Սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այս հանդիպման ժամանակ, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, Փաշինյանը մի ուշագրավ դիտարկում է կատարել. «Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին: Սա թերեւս ամենակարեւոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռեւս հիմնական հասկացություններ ճշտելու եւ ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են եւ այսպես շարունակ»:
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս հանդիպմանը արծարծվել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու հարցը, ինչպես նաեւ բնապահպանական խնդիրները, խոսք է գնացել նաեւ Ամուլսարի հանքի մասին:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որ մեր տեղեկությունների մասին հարցին չպատասխանեց, նշելով՝ այդ հանդիպմանը նախապես պայմանավորվածություն է եղել չհանրայնացնել քննարկման թեմաները, ուստի իրավապաշտպանը չցանկացավ խախտել պայմանավորվածությունը:
Կարդացեք նաև
«Կարող եմ ասել, որ այդ քննարկմանը հստակեցվեց՝ կառավարությունը հետամուտ է լինելու ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքների հաստատմանը Հայաստանի հանրապետությունում, եւ բոլոր այն գործիքների ներդրմանը, որոնք կնպաստեն մարդու իրավունքների հաստատմանը»,-ասաց իրավապաշտպանը: Նա ավելացրեց՝ ի թիվս այս հարցերի, անդրադարձ է եղել նաեւ այն խնդիրներին եւ թեմաներին, որոնք առիթ են մանիպուլյացիաների. «Ընդհանուր առմամբ՝ առանձնապես նոր բան չկար, քննարկումն ավելի ոլորտային էր, օրինակ՝ հաշմանդամության խնդիրները»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նաեւ դատաիրավական համակարգի հարցեր են քննարկվել: Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց.«Դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամութուն կա, եւ կա գիտակցություն, որ եթե այդ ամենը չի արվում, ապա հեղափոխությունը մնում է միայն իրադարձություն եւ ոչ թե՝ հեղափոխություն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ