Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քաղցր բառը՝ կուսակցություն

Սեպտեմբեր 15,2019 13:00

Չնայած քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների տեսակետներն ու գաղափարներն են քննարկման ենթակա, եւ չնայած իրականում քաղաքական ու կուսակցական գործիչներից քչերն են հավատավոր ու գաղափարական, այդուհանդերձ, որեւէ կուսակցության ակտիվիստ թույլ չի տա, որ իր ներկայությամբ քննարկման առարկա դարձնես կամ կասկածի ենթարկես իր կուսակցության տեսակետներն ու գաղափարները: Ասվածը վերաբերում է նաեւ մեր քաղաքական գործիչներին ու կուսակցականներին: Առաջին հերթին, իհարկե, դաշնակցականներին: Փորձեք որեւէ դաշնակցականի ներկայությամբ քննարկման առարկա դարձնել կամ կասկածի ենթարկել Դաշնակցության որեւէ գաղափար կամ տեսակետ: Հակահարվածն անկասկած չի ուշանա: Դաշնակցությունը մեծատառով ենք գրում, որովհետեւ հատկապես Սփյուռքում Դաշնակցությունն ու հայրենասիրությունը եւ ընդհանրապես Դաշնակցությունն ու Հայը հոմանիշներ են, եւ Սփյուռքն էլ ենք մեծատառով գրում, որովհետեւ ընդհանուր առմամբ շատերիս գիտակցության մեջ Սփյուռքն ու դաշնակցությունն էլ են հոմանիշներ, եւ ընդհանրապես՝ հայերս մեծատառերի հանդեպ հատուկ վերաբերմունք ու պատկառանք ունենք, որովհետեւ մենք ազգասիրությունը, հայրենյաց երեւույթներն ու մեծատառերի կիրառությունն անմիջապես ու անմիջականորեն ենք իրար հետ կապում եւ հիմնականում մեծատառերի միջոցով ենք արտահայտում մեր վերաբերմունքն այս կամ այն երեւույթի հանդեպ, եւ ասվածը վերաբերում է հատկապես քաղաքական գործիչների ու կուսակցականների լեզվին, լեզվամտածողությանն ու բառապաշարին, եւ Դաշնակցությանն ու դաշնակցականներին առաջինն ենք օրինակ բերում, որովհետեւ կուսակցություններից Դաշնակցությունը մեզանում բոլոր իմաստներով է օրինակելի ու դասական, եւ քանի որ օրինակելին ու դասականը Դաշնակցությունն է, մյուս նորաբաց ու արդի կուսակցությունները հենց Դաշնակցությունից ու դաշնակցականներից պիտի օրինակ վերցնեին, ու վերցնում են՝ ներառյալ մեծատառերի հարցում, որովհետեւ եթե «Բարգավաճ Հայաստանը» մեծատառով չգրես, Հայաստանը դժվար թե բարգավաճի, եւ եթե «Լուսավոր Հայաստանը» փոքրատառով գրես, Հայաստանը կարող է խավարի մեջ հայտնվել, եւ եթե նկատել եք, մեր կուսակցությունների անվանումներն ավանդաբար վերամբարձ ու ամպագոռգոռ են, եւ պատահական չէ, որ առաջինը «Բարգավաճը» նշեցինք, եւ երկրորդը՝ «Լուսավորը», չնայած երեւի պիտի առաջինը ՀՀՇ-ն՝ Հայոց Համազգային Շարժումը հիշեինք ու նշեինք, որովհետեւ մեր կուսակցություններից միակն է, որ նաեւ անունով է «համազգային»:

Բայց ժամանակի հետ նաեւ քաղաքական գործիչների, կուսակցականների ու անկուսակցականների մտածողությունն է փոխվում, եւ ժամանակի ընթացքում երեւան են գալիս ամենահասարակ ու ամենասովորական անվանումներով կազմակերպություններ ու կուսակցություններ: Ոչ միայն Հայաստանում: Ամենատիպիկ օրինակը ռուսական «Яблоко»-ն էր, թարգմանաբար՝ խնձոր: Չնայած պարզ ու հասարակ անվանում է, բայց, համաձայնվեք, իր մեջ որոշակի քաղցրահամ է պարունակում:

Մեր կուսակցությունների անվանումներն էլ են փոխվում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» իր անվան հնչողությամբ ու վերամբարձությամբ ոչ մի ընդհանրություն չունի կուսակցությունների մասին մեր նախկին պատկերացումների հետ: Հանգիստ ու սովորական անվանում է: Սովորական է, բայց արտասովոր արդյունքների հասավ: «Իմ քայլը» նույնպես անհավակնոտ ու սովորական էր, բայց արտասովոր ու մեծամեծ տարածություններ ընդգրկեց ու գրավեց: Որովհետեւ կուսակցականների ու անկուսակցականների մտածողությունն է փոխվել: Բնականաբար՝ նաեւ ճաշակը:

Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ մեծ նշանակություն ունեն խոստումները: Եթե ընտրողներիդ ոսկե սարեր չխոստանաս, քեզ ոչ ոք չի ընտրի: Բայց եթե նույնիսկ ադամանդե սարեր խոստանաս, էլի կարող է չընտրվես: Բայց որ պիտի ինչ-որ բան խոստանաս, դա հաստատ է: Եթե չխոստանաս, քեզ ոչ ոք պատգամավոր չի ընտրի: Առավել եւս՝ նախագահ: Հիմա արդեն՝ վարչապետ: Ամբողջ հարցն այն է, թե ինչ եւ ինչպես պիտի խոստանաս:

Փաստորեն, քաղաքականությունն արվեստ է: Այստեղ եւս նորարարությունը ցանկալի եւ նույնիսկ պարտադիր է: Պիտի այնպես խոստանաս, ինչպես որ քեզնից առաջ որեւէ մեկը չի խոստացել: Պիտի այնպես խոստանաս, որ մարդիկ հետաքրքրությամբ լսեն ու անմնացորդ հավատան քեզ: Նիկոլը հենց այդպես էլ արեց: Եվ համապատասխան ու սազական էլ անուն գտավ՝ «Իմ քայլը»:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
13.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30