Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա կյանքը դարձավ լոկ նվիրաբերում Հայրենիքին, խղճին ու արդարությանը

Սեպտեմբեր 15,2019 11:10

Այս տարվա հունվարի 24-ին ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Գոհար Ենոքյանը: Այսօր` Խաչվերաց տոնին նրա գերեզման արդեն իսկ այցելել էին եւ շարունակում են այցելել հարազատները, ընկերները, նրան ճանաչողները: Ժողովրդի սիրուն արժանացած այս կինն անցել էր կյանքի բոլոր ճանապարհներով. բանվորից տնօրեն, ՀԽՍՀ շրջանային պատգամավորից նախկին միութենական` ԽՍՀՄ պատգամավոր, անկախ Հայաստանի ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ: Գ. Ենոքյանի անունը թնդում էր Երեւանի Կլարա Ցետկինի անվան ԿԱՄ «Կրասնի Շվեյնիկ» մասնաճյուղի տնօրեն, Երեւանի «Գարուն» արտադրական միավորման գլխավոր տնօրեն եղած տարիներին:

Քիչ բան չարեց նրա ղեկավարած արտադրական հիմնարկն Արցախյան շարժման տարիներին, նրա ամեն մի օրը նվիրում եւ նվիրաբերություն էր, առանց «փիառկոմպանիաների»: 1993-1997 թթ. Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարչության անդամ էր, 1996-2007 թթ.` ՀՀ Արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահության անդամ: 1999 թ. պարգեւատրվել է ՀՀ արդյունաբերողների եւ գործատուների միության Ոսկե մեդալով, 2000 թթ. արժանացել է ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Դարի մարդ» կոչմանը, 2001 թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել էր «Մխիթար Գոշ» մեդալով:

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահն էր: Կոչումներից ու պարգեւներից զատ ամենամեծ կոչումը ժողովրդական լինելն էր: Գոհար Ենոքյանն ինքն իրենով օրինակ էր ապրելու, ապրեցնելու, արարելու: Նրա մտերիմներից գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, որը շատերի նման դեռ չի հաշտվել այն մտքի հետ, թե մեր կողքին չէ Գոհար Ենոքյանը, անչափ հուզված ասում է. «Տասնամյակներ առաջ ես շատ էի խորհում՝ «Ո՞վ է իմ ժամանակի կին հերոսը»… Եվ երբ հեռուստացույցով տեսա, թե Կրեմլում Սովետների համագումարի ժամանակ Գոհար Ենոքյանը ինչ անձնազոհ հանդգնությամբ էր շշպռում աշխարհի ամենահզոր ու ամենադաժան նախագահ Գորբաչովին, ես հասկացա, որ հենց ինքն է իմ ժամանակի կին հերոսը: Չկա Սովետը, քանդվեց անարդարությունից: Բայց համոզմունքս մինչև այսօր առավել զորացել է այն կնոջ նկատմամբ, ում դժվար ու Ստալինյան ռեպրեսիաներով Ալթայի երկրամասում հայտնված մշեցու դուստրը իր մանկությունը զգաց ցավի ու կարոտի կրակե սիբիրյան շապիկի մեջ: Ժողովրդի թշնամու զավակ հորջորջված Գոհար Ենոքյանը միայն յոթը տարի անց մի ակնթարթում էլ հայտարարվեց Սովետների երկրի արժանապատիվ քաղաքացի, հավատով ու նվիրումով դարձավ տնտեսական լուրջ գործիչ ու ղեկավար: Բայց երբ Արցախյան գոյապայքարը սկսվեց, նրա կռիվը տնտեսականից գնաց նաև քաղաքական դաշտ: Եվ անարդարության մշուշում ամբիոնի մոտ խիզախելը առավել վտանգավոր էր, իսկ վախի զգացման մասին նա վաղուց մոռացել էր: Պայքարեց ներքին ու արտաքին թշնամիների դեմ, ու նրա կյանքը դարձավ լոկ նվիրաբերում Հայրենիքին, խղճին ու արդարությանը… Այսօր դարձյալ Գոհար Ենոքյանն է իմ բոլոր ժամանակների կին հերոսը… »:

 

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30