաբանվեն բացառապես ի օգուտ մեղադրյալի։

«Գործառութային անձեռնմխելիությամբ են օժտված ոչ միայն նախկին նախագահները, այլև՝ Մարդու իրավունքների պաշտպանը, պատգամավորները, իսկ այս ինստիտուտի վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների բացակայությունն ակնհայտորեն հանգեցնում է նշված սուբյեկտների իրավունքների խախտման»,- շեշտեց նա։

Արման Դիլանյանն իր կարծիքում նաև նշել էր, որ նախկինում էլ գործառութային անձեռնմխելիությանը դատարանն (2018 թվականի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բեկանել էր   Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու առաջին ատյանի որոշումը ՝ հաշվի առնելով նախագահական անձեռնխելիությունը   – հեղ․) անդրադարձել է՝ անմիջականորեն կիրառելով Սահմանադրության 27-րդ (Անձնական ազատությունը) և 140-րդ (Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը) հոդվածների դրույթները (այս մասին տե՛ս հատուկ կարծիք 4-րդ էջում)։

Այս կապակցությամբ Գոհար Մելոյանը նշեց, որ, բնականաբար, անդրադառնալով Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումներին՝ պարոն Դիլանյանը փորձում է հիմնավորել օրենսդրական բացի բացակայությունը, եւ, որ անգամ առկայության պարագայում  իրավակիրառ պրակտիկայում այն հաղթահարվել է, ինչը զուտ ՍԴ դատավորի դիրքորոշման խնդիր է։ Սակայն, ՍԴ-ն իր որոշման մեջ մանրամասն վեր է լուծել օրենսդրական բացի առկայությունը եւ հանգել այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես՝ Ռ. Քոչարյանի գործով Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումները բավարար չէին օրենսդրական բացը հաղթահարելու համար։ Դիցուք՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք եւ հետեւբար, նաեւ պարտավորվում է ապահովել այդ իրավունքների իրացումը, ինչպես սահմանված է Սահմ. 75-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւընթացակարգեր: Հետեւաբար՝ Մելոյանը նշել է, որ իր համար առավել ընդունելի է ՍԴ-ի պատճառաբանված որոշումը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30